Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպառ բացակայում են նաեւ «կոչ» բառի բովանդակության անհրաժեշտ կողմերը՝ «ժողովրդական զանգվածները». փորձագետ

Հոկտեմբեր 08,2025 12:30

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ քրեական վարույթում ապացույց է նաեւ փորձագետի կարծիքը: Նույն օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետի կարծիքը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որեւէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ վարույթի մասնավոր մասնակցի կողմից իրեն առաջադրված, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գրավոր հիմնավորված հետեւություններն են, որոնց փորձագետը հանգել է՝ առանց վարույթի համապատասխան նյութերը, դիակը կամ վարույթին ներգրավված համապատասխան անձին հետազոտելու:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել (ավազանի անունը՝ Գեւորգ) արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմը դիմել էր ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանին` լեզվաբանության եւ/կամ բանասիրության բնագավառում Ձեր հատուկ գիտելիքների օգտագործմամբ տալ գրավոր կարծիք (փորձագետի կարծիք)` հետեւյալ հարցերի կապակցությամբ՝

  1. ինչպե՞ս է ստուգաբանվում (բացատրվում) «կոչ» բառը.
  2. վերոհիշյալ 2024 թ. փետրվարի 3-ի հրապարակման մեջ Միքայել (Գեւորգ) արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը կարո՞ղ է պարունակել իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ, թե՝ ոչ.
  3. վերոհիշյալ 2025 թ. հունիսի 21-ի հրապարակման մեջ Միքայել (Գեւորգ) արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը կարո՞ղ է պարունակել իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ, թե՝ ոչ:

Ապացույցների հիմքում դրվել էր «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված եւ 2024 թ. փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված, եւ «NEWS.AM» լրատվական ալիքին տրված եւ 2025 թ. հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցները:

Նարինե Դիլբարյանի մասնագիտական գրավոր կարծիքը ներկայացվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Հանրության համար այդուհանդերձ հետաքրքիր է մասնագիտական խոսքը, ի վերջո, ինչ է կոչը, արդյոք, Սրբազանի խոսքում կար այն հանցակազմը, որը տեղ է գտել մեղադրանքում:

Ներկայացնենք, մի հատված.

«2024 թվականի փետրվարի 3-ի հրապարակման տեքստն ընդարձակ, հարցական նախադասություններով առլեցուն խոսք է. հարցերի պատասխանները հեղինակը՝ Միքայել (Գեւորգ) արքեպիսկոպոս Աջապահյանը, շատ անգամ տալիս է թեական երանգով, երբեմն՝ ժխտողական, հարցերը որոշ դեպքերում ունեն հստակ հասցեատերեր՝ Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան, որոնց հանդեպ խոսողի վերաբերմունքն ակնհայտ բացասական է, անգամ հեգնական, հարցերը երբեմն հռետորական երանգ ունեն՝ «…հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ…», «Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա…», «…վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում…», «…ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան…», «…էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա…», «…Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս …», «Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է, չէ…», «Ո՞ւր եք գնացել ընտրության, ո՞ւր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի», «Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի…»։

Այսպիսով, փորձաքննության տրված խոսքի կառուցվածքից ելնելով՝ արձանագրում ենք, որ առկա է հեռակա հարցուպատասխան։ Հարցուպատասխանին զուգընթաց՝ խոսքի հեղինակն անցած տարիների իրադարձություններին հղումներ է կատարում, դրանք վերապատմում՝ վերլուծությամբ, իսկ խոսքն ավարտում է իր հարցերի հասցեատերերին ուղղված հանդիմանանքով։

Խոսքի ամբողջ ընթացքում հեղինակը կիրառում է մեծաթիվ սահմանական («լսում է», «կա», «չկա», «ասում եմ», «գնացել եք», «մտել եք», «խոսում էր», «նշանակում ա», «չես տարել»), ըղձական («լիներ», «ասի», «չուներ», «չունես», «գան», «կանգնեն», «իրականացնեն»), մեկ ենթադրական («չի փոխվի») եւ մեկ հարկադրական («պտի իմանա») եղանակներով դրված ժամանակաձեւեր։ Վերջիններս կայուն շարահյուսական կառույցի բաղադրիչներ են՝ «ո՞վ պտի իմանա, որ … չի փոխվի…»։ Կիրառված բայական ժամանակաձեւերը բնավ հատուկ չեն կոչին, որը կառուցվում է հրամայական եղանակի բայաձեւերով, հրամայականի ձեւեր նշյալ խոսքում ընդհանրապես չկան։

Հեղինակի օգտագործած շարահյուսական կաղապարները վկայում են, որ նա գնահատողական արժեք ունեցող դատողություններ է կատարում, վերլուծում կատարված դեպքերը, բացասական գնահատում դրանց, իր համոզմամբ, գլխավոր դերակատարներին եւ իր անվստահությունը հայտնում նրանց հանդեպ։ Որեւէ կոչ ուղղված իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն այս խոսքում չկա, իսպառ բացակայում են նաեւ «կոչ» բառի բովանդակության անհրաժեշտ կողմերը՝ «ժողովրդական զանգվածները»։ Հիշեցնենք, որ կոչ նշանակում է. «ժողովրդական զանգվածներին ուղղված գրավոր կամ բանավոր դիմում»։ Իսկ իր խոսքի երկու հասցեատերեըը՝ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, հեղինակի գնահատմամբ խորապես անվստահելի են, ուստի եւ բացառված է նրանց ուղղված հեղինակի որեւէ կոչ։

…2025 թվականի հունիսի 21-ի հրապարակման մեջ առկա խոսքը սկսվում է «զավթման» կոչի բացառման պատմողական նախադասությամբ։ Հեղինակը՝ Միքայել (Գեւորգ) արքեպիսկոպոս Աջապահյանը, պնդում է, որ ինքը զավթման կոչ չի արել ուժային կառույցներին, մեր գնահատմամբ, գնահատողական դատողություն է արել սահմանական եղանակի վաղակատար ներկայով՝ «ասել եմ», որը մնացել է անարձագանք. «… ասել եմ, որ փրկեք էս երկիրը, … է, չեն փրկում….»։

Տեքստում առկա է սահմանական եղանակի վաղակատար ներկայով հետեւյալ ձեւակերպումը՝ «կոչ եմ արել», որից կարող է թվալ, թե հեղինակն անցյալում է ինչ-որ անկատար մնացած կոչ արել։ Սակայն մեզ փորձաքննության ներկայացված խոսքի շղթայից բնավ պարզ չի դառնում, թե ե՛րբ եւ որտե՛ղ է նա կոչ արել։ Եթե դա վերաբերում է փորձաքննության տրված առաջին հատվածին, ապա վերեւում արդեն հստակ արձանագրել ենք, որ վերոքննյալ խոսքային շղթայում կոչն իսպառ բացակայում է։ Իսկ փորձաքննության ընձեռված երկրորդ հատվածից ակնհայտ է, որ հեղինակը խորապես հուսահատ է, եւ նա «եթե… (ապա) թող» շրահյուսական կառույցով պարզ արձանագրում է առկա իրավիճակը եւ ցույց տալիս, որ ինքն արդեն հաշտվել է իրերի ներկա դասավորության հետ եւ հրաժարվում է ընդհանրապես որեւէ գործողություն կատարելուց, ուստի նաեւ կոչեր անելուց. «… եթե ուժայինները պարզապես տուն են պահում, հա, եւ ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակեն տուն պահել…»։

Միանշանակ կարող ենք պնդել, որ Միքայել (Գեւորգ) արքեպիսկոպոս Աջապահյանը նշյալ խոսքում չի արել ներկա պահին որեւէ կոչ ընդհանրապես, իսկ անցյալի՝ իր հիշատակած «կոչը» բնավ չի վերաբերել իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն, այլ նա հուզական երանգով արտահայտել է իր քաղաքացիական գնահատականը, ցանկությունը, որը դատողություն է կամ ինչպես ճշգրիտ ձեւակերպել է հենց ինքը՝ խոսողը. «դա կոչ չի»:

Հիշեցնենք, Սրբազանը դատապարտվեց երկու տարի ժամկետով ազատազրկման, հոկտեմբերի 3-ի դատավճիռը (դատավոր՝ Արմինե Մելիքսեթյան) կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարանում:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031