«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստական դրսևորումների համար ֆինանսական հիմքեր են ներկայացված 2026 թվականի պետական բյուջեի նախագծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, երբ առաջարկում ենք մանրամասնել, թե ինչի մասին է առաջիկա տարվա բյուջեի նախագիծն իր դիտանկյունից։
Թվում է, որ տնտեսությունը, պետական բյուջեն վատ վիճակում են հայտնվելու հաջորդ տարի։ Այն դժվարություններ ունենալո՞ւ է քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու առումով։ «Պետական պարտքը կա ու կա։ Ի վերջո, զինանշան, դրոշ ունենք, 30 տարվա պետություն ենք։ Պարտք կվերցնեն, իրենց պարտավորությունները կկատարեն։ Հայտարարում են, որ հունվարից թոշակներն են ավելացնելու։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Խոստացել էին միջին թոշակը դարձնել առնվազն հավասար նվազագույն սպառողական զամբյուղին։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 82000 դրամ է, միջին թոշակը՝ 49000 դրամ, տարբերությունը՝ մոտավորապես 33000 դրամ այսօրվա դրությամբ։ Իսկ գնաճը շարունակվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների բավականին ինտենսիվ գնաճ է սկսվել։ Բնականաբար, սպառողական զամբյուղն էլ կավելանա։ Իրենք ընդամենը խոսում են հետվճարով, այն էլ՝ 4000 դրամով միջին թոշակը բարձրացնելու մասին։ 4000 և 33000 դրամների միջև համեմատության եզր անգամ չկա։ Հայտարարություններ են անում, տարածում են, որ թոշակը բարձրանալու է 4000 դրամով, բայց չեն տարածում իմ հարցի այն հատվածը, որ իրենք խոստացել էին հաջորդ տարի թոշակը բարձրացնել ոչ թե 7-8 տոկոսով, այլ մոտավորապես 70 տոկոսով։ Հիմա հետվճարը ամսական 6000-ից դարձնում են 10000 դրամ։ Դրանից օգտվում է մեր թոշակառուների կեսը, մյուս կեսը չի օգտվում։ Մյուս կողմից՝ այդ հետվճարը չի տարածվում, օրինակ՝ ամենակարևոր ծախսային ուղղության, այն է՝ առաջին անհրաժեշտության կոմունալ վճարների վրա։ Սա դիտարկում ենք որպես պրիմիտիվ, հերթական պոպուլիզմ, փորձում են ծածկել իրենց չկատարած խոստումները, բայց հանրությունը, հատկապես մեր նպաստառուներն ու թոշակառուներն իրենց ամենօրյա կյանքում տեսնում են իրական պատկերը»,-նշում է տնտեսագետը։
Օր օրի վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը։ Նույնիսկ աշխատող մարդու համար բարդ է հոգալ իր առօրյա ծախսերը։ Վիճակը վատթարանում է նաև օրեցօր աճող գնաճի պայմաններում։ «Գնաճը բազմագործոն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ նաև առաջին անհրաժեշտության ապրանքները և դրանց բաղադրիչները ներմուծվում են, շատ կարևոր է շուկայի ազատականացման աստիճանը։ Այս իշխանությունները խոսում էին մենաշնորհների վերացման մասին։ Ակնհայտ է, որ դա տեղի չունեցավ։ Ամենատարբեր դրսևորումներով փաստ է, որ փոքր գնաճային արտաքին ճնշումները շատ արագ և պատիկներով արտահայտվում են մեր երկրում։ Վերցրեք վառելիքի, հեղուկ գազի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքները։ Արդեն սկսվել է բարձր գնաճ կաթնամթերքի շուկայում, սա դեռ ամբողջը չէ, շղթայաբար կտարածվի նաև մյուս ապրանքատեսակների վրա։ Ներքին գործոնը միանշանակ կա, դա վերաբերում է և՛ հարկերի բարձրացմանը, և՛ տարբեր՝ դրոշմանիշերից սկսած մինչև այլ սահմանափակումներին, որոնք ներկայացնում են սպառողի շահերի տեսանկյունից։ Սա ևս պարզ պոպուլիզմ է, նույն բանը կարող են անել՝ առանց լրացուցիչ բեռ ու սահմանափակում դնելով արտադրողների և վաճառողների վրա։ Այդ սահմանափակումները լրացուցիչ ծախսերի են հանգեցնում։ Ո՞վ է վճարում դրա համար, մենք՝ հանրությունը, որպես սպառող։
Կարևոր է նաև արձանագրել, որ այս բարձր գնաճային ճնշումների լուծումը, որոնք պարբերաբար նախորդ հինգ տարին տեսել ենք, այսօր էլ արդեն նշմարվում է, որ նման մի փուլ է նորից արձանագրվելու, չի կարող տալ միայն Կենտրոնական բանկն իր ֆինանսական գործիքներով։ Կենտրոնական բանկը կարող է, ֆինանսական կոշտ քաղաքականություն իրականացնելով, փորձել ինչ որ ձևով ճնշել միջին գնաճը, բայց որքան էլ միջին գնաճը ճնշի, միևնույնն է, բանկի գործիքակազմը բավարար չէ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կանխելու համար։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ի տարեվերջին 75000 դամ էր, այս տարվա կեսին մոտեցել է 82000-ի, մոտ 7000 դրամով թանկացել է մեկ անձի նվազագույն ծախսը, այսինքն՝ վեց ամսում մոտ տասը տոկոս գնաճ ենք ունեցել, իսկ միջին գնաճը դրանից երեք անգամ պակաս է, բայց միջին գնաճը չի բնութագրում գների բարձրացման սոցիալական ազդեցությունը։ Մարդկանց հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղը։ Ունենք մի պատկեր, երբ ավելացել են սոցիալական ուղղվածության ծախսերը»,-նշում է տնտեսագետը։
Կարդացեք նաև
Ընդգծում է՝ նվազագույն աշխատավարձ ստացողներն արդեն աղքատ են։ «Տարեվերջին մեկ անձի հաշվով զամբյուղը 75000 էր, միայնակ աշխատող մարդը, ով միայն իր մասին պետք է հոգ տաներ, նվազագույն աշխատավարձով գուցե ծայրը ծայրին հասցներ, բայց հիմա չի կարող։ Ստացվում է, որ ամբողջական դրույքով աշխատող, նվազագույն աշխատավարձ ստացողը աղքատ է, մոտ 10 տոկոսով պակաս է ստանում, քան մեկ անձի նվազագույն զամբյուղն է։ Էլ չխոսենք այն մասին, որ նույն մարդն ունի նաև ընտանիք։ Եթե պայմանական չորս հոգանոց ընտանիքում ծնողներն աշխատեն նվազագույն աշխատավարձով երկու երեխա պահելու համար, այդ ընտանիքը կհամարվի աշխատող աղքատի ընտանիք։ Ասեմ, որ նրանց թիվը քիչ չէ, աշխատողների մոտ մեկ քառորդն այսօր աշխատում է նվազագույն աշխատավարձով, այդ աշխատողների մեկ քառորդ մասն առնվազն աղքատ է։ Այս իշխանությունը խոստացել էր ծայրահեղ աղքատությունը վերացնել, գյուղական բնակավայրերում այն, ընդհակառակը, աճել է, իսկ միջին ցուցանիշն էլ գրեթե չի փոխվել։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատության միջին մակարդակը, իսկ այդ մակարդակը 2018 թվականի համեմատ շատ չնչին նվազում է արձանագրել, կարելի է ասել՝ գրեթե նույնն է մնացել»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում