-Իսկ դուք կարծո՞ւմ եք՝ այս թիմը հանձնել է Արցախը, դա ընդամենը մերձքոչարյանական, մերձսերժական այն ուժերի ներկայացուցիչներն են, ում վրա երկու մանեթ շպրտել են ու ովքեր ծախվել են երկու կոպեկի համար ու ընդամենը այդ հայտարարություններն են տարածում: Իրենք իրենց ամենօրյա գործունեությամբ վաճառում են իրենց հայրենիքն ու իրենց տունն այսօր,- լրագրողների հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետի Ժ/Պ Արգիշտի Մեխակյանն այսպես մեկնաբանեց իր հասցեին հնչող քննադատությունները, թե ինքը ուրացել է հոր՝ Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի պատգամը, եւ անդամակցում է մի թիմի, որը հանձնել է Արցախն ու այն ճանաչել այլ պետության տարածքային ամբողջականություն:
Մեխակյանը ստոր քաղաքական շահարկումներ համարեց իր հոր պատգամը ուրանալու մասին քննադատությունները եւ ասաց, որ այդ քննադատությունը տարածողները կարող են ուղիղ կապի դուրս գալ իր հետ ու իրենից ստանալ պատասխանը. «Անբարոյական շահարկումներ են, բարոյականությունից զուրկ մարդկանց կողմից: Բոլոր այն մարդիկ, որոնք կխոսեն այդ մասին, ուշադրություն դարձրեք՝ ովքեր են այդ մարդիկ, ինչպիսի հետագիծ ունեն: Դրանք մեր հասարակության ցեցերն են, որոնք այս ընտրություններից հետո կպապանձվեն: Հորս անունը շահարկելը քաղաքական մանիպուլյացիաներ են»:
Լրագրողի հիշեցմանը, թե Մեխակյանի հայրը անգնահատելի մեծ վաստակ է ունեցել Արցախի ազատագրական պայքարում ու նույնիսկ Մեխակավանն են նրա անունով անվանակոչել, ինչպես եք կարողանում հաշտ լինել այն իրողության հետ, որ այս իշխանությունը Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, պարոն Մեխակյանն այսպես արձագանքեց.
«Հայաստանի բոլոր ղեկավարները ճանաչել են ՀՀ-ն այս սահմաններով, Արցախը չեն ճանաչել Հայաստանի սահմաններից ներս: Իմ հայրը, որ ժամանակին ազատագրել է, պապիկիս ասել է ՝ այդ ազատագրված տարածքներից 5-ը սակարկման ենթակա տարածքներ են բուն Լեռնային Ղարաբաղի տարածքը պահելու համար: Իսկ այն իշխանությունները, որոնք եկան իմ հոր ու իմ հոր մարտական ընկերների արյունով շահած հայրենիքը իշխելու, նրանք եկան, կեղեքեցին առաջին հերթին Արցախը, հարստահարեցին Արցախն ու արցախցուն: Այսօր փոխանակ ամաչեն ու հանրության առջեւ գլուխները կախեն, մեծ-մեծ խոսում են: Ինչի համար, որովհետեւ այդ հարստահարված գումարները հերթով ապօրինի գույքի բռնագանձման օրենքով հետ է գալիս: Նրանք հասկանում են ՝ որտեղից կիսածակ շորերով եկել են, պետք է հետ գնան»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն էլ չկարողացավ ձեր հոր արյունով շահած տարածքները պահել, պարոն Մեխակյանն այսպես արձագանքեց. «Տեղի է ունեցել պատերազմ, բոլորիս աչքի առաջ ունեցել ենք ցավալի պարտություն: Ամբողջ իրողությունը դա էր, եթե դիվանագիտությունը սպառվել էր, հետեւաբար մարդիկ… այդ հարցերը պարոն Փաշինյանին տալու հնարավորություն ունեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ