«Սրբազանին դատողը Քրիստոսին խաչող է» խորագրով այսօր խորհրդարանի մոտ մեկ ժամանոց նստացույց տեղի ունեցավ։ Կազմակերպիչները մի խումբ կանայք էին։ Նպատակը՝ հայ ժողովրդին ի ցույց դնել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանդեպ քաղաքական հետապնդումներն ու ապօրինի դատավճիռը հավասարազոր է սրբապղծության․ «Նիկոլի ռեժիմը արագորեն տանում է հայ ազգը դեպի կործանում՝ իր արհեստական խաղաղության համար վճարելով մեր սուրբ գանձերով»։
Հիշեցնենք, Միքայել Սրբազանն օրերս ազատազրկվեց երկու տարով՝ ռազմական հեղափոխության վերաբերյալ խոսքի համար։
Նստացույցի կազմակերպիչներից «Նոր Հայաստան» հասարակական նախաձեռնության հեղինակ Էլեոնորա Մանանդյանի գնահատմամբ՝ Միքայել Սրբազանի դատապարտումը եւ Բագրատ Սրբազանի կալանավորումն ու նրան առաջադրված մեղադրանքը ոչ միայն ՀՀ օրենքների խախտմամբ են իրականացվել, այլեւ խախտել են նաեւ «հայ ազգի վեհագույն օրենքը, որը հոգեւոր դաշտն է»։
Նստացույցի մասնակիցները սակավաթիվ էին․ այդ առիթով լրագրողի հարցին ի պատասխան բանախոսը պարզաբանեց, որ իրենք ոչ մեկին մասնակցության կոչ չեն արել, ուղղակի մի քանի հոգով իրենց բողոքն են հայտնում։ Կարծում է, որ շատ մարդիկ պետք է իրենց նման մտածեն եւ առանձին փոքրիկ խմբերով դուրս գան փողոց՝ իշխանության հետ իրենց անհամաձայնությունը հայտնելու։
Կարդացեք նաև
«Մենք չենք ուզում լինել քաղաքական ուժ, քաղաքական գործիչներ։ Մեր ակցիաները ուղղված են նրան, որ ցույց տանք, որ հասարակությունը պասիվ չէ, հասարակական լայն զանգվածներն անհամաձայն են իշխանության քաղաքականության հետ։ Սա Նիկոլի համար թող դաս լինի, որ միայն քաղաքական ուժերը չեն իրեն դեմ, ինչպես ինքն է փորձում ներկայացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էլեոնորա Մանանդյանը։
Ցույցի մասնակիցները կոչ ունեին նաեւ ընդդիմադիր քաղաքական շրջանակներին․ այն է՝ միավորվել եւ լուրջ քայլերի անցնել․ «Մենք պնդել ենք, պնդում ենք եւ առաջիկայում շատ ավելի ակտիվ կպնդենք, որ ընտրությունները հանցագործի համար չեն, հանցագործը չի կարող մասնակցել ընտրությունների, հանցագործը պետք է նստի բանտում։ Նիկոլի խաղաղության գինը՝ Արարատի վրա խաչ քաշելն է, եկեղեցու վրա խաչ քաշելն է։ Նիկոլի կողմից հայտարարված չորրորդ հանրապետությունը ոչ այլ ինչ է, քանի Հայաստանն Ադրբեջանի կազմում՝ առանց Արցախ, առանց սրբազանների, առանց եկեղեցու»։
Էլեոնորա Մանանդյանը հայտարարեց, որ ձեռնամուխ են լինելու նպաստելու, որ ձեւավորվի ազգային ճակատ․ «Պետք չէ, որ մեզ միանան, թող իրենք իրար միանան։ Մեզ ոչ իրենց աթոռներն են պետք, ոչ էլ կոստյումները»։
Ընդդիմադիր շրջանակների հետ հանդիպումները արդեն սկսել են, բայց դեռ լուրջ արդյունքներ չունեն, որ հրապարակայնացնեն։ Վստահ է՝ դրական արդյունքներ ունենալու են։ Իր գնահատմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձին-առանձին կարող են ձայներ հավաքել ընտրական գործընթացներում, բայց դա ճիշտ չի համարում, կարծում է, որ ընդդիմադիր բոլոր միավորները պետք է միավորվեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չհամարձակվի անգամ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել։ Ընդդիմադիրներին էլ ասում է՝ մի նեղացեք, իբրեւ քաղաքական միավորներ, ձեզ սպառել եք, բայց ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր կարող ուժեր են եւ ունակ են Հայաստանում իրավիճակ փոխել։
«Նիկոլի դատն անխուսափելի է, ինքը շատ շուտով դատվելու է»,- վստահ է բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ