Իշխանությունները, հրաժարվելով համընդհանուր թոշակային բարձրացումից, սկսել են առաջ քաշել, այսպես կոչված, «հետվճարային» կամ «քեշբեքի» համակարգը, որը ներկայացվում է իբրև կենսաթոշակների բարձրացման ժամանակակից և արդիական տարբերակ։
Հետվճարային համակարգի էությունն այն է, որ թոշակառուները և նպաստառուները, իրենց անկանխիկ վճարումները կատարելով որոշակի վայրերում՝ հիմնականում սուպերմարկետներում կամ այլ ծառայություններ մատուցող կետերում, կարող են իրենց կատարած ծախսերից որոշակի տոկոս հետ ստանալ։ Սկզբում հետվճարը կազմում էր 10 %, ինչի արդյունքում առավելագույնը կարելի էր ստանալ ամսական մինչև 5000 դրամ, այնուհետև շեմը բարձրացվեց մինչև 12 %՝ 6000 դրամի առավելագույն հետվճարով։ Իսկ վերջին որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2026 թվականից այդ շեմը դարձնել 20 %: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նույնիսկ հատուկ ընդգծում են, թե իբր, օրինակ՝ 50 հազար դրամ ստացող թոշակառուները կարող են անգամ հետվճարի արդյունքում իրենց թոշակը բարձրացնել մինչև 60 հազար։
Նախ և առաջ՝ հետվճարային համակարգն իր էությամբ չի կարող փոխարինել կենսաթոշակների համընդհանուր բարձրացմանը։ Թոշակառուների մի զգալի մասը տարիքային, առողջական կամ թվային հմտությունների բացակայության պատճառով պարզապես չեն կարողանում լիարժեք օգտվել բանկային, մոբայլ կամ անկանխիկ վճարային համակարգերից։
Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ բանկոմատները կամ վճարային տերմինալները քիչ են, իսկ թվային գրագիտությունը՝ ցածր, թոշակառուներն իրենց կենսաթոշակը կանխիկացնում են և գնումներ կատարում հիմնականում շուկաներից, փոքր խանութներից կամ հարևան վաճառատներից, որտեղ անկանխիկ վճարումները չեն գործում։
Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ վերլուծության է ենթարկվում բյուջետային ծախսերի կառուցվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները, գործուղումների ծախսերը, ինչպես նաև պետական կառավարման այլ ոլորտների ֆինանսավորումը վերջին տարիներին աճել են զգալիորեն՝ առանց քեշբեքի սահմանափակումների կամ խնայողությունների, մինչդեռ թոշակառուների համար ամեն լումայի համար ստեղծվում են լրացուցիչ տեխնիկական և գործընթացային խոչընդոտներ։
Այս ամենի ֆոնին կենսաթոշակների հետվճարային համակարգը վերածվել է սոցիալական քաղաքականության մանիպուլյատիվ գործիքի, որով իշխանությունները փորձում են հանրության մոտ ստեղծել թոշակային բարեփոխումների պատրանք, սակայն իրականում խուսափում են իրենց առաջնային պարտավորություններից՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելուց։
Փոխարենը Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը: Նա ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը արդեն կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև իբր… վախենում են, որ «Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը»: Ինչ վախեցող են, է…
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։