Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե չեմ սխալվում Կարպիս Փաշոյանը մի անգամ բավականին ճիշտ ձեւակերպեց իշխանական պրոպագանդան կիսաճշմարտությունների հիման վրա կառուցելու փաստը։ Կիսաճշմարտությանը պետք է ավելացնել նաեւ կեսքայլերն ու քննադատությունը ձեւական ընդունելու տրյուկը։
Երկու ամիս առաջ Սարյան-Ամիրյան խաչմերուկի մասին գրելուց հետո ավելացավ մի հատ տախտակի կտոր (սլաքով) բայց մարդիկ ու երեխաներն այսօր եւս շարունակում են հատել փողոցը երթեւեկելի հատվածով՝ շրջանցելով փնթի աղբամանն ու կայանած մեքենան։ Ու սա այն դպրոցի կողքին է, որտեղ գործող դպրոցի տնօրենը վերջերս իշխանական քարոզ անելու համար հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում՝ մոռանալով իր առաջնային պարտականությունը։
Կարդացեք նաև
Դրանից քիչ ներքեւ սրբատաշ տուֆի «եվրոռեմոնտի» մասին մոտ մեկ ամիս առաջ գրառումից հետո պարզվեց երկար անունով նախարարություն ԿԳՄՍՆ-ն տվել է ինչ-որ համաձայնություն առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվությունն ունենալու։ Ու աղմուկից հետո ջնջվեց կապույտ ֆոնը՝ բայց մնաց ներկը, այսինքն՝ ո՛չ լուծվեց անօրինականությունը, ո՛չ տուֆի նկատմամբ բռի վերաբերմունքը։ Նկար-գրաֆիտիի գեղագիտական արժեքի ու դրա հեղինակի վերջերս առցանց տիրույթում լակոտակրատիային հատուկ պահվածքի մասին չարժե խոսել, սակայն ինձ հետաքրքրում է՝ որեւէ մեկը վարչական պատասխանատվություն կրե՞ց այդ ինքնակամ գործունեության համար։ Հիշեցնեմ, որ դեպքեր կան, որ մարդկանց 1 մլն դրամի չափով տուգանում են պատուհան փոխելու համար (որն այլ պայմաններում նույնիսկ կարելի էր ողջունել), բայց կարծում եմ կա՛մ նկարի հեղինակը, կա՛մ ԿԳՄՍՆ համապատասխան համաձայնություն տվողը պետք է որոշակի պատասխանատվություն կրեն ԵՎ վերացնեն այն։
Իհարկե մարդակենտրոնության մասին երկուշաբթի օրերը խրոխտ խոսելն ու չորեքշաբթի օրը «բիրիքով, բայց թանկով» շինթույլտվություններ տալը, չի կարող փոխել մեր կյանքը «ասեք-կանենք»-ական տրամաբանության կոնտեքստում, քանի որ դրանում կա մեկ խնդիր. նախ եւ առաջ դիմանալ մինչեւ հաջորդ ընտրությունները ու ձիու վրա մնալու համար քաղաքական-տնտեսական կապիտալ կուտակել։