Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրադարանները քննարկումների, շփման ու ժամանցի կարևոր կենտրոններ դառնալու նշանակություն պետք է ունենան». պարգևատրվել են ոլորտի մի շարք ներկայացուցիչներ

Հոկտեմբեր 07,2025 17:42

Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի 45 ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին Գրադարանավարի օրվա առիթով և շնորհակալություն հայտնել երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:

«Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ գրադարանները շարունակում են մնալ մեր կյանքի կարևոր մասնիկը՝ ձևավորելով կրթական, մշակութային, միջազգային հաղորդակցության միջավայր: Ձեր աշխատանքի գնահատման լավագույն վկայությունը, թերևս, ընթերցողներն են, որոնք պետք է չպակասեն մեր գրադարաններից: Դուք կրում եք այն կարևոր պատասխանատվությունը, որ մի անգամ գրադարան մտնելով՝ երեխաները կրկին ցանկանան վերադառնալ»,- ասել է նախարարը:

Նա ընդգծել է՝ տեխնոլոգիական զարգացումների համատեքստում կարևոր է հասկանալ, թե գրադարանը ինչ վերափոխումների կարիք ունի, որպեսզի շարունակի մնալ արդիական, լինի ակտիվ երկխոսության մասնակից ու ստեղծված լայն հնարավորությունների կրող:  Նախարարը նշել է գրադարանավարի շարունակական վերապատրաստման ծրագրերի անհրաժեշտությունը նաև միջազգային փորձի տեղայնացման առումով:

«Նախորդ տարի իրականացված ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի փոփոխությամբ՝ օրենսդրական հնարավորություններ են նախատեսված գրադարանների վերափոխման ուղղությամբ: Այս համատեքստում, կարծում եմ, գրադարանները քննարկումների, շփման ու ժամանցի կարևոր կենտրոններ դառնալու կարևոր նշանակություն պետք է ունենան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վերահաստատելով նախարարության հանձնառությունը գրադարանների  զարգացման և գրադանավարների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում:

Նշենք, որ ՀՀ-ում գործող 641 գրադարանից 12-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության են: Հաշվի առնելով ընթերցողների պահանջները, ինչպես նաև գրական և գիտական դաշտում թարմացվող հրատարակությունները՝ նախարարության աջակցությամբ գրադարանների գրքային ֆոնդը մշտապես համալրվում է: Գրադարանները տարեկան սպասարկում են ավելի քան 110 հազար ընթերցողի, իսկ հաճախումների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031