Միջուկային անվտանգության ոլորտի հայ գիտնական, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, հայտնում է.
«ԱՄՆ Կոնգրեսում նոր օրինագիծ է առաջադրվել` Preventing Escalation and Advancing Caucasus Engagement Act (PEACE Act) անվանումով: Այն սահմանում է ավտոմատիկ պատժամիջոցներ (snap sanctions) Ալիևի և Ադրբեջանի վերնախավի դեմ՝ ոչ միայն Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում, այլ նաև օգոստոսի 8-ի համաձայնագրի չկատարման դեպքում:
Օրինագիծը
- Վերահսկում է նոր ագրեսիան. նախագահական որոշմամբ, եթե Ադրբեջանը իրականացնում է թշնամական գործողություններ Հայաստանի նկատմամբ, օրինագիծը պարտադրում է պատժամիջոցներ կիրառել պատասխանատու բարձր պաշտոնյաների, ստորաբաժանումների, աջակցողների և օտարերկրյա մեղսակիցների նկատմամբ։
- Թիրախավորում է ֆինանսական աջակցողներին․ Պահանջում է սահմանափակումներ կիրառել օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք գիտակցաբար նպաստում են նշանակալի գործարքների իրականացմանը նավթային առևտրի հետ կապված ադրբեջանական հաստատությունների համար։
- Պաշտպանում է մարդասիրական ուղիները․ Թույլ է տալիս շարունակել գործարքները գյուղատնտեսական ապրանքների, սննդի, դեղորայքի և բժշկական սարքերի համար։ Պահպանում է բացառությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ հետախուզական գործունեությանը և պայմանագրային պարտավորություններին։
- Աջակցում է դիվանագիտությանը. թույլ է տալիս լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այն դերակատարների նկատմամբ, ովքեր գիտակցաբար փորձում են հետաձգել, խոչընդոտել կամ տապալել խաղաղության համաձայնագիրը՝ համաձայն այս տարվա Համատեղ հայտարարության։
- Ապահովում է վերահսկողություն. պահանջում է, որ նախագահը պարբերաբար զեկուցի Կոնգրեսին ցանկացած թշնամական գործողության, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետության և վիճակի վերաբերյալ։ Բացի այդ, այն սահմանում է դադարեցման չափանիշներ և յոթ տարվա գործողության ժամկետ։
Ըստ օրինագծի առաջադրողների՝ այն ունի ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությունը, ինչպես նաև և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ կուսակցությունների սատարումը: Սա չափազանց կարևոր է»: