Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Ստեփանյան. «Էջմիածնի քաղաքապետի ժ/պ-ն որոշել է այս տարի չօգտագործել քաղաքի դրոշը, որի վրա կա բերդ, խաչեր եւ «Է» տառը»

Հոկտեմբեր 08,2025 16:28

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում էջմիածինցիներին շնորհավորեց իրենց քաղաքի օրվա առթիվ:

Ռուզան Ստեփանյան

«Ինձ պատմեցին, որ էջմիածինցիներն ասում են՝ չեն հիշում, որ այսքան անշուք, տխուր տոնվեր քաղաքի տոնը: Էջմիածնի քաղաքապետի ժ/պ-ն որոշել է այս տարի չօգտագործել քաղաքի դրոշը, որի վրա կա բերդ, խաչեր եւ «Է» տառը, որը խորհրդանշում է Էջմիածին եւ Էություն բառերը: Նա որոշել է հանել բերդը, խաչերը, քրիստոնեական հավատքի հետ առնչություն ունեցող բոլոր սիմվոլները եւ ամբողջ քաղաքում կախել է դրոշի գույներով՝ դեղին եւ մանիշակագույն լաթեր: Ինձ ասում էին. քանի որ իր քաղաքական շեֆը որոշել է նվաճել Մայր Աթոռը, իսկ դրոշի վրա կան խաչեր, ժ/պ Արգիշտի Մեխակյանը վախեցել է քաղաքը զարդարել արդեն երկու տասնամյակ Էջմիածնի փողոցները զարդարող դրոշներով: Էջմիածնում այսօր ոչ թե տոն է, այլ բառի բուն իմաստով բավականին լարված իրավիճակ:

Լուսանկարը՝ «168 ժամի»

Նիկոլ Փաշինյանի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, որին ուզում եմ անդրադառնալ: Կհիշեք, նա պատերազմից առաջ ՔՊ-ի պատգամավոր էր: Եվ երբ Արցախի կապիտուլյացիան ստորագրվեց նոյեմբերին, շատերը ընդվզում, բողոքում էին, բարձրաձայնում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հանձնումը չի մարսելու: Եվ շատերն էլ լքեցին ՔՊ-ն՝ մտածելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման օրերը հաշված են: Կարծում եմ՝ դրանով էր պայմանավորված նաեւ Արգիշտի Մեխակյանի հայտարարությունը, որ գրել էր, թե վայր է դնում մանդատը, որովհետեւ Արցախի կորուստը իր համար նաեւ անձնական ողբերգություն է համարում: Ողբերգություն էր այնքանով, որ Արգիշտի Մեխակյանի հայրը՝ հերոս Մեխակ Մեխակյանը, կռվել եւ Արցախի համար իր կյանքն էր զոհաբերել: Նրա անունով անվանակոչվել էր Մեխակավան քաղաքը, Մեխակասարը:

Շատ-շատերը գիտեն Մեխակ Մեխակյանի հերոսությունների մասին, այսօր էլ են պատմում: Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Բայց մի դասական կար, որ ասում էր. պտուղը կարող է ծառից ընկնել եւ գլորվել, ձորն ընկնել: Արգիշտի Մեխակյանը այս դեպքն է: Նա մտածեց, որ դուրս կգա ՔՊ-ից եւ նոր իշխանություն մաքուր կգնա՝ կմտածի, թե տեսեք, ես ճիշտ ժամանակին լքել եմ այդ շարքերը: Բայց Նիկոլ Փաշինյանը նրան վերցրեց իր թեւի տակ՝ պաշտոնից պաշտոն տանելով՝ մարզպետ, փոխմարզպետ, Խոյ խոշորացված համայնքի ղեկավար: Ինչո՞ւ: Որովհետեւ որոշեց վերջնականապես պղծել հերոսին ու հենց Արգիշտիին: Երբ նա գնում էր Խոյ խոշորացված համայնքի ղեկավար, առաջին քայլը իր հոր գերեզմանի մոտ խնկարկելն էր եւ հոր պատգամը ինքն իրեն բարձրաձայնելը, որ որդին պետք է զոհվի Վանում, թոռը՝ Մեծ Հայքում:

Ինքն ասում էր՝ իմ հայրենիքը, Արցախը: Բայց տեսանք, որ այդ ամեն ինչը ստորադասվեց փողին, պաշտոնին: Եթե Նիկոլ Փաշինյանը չուներ հերոս հայր, բայց շատ լավ մարսեց Արցախի հանձնումը, կրտսեր Մեխակյանը մտածում է, թե ինքն էլ կարող է կեղտոտվել ու մարսել: Նա թույլ է տալիս, որ Արցախը հանձնած իշխանությունը մինչեւ վերջ պղծի իր հոր հիշատակը եւ իրեն: Երեկ լսեցի Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը ՔՊ գրասենյակի մոտ: Մոռացել էր, որ Արցախն իր համար անձնական ողբերգություն է եղել եւ ասում էր, թե թողեցին մենակ ու փախան: Հիմա հարց նրան. 2016 թվականին, երբ թշնամին Մեխակավանում բարձունք վերցրեց, ո՞ւր էիր դու, ինչո՞ւ չգնացիր ու չկանգնեցիր տղաների կողքին: Չէ՞ որ Մեխակավանի տարածքն էր: Հիմա որոշում ես, որ այլեւս քո համար ողբերգություն չէ՞: Եթե մարդը տեսնում է իշխանության ու փողի համը, նրան դժվար է բերել բարոյական դաշտ, ասել՝ այստեղ արժեքները մի փոքր բարոյական են: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ մարսել Արցախի հանձնումը, Մեխակ Մեխակյանի որդին Փաշինյանի հետ ընդամենը իր հոր հիշատակն է պղծում: Եվ երեկ քո հարցազրույցը լսելով՝ ես քո փոխարեն գետինը մտա»,- ասաց Ռուզան Ստեփանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031