Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ. սպանված Վալոդյա Գրիգորյանից հետո ընտրված Փարաքար համայնքի ղեկավար

Հոկտեմբեր 07,2025 11:07

Փարաքար համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացավ համայնքի ղեկավարի ընտրություն, եւ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար անդամ Օնիկ Ախվերդյանը։

Համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո սա առաջին նիստն էր: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունների անդամները։ Նշենք, որ ՔՊ խմբակցությունում Դավիթ Ախտոյանն է՝ Մհեր Ախտոյանի եղբայրը:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ՔՊ-ի որոշումն է չմասնակցել ավագանու նիստին, եւ ինքը չի ցանկանում դա մեկնաբանել: Ինչ վերաբերում է իրենց խմբակցությանը, շեշտեց, որ այն ավագանիում մեծամասնություն է, եւ իրենց մանդատները լիովին բավարարում են որոշումներ կայացնելու համար:

Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Օնիկ Ախվերդյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ եթե կասկածեր, այս գործը չէր ստանձնի: Ինչ վերաբերում է ՔՊ եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունների՝ նիստին չմասնակցելուն, Ախվերդյանն այսպես արձագանքեց. «Երեւի այդպես են հարմար գտել, ես ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ, ուղղակի երեւի չեն ցանկացել մասնակցել»:

Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ ծեծկռտուք է եղել երեկ, հորդորեց իրավապահներից մանրամասներ ճշտել:

 

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց. «Որեւէ մեկն իր նպատակին չի հասնելու…Ուզում եմ՝ բոլորն իմանան, որ Վալոդիայի գործը չի ավարտվել, նրա հեղինակությունն այնպիսին է, որ Փարաքար համայնքը ծաղկելու է նաեւ նրա անվան ներքո »:

Հարցին՝ իրավապահների բացահայտումներն իրեն գոհացնո՞ւմ են, Մանե Թանդիլյանն այսպես արձագանքեց. «Սպանություն կատարողին բացահայտել, չի նշանակում՝ ոճրագործությունը բացահայտել: Մենք մինչեւ վերջ գնալու ենք, յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար»:

Տեսանյութն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031