Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը

Հոկտեմբեր 08,2025 16:52

Լրագրող Լիա Սարգսյանի՝ «Իրավապահները վերծանել են Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները»

վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման եւ լրատվամիջոցներում դրա արտատպումների վերաբերյալ Դավիթ Ախտոյանից ստացված բողոքի կապակցությամբ

Ա․ ՓԱՍՏԵՐ

1. 2025թ․ հոկտեմբերի 8-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել քաղաքացի Դավիթ Ախտոյանը՝
բողոքելով «Իրավապահները վերծանել են Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները» վերտառությամբ նյութի դեմ։ Ըստ դիմումատուի` նյութում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, վիրավորում են իր եւ իր ընտանիքի արժանապատվությունը։

2. Դիմումատուի վիճարկած նյութը, ըստ էության, լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումն է, որով նա, հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին, Փարաքար
համայնքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակին առնչվող տեղեկություններ է հրապարակել, որոնցում մասնավորապես առկա են որոշ մարդկանց անձնական կյանքին վերաբերող վարկաբեկող տեղեկություններ։ Նյութը արտատպվել է մի շարք լրատվամիջոցների կայքերում (մասնավորապես՝ mamul.am, aravot.am, aysor.am, pastinfo.am, asekose.am)։

3. Ստանալով դիմումը՝ Դիտորդ մարմնի համակարգողը կապվել է Լիա Սարգսյանի հետ եւ տեղեկացել, որ վերջինս խնդրո առարկա ֆեյսբուքյան գրառումն արել է որպես լրագրող եւ թողարկման նախապատրաստական փուլում
գտնվող «Իշխանություն» լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկայի կանոնագիր
… խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են՝
1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։
1.3. Պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցցանցային կամ նոր մեդիա հարթակների տեղեկությունները տարածելիս, անպայման նշել դրանց ստուգված, վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելը:
1.5. Վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի եւ հավաստի տեղեկությունների վրա։
4.1. Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի
անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի,
սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ:
Միայն հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական
գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող
տեղեկությունների հրապարակումը։
6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։

Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, հաշվի առնելով, որ
– Լիա Սարգսյանն իր ֆեյսբուքյան գրառումը կատարել է որպես լրագրող եւ ներկայանում է որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ,
– մի շարք լրատվական կայքեր վերահրապարակել են գրառումը՝ առանց փոփոխության կամ սեփական վերլուծություներով եւ մեկնաբանություններով,

քննության է առել Դավիթ Ախտոյանի բողոքը եւ,
ուսումնասիրելով խնդրո առարկա նյութը, արձանագրում է․

1․ «Իրավապահները վերծանել են Ախտոյանի եղբոր կնոջ հեռախոսի հաղորդագրությունները» վերտառությամբ հրապարակումը հակասության մեջ է մտնում Հայաստանի
լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների Կանոնագրի մի շարք կետերի հետ։

Մասնավորապես․

ա) Լրագրողը/լրատվամիջոցը մինչեւ հրապարակումը չի ստուգել իր աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը։ Համենայնդեպս, նյութում դրա վերաբերյալ որեւէ նշում չկա։ Այս իմաստով՝ նյութի հրապարակումը հակասության մեջ է մտնում Կանոնագրի
1.1 կետի հետ։

բ) Մի շարք լրատվամիջոցներ իրենց կայքերում տեղադրել են Լիա Սարգսյանի տարածած տեղեկությունները՝ առանց ստուգելու դրանց վստահելի կամ հետագա ստուգման
ենթակա լինելը, ինչը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 1.3 կետի հետ։

գ) Որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով թեմային, վերլուծություններ եւ մեկնաբանություններ են կատարել Լիա Սարգսյանի արած հրապարակման հիման վրա, ինչը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 1.5 կետի հետ։

դ) Խնդրո առարկա հրապարակման մեջ առկա են
նույնականացվող քաղաքացիների անձնական կյանքին, արժանապատվությանը վերաբերող եւ համբավը արատավորող տեղեկություններ։ Այս իմաստով, նյութի տարածումը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 4.1 կետի հետ, այն է՝ խմբագրություններն ու լրագրողները պարտավոր են պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝
հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ:

ե) Նյութի հեղինակը պատասխանի հնարավորություն չի տվել այն անձին (անձանց), որոնց վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ է հրապարակել։ Այս իմաստով՝ հրապարակումը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 6.2 կետի հետ։

2. Դիտորդ մարմինը մտահոգությամբ արձանագրում է, որ ինչպես այս, այնպես էլ մասնագիտական էթիկայի էական խախտումներ պարունակող մի քանի այլ աղմկալի հրապարակումներում հղումներ են կատարվել իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների վրա։ Առանց գնահատելու՝ արդյոք տվյալ դեպքում իրավապահներից «արտահոսքը» իրականում եղել է թե ոչ, Դիտորդ մարմինը համարում է, որ նման եղանակով ստացված տեղեկությունները չեն արդարացնում լրագրողների կողմից
անձանց մասնավոր կյանքի մասին վարկաբեկիչ տվյալների տարածումը, եւ հորդորում է զգուշավորությամբ, նրբանկատությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվել արտահոսքերի օգտագործմանը։

3. Դիտորդ մարմինը կոչ է անում նյութը տարածած լրատվամիջոցներին, անկախ ինքնակարգավորման
նախաձեռնությանը միացած լինելու կամ չլինելու հանգամանքից, սույն Կարծիքը տարածել իրենց հարթակներում։

Ընդունվել է 2025 թ. հոկտեմբերի 22-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով

 

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ

Մարգարիտա ՄԻՆԱՍՅԱՆ «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն

Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր

Արեւիկ ՍԱՀԱԿՅԱՆ Factor TV-ի գործադիր տնօրեն

Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ Ampop.am-ի հիմնադիր խմբագիր

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031