Լրահոս
Օրվա լրահոսը

Նման մեկ դատավարություն է եղել Հայաստանում, սակայն անձը չի ազատազրկվել, այլ պարզապես նշանակվել է տուգանք. Զառա Հովհաննիսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2025 11:09

«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է:

– Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից երկու տարվա ազատազրկման դատապարտվեց՝ միայն այն բանի համար, որ 2023 թվականին իր հարցազրույցներից մեկի ժամանակ հանդգնել էր խոսել զինված իշխանափոխության մասին: Եթե նրա խոսքում իսկապես կա հանցակազմ, ինչո՞ւ հարցազրույցից երկու տարի անց միայն որոշեցին վարույթ նախաձեռնել, ապա՝ ազատազրկել:

– Երկու տարի առաջ Իրազեկ քաղաքացիների միավորումը Աջապահյանի արտահայտությունների վերաբերյալ դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել, սակայն, դրան ի պատասխան, դատախազությունը նշել էր, որ Աջապահյանի խոսքում հանցակազմ չկա, եւ չի կարող քրեական հետեւանք թողնել այն: Երկու տարի անց փաստացի գործ հարուցելու միտումը կարող է դիտարկվել որպես քաղաքական նպատակահարմարություն, ինչն անթույլատրելի է: Քրեական դատավարության տրամաբանությունն ինքնին խոսում է այն մասին, որ հանցակազմը չի կարող լինել ըստ պատեհության, այն կա՛մ կա, կա՛մ չկա: Նույնիսկ 10 անգամ կրկնվելուց հետո գործողությունը չի կարող որակվել այլ կերպ: Մենք տեսնում ենք կոնկրետ ոչ միատեսակ վերաբերմունք՝ կապված ժամանակահատվածի եւ քաղաքական նպատակահարմարության եւ այլ նպատակների հետ: Մյուս խնդիրը, որ կարող ենք առաջ քաշել, այն է, որ տվյալ հանցանքի հետ կապված քննությունն իրականացվել է բավականին արագ, որոշումը, որը կայացվել է` ներառյալ երկու տարվա ազատազրկումը, որեւէ կերպ չի կարող համարվել իրավաչափ, հաշվի առնելով նաեւ նախադեպային իրավունքը։ Նման դատավճիռ երբեւէ չի կայացվել՝ առնվազն վերջին տարիների ընթացքում: Նման մեկ դատավարություն է եղել, սակայն դրա շրջանակներում անձը չի ազատազրկվել, այլ պարզապես նշանակվել է տուգանք: Մյուս խնդիրը, որն առաջացնում է դատավճիռը, որակման մասին է: Եթե դիտարկում ենք այն միջազգային փաստաթղթերով սահմանված սահմանումներից ելնելով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշումն այս հարցում բավականին հստակ է: Կա բանաձեւում, որը վերաբերում է «քաղաքական բանտարկյալ» սահմանմանը, հստակորեն նշված է, որ եթե անձը քաղաքական դրդապատճառներով զրկված է ազատությունից, կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, եթե ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից որեւէ մեկի խախտմամբ, մասնավորապես՝ խիղճ, կրոն, ազատություն: Մյուս մոտեցումն այն է, որ եթե անձը ենթարկվել է ազատազրկման անհամաչափորեն այն արարքի հետ, որը կատարել է, եթե ենթարկվել է խտրական վերաբերմունքի, այսինքն` եթե այլոց հանդեպ ավելի մեղմ են, քան տվյալ անձի հանդեպ, սա նույնպես անձին քաղաքական բանտարկյալ համարելու տրամաբանության մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031