«2022 թվականի հոկտեմբերի 6-ին էր, որ ներկա իշխանության ղեկավարը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ու դրանից հետո սկսվեց Արցախի կործանման ծրագրի վերջնական իրականացումը»,- «Հայելի» ակումբում այսօր ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը:
«Այդ ժամանակ մենք Արցախում գտնվելով՝ փորձեցինք տարբեր ճանապարհային քարտեզներ մշակելով, մի կերպ փրկել, պահպանել Արցախի հայկական լինելը: Բայց հաշվի առնելով, որ ներկա իշխանությունը եւ Ադրբեջանի իշխանությունը համատեղ էին իրականացնում ծրագիրը, ցավոք, չկարողացանք երկու թշնամու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Բավարար չէր մեր ուժը, մեր ժամանակը: Դրան հաջորդեցին մի քանի միջադեպեր, բախումներ: Ու Արցախի ժողովուրդը հայտնվեց շրջափակման մեջ: Ինն ամսից ավելի ժողովրդին հասցնելով սովի՝ այդ ծանր վիճակին՝ Ադրբեջանը անցավ հարձակման ու այդ հարձակման արդյունքում էլ Արցախի ժողովուրդը հայտնվեց ցեղասպանության սպառնալիքի առաջ: Եվ ուժի կիրառման պայմաններում ահագին զոհեր տալով՝ մի կերպ դուրս եկանք Արցախից:
Ի՞նչ ասեմ: Ինչ կատարվել է, հայ ազգի աչքի առաջ է կատարվել: Բոլորը հետեւում էին, թե արցախահայության ճակատագիրը այդ ժամանակում ոնց էր որոշվում: Բայց ձեզ ասեմ. մենք իրոք հնարավորություն ունեինք Արցախը պահելու հայկական: Մենք ունեինք այդ ծանր իրավիճակում իրադարձությունները ձգձգելու, մի որոշ ժամանակ երկարաձգելու բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ հետագայում կգան բարենպաստ ժամանակներ, երկրի իշխանության գլուխ կգան նորմալ, հայրենասեր, հայանպաստ ղեկավարներ, ու այդ ժամանակ Արցախի հայկական լինելը կկարողանայինք ամրագրել: Ցավոք, դա էլ իրականություն չդարձավ:
Սրանց նպատակը միայն Արցախը հանձնելը չի: Սրանք Արցախից հետո անցնելու են կարեւորություն ունեցող մնացած հարցերին, որոնցից այսօր շատ լուրջ է Սյունիքը, դրանից հետո՝ Մայր Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա շարունակական է ու լինելու է շարունակական, քանի որ ներկա իշխանության ղեկավարները նույն մարդիկ են:
Կարդացեք նաև
Վաղը, հոկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին բողոքի ակցիա ենք կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Ամենաառաջնայինը օրակարգում մեր իրավունքներին տեր կանգնելու հարցն է: Ոչ մեկը մեզ չի հորդորել, ուղղություն ցույց չի տվել: Մենք ինքներս որպես արժանապատիվ հայ, դուրս ենք գալու կառավարության շենքի դիմաց: Այդ օրն էլ կառավարության նիստն է լինելու: Որպեսզի բոլոր ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր մեր տեղը խոսում են մեր վաղվա, ապագայի մասին, չթողնենք, որ այդ մարդիկ խոսեն տարբեր միջազգային հարթակներում, ինչին վերջին ժամանակներս բոլորս ականատես ենք լինում:
Որտեղ կանգնում, միանգամից ասում է՝ Արցախի հարցը փակված է: Արցախի ժողովրդի տեղը խոսում է: Դու Արցախ չես կարողացել պահել, դու Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարել ես հենց Արցախում, դու Արցախ ես վաճառել, դու արցախցիներին դավաճանել ես: Դու ի՞նչ իրավունք ունես ինչ-որ մի տեղ արցախցիների, նրանց ապագայի մասին խոսելու: Մենք վաղը կհավաքվենք ու ժողովրդի ձայնը լսեցնել կտանք ձեզ: Կասենք, որ այդ իրավունքը միայն մենք ունենք: Դու որպես ղեկավար չես արդարացրել այդ իրավունքը: Մենք քեզ հրավիրելու ենք բանավեճի, որ առավոտից իրիկուն բանավեճի մասին ես խոսում: Ժողովուրդը վաղը գալու է կառավարության մոտ, ու հրավիրելու ենք բանավեճի: Դուրս եկեք՝ մեզ հետ բանավիճեք: Եվ մենք կապացուցենք, որ այսօր դուք իրավունք չունենք ժողովրդին ներկայացնելու, առավել եւս արցախահայության մասով»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ