«Հայցադիմումը ենթակա է վերադարձի»,- այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հիմնավորելով, որ նույն առարկայի վերաբերյալ, նույն փաստական հիմքերով դատախազությունն ավելի վաղ հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան, քաղաքացիական դատարան, որոնք այս պահին քննվում են։ Այս ամենի վերաբերյալ բավական ծավալուն հիմնավորումները՝ համապատասխան հայցադիմումների կցագրումներով, Ամրամ Մակինյանը ներկայացրեց դատարանին։ Ի դեպ, Ամրամ Մակինյանը նկատեց, որ եթե մի դեպքում հակակոռուպցիոն դատարանում պետության կողմից ներկայացող դատախազությունը գույքային հայց է ներկայացնում ենթադրյալ հանցանքի համար, մեկ այլ դեպքում՝ արդեն քաղաքացիական հայցով, պահանջում է անվավեր ճանաչվեն ՊՆ-ի հետ կնքված վիճելի գործարքները՝ եւ վիճելի հողատարածքները պետականացվեն։ Գործով մյուս մեղադրյալների պաշտպանները միացան Ամրամ Մակինյանի դիրքորոշմանը։
Դատախազը պատասխանեց Ամրամ Մակինյանի հռետորական հարցին՝ «Այսպիսի իրավաբանություն կարո՞ղ է լինել», ասելով՝ «Այո, կարող լինել» եւ բացատրեց, որ նախնական դատալսումների պահանջն է կատարել՝ գույքային հայց ներկայացնելով։ Բայցի այդ, հայտարարեց, որ քաղաքացիական դատարանը կարող է նաեւ մերժել հայցադիմումները եւ այդ դեպքում, ՀՀ-ն կարող է բաց թողնել պետությանը պատճառված վնասը որեւէ կերպ վերադարձնելու հնարավորությունը։ Հայտարարեց, եթե քաղաքացիական դատարանը այլ որոշում կայացնի, ինքը կհրաժարվի գույքային հայցից։ Ուստի, պաշտպանական կողմի միջնորդությունը իր կարծիքով, ենթակա է մերժման։
Ամրամ Մակինյանը տարակուսեց․ «Պարոն Հովակիմյանի ազնիվ խոսքին չեմ կարող հավատալ, նա որպես անձ չէ այստեղ հադես գալիս, որպես Հայաստանի հանրապետություն է հանդես գալիս։ Պետք է օրենքով առաջնորդվել եւ վերադարձնել հայցադիմումը»։
Դատարանը որոշեց Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի դեմ գույքային հայցն ընդունել, նրանց ճանաչել գույքային պատասխանող։ Դատարանն այսպես պարզաբանեց իր որոշումը՝ գույքային հայցի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կձեւավորի արդեն վերջնական կայացվող ակտով։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը։ Հանրային մեղադրողը նախորդ նիստում գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի դեմ գույքային հայց էր ներկայացրել։ Ընդհանուր առմամբ, դատախազությունը հօգուտ պետբյուջեի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից իբրեւ փոխհատուցում պահանջում է 3 միլիարդ 337 միլիոն 557 հազար 657 դրամ, Սերժ Սարգսյանից եւ Վալերի Գրիգորյանից՝ 76 միլիոն 852 հազար դրամ, Սերժ Սարգսյանից եւ Ալեքսան Ալեքսանյանից՝ 526 միլիոն 520 հազար դրամ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ: Դատավորը միավորեց գործերը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ