Լրահոս
Օրվա լրահոսը

Անթիվ են հայերը, որոնք իրենց համեստ, բայց անգնահատելի աշխատանքով հարստացրել են Իրանի մշակութային, կրթական, գիտական և այլ բնագավառները. Գրիգոր Հակոբյան 

Հոկտեմբեր 08,2025 17:50

Հոկտեմբերի 7-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է «Իրանագիտության» հիմնադրամի կողմից կազմակերպված ականավոր իրանահայերի նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանահայ և իրանցի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Իրանահայ ջրանկարիչները» գրքի շնորհանդեսը:

Դեսպան Հակոբյանն իր ելույթում նշել է.

«Իրանագիտություն» հիմնադրամի մեծարգո՛ ղեկավար
պարոն Սալեհի,
հարգարժա՛ն հյուրեր, սիրելի՛ ներկաներ,

Այսօր մենք համախմբվել ենք՝ մեծ հպարտությամբ ու խոնարհումով հիշելու և գնահատելու այն ականավոր իրանահայերին, որոնք իրենց կյանքի ու գործունեության միջոցով հարստացրել են Իրանի հասարակական-քաղաքական կյանքը, մշակույթը, գիտությունն ու կրթությունը՝ իրենց անջնջելի  հետքը թողնելով ոչ միայն բարեկամ Իրանի պատմության, այլև Հայաստան–Իրան եղբայրական հարաբերությունների էջերում։

Երբ անդրադառնում ենք Իրանի կյանքի տարբեր բնագավառներում հայերի դերին ու նշանակությանը, չենք կարող անտեսել մի կարևոր փաստ. այն միջավայրը, որտեղ նրանք ապրել են, այն պայմանները, որ դարձել են ինքնադրսևորման ու հաջողության հնարավորությունը: Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից երախտագիտությանս խոսքը հղել բարեկամ Իրանին և նրա եղբայրական ժողովրդին՝ բոլոր ժամանակներում հայ մարդու, նրա գործունեության ու ստեղծած արժեքի հանդեպ հոգատար վերաբերմունքի և հարգանքի համար:

Ասվածի  վկայությունն են Իրանում գործող և հատուկ կարգավիճակ ունեցող հայկական մշակութային-կրոնական կոթողները, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ամրագրված եկեղեցիները, որոնց մասին խոսելիս մենք միշտ հպարտանում ենք։ Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև իրանական կողմի բարձր վերաբերմունքը հայկական կրթական, մշակութային և մարզական հաստատությունների նկատմամբ։ Այս ամենը այն ամուր հիմքերն են, որոնք հայ և իրանցի ժողովուրդներին թույլ են տալիս աշխարհին ներկայանալ որպես քրիստոնեության և իսլամի խաղաղ համակեցության ու երկխոսության փայլուն օրինակ:

Առիթը պատեհ համարելով՝ ցանկանում եմ նաև երախտագիտությանս խոսքը հղել «Իրանագիտություն» հիմնադրամին և միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ նախաձեռնության, իրանահայ համայնքի նվաճումներն արժևորելու և Հայաստան-Իրան բարեկամությունը վերստին ընդգծելու համար։

Հարգարժա՛ն ներկաներ,
Իրանի հասարակական-քաղաքական կյանքի, գիտության, մշակույթի և արվեստի տարբեր ոլորտներում հայերի ունեցած ավանդը բացառիկ է։ Դժվար է պատկերացնել Իրանի պատմությունը՝ առանց հիշելու Եփրեմ Խանին, Միրզա Մելքոմ Խանին, Հովհաննես Մասեհյանին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Իրանի քաղաքական կյանքի զարգացմանը։

Իրանի գիտական կյանքում առանձնանում է Ալենուշ Տերյանը՝ Իրանի ժամանակակակից աստղագիտության մայրը, երկրի առաջին կին ֆիզիկոսն ու արևային աստղադիտարանի հիմնադիրը։ Հիշարժան են նաև Կարո Լուկասի, Երվանդ Աբրահամյանի, Լևոն Մինասյանի, Ջորջ Բուռնությանի և բազմաթիվ այլ հայ գիտնականների անունները, որոնց ավանդը հսկայական է Իրանի գիտության զարգացման գործում։ Այսօր մեզ համար մեծ պատիվ է նաև գնահատել այժմ գործունեություն ծավալող և այս միջոցառմանը ներկա իրանահայ մեծանուն գիտնականներին:

Հայերի դերը նշանակալի է նաև Իրանի մշակութային կյանքում։ Հպարտությամբ ենք հիշում իրանական կինոյի հիմնադիր Հովհաննես Օհանյանին, թատրոնի ու կինոյի ճանաչված գործիչներ Մադամ Սիրանուշին, Սամվել Խաչիկյանին, Մերի Ափիկին, Արտո և Վարթո Տերյաններին, Լորետա Հայրապետյանին, Լորիկ Մինասյանին, Վարուժ Քարիմ Մասիհիին։

Իրանական կերպարվեստի ասպարեզում առանձնանում են Մարկոս Գրիգորյանը, Երվանդ Նահապետյանը, Կլարա Աբգարը, Էդմոն և Սիմոն Այվազյանները։ Իսկ երաժշտության ոլորտում Լորիս Ճգնավորյանի, Լիդա Բերբերյանի, Վիգեն Տերտերյանի և շատ ուրիշների անունները դարձել են ազգային հպարտության խորհրդանիշ։ Որպես Հայաստանի Հանրապետության դեսպան ամեն անգամ մեծ հպարտությամբ եմ մուտք գործում հայազգի ճարտարապետ Գաբրիել Գևրեկյանի կողմից նախագծված Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքերից մեկը:

Գրականության ասպարեզում հայի կերպարը մշտապես եղել է առաքինության ու ստեղծագործական ոգու խորհրդանիշ։ Դրա վկայությունն են ինչպես պարսից դասական գրականության էջերը՝ Նիզամիի «Խոսրով և Շիրինը», այնպես էլ ժամանակակից գրողների գործերը՝ Մոհամմադ Ալի Ջամալզադեի ուղեգրությունները, Բոզորգ Ալավիի «Սենյակիս պատմությունը», Ահմադ Շամլուի «Աիդան հայելու առաջ», Ռեզա Ամիր Խանիի «Հայ Նասերը» և այլ երկերը։ Հատուկ հիշատակման է արժանի նաև ժամանակակից իրանահայ արձակագիր Զոյա Փիրզադը, որն իր «Լույսերը ես կհանգցնեմ», «Զատկի նախօրեին» և այլ ստեղծագործություններով պատկերում է իրանահայ համայնքի առօրյան ու հոգևոր աշխարհը։

Հարգելինե՛ր,
Սակայն հայերի ներկայությունն Իրանի պատմության մեջ չի սահմանափակվում միայն մշակութային կամ գիտական դրսևորումներով։ Երբ վտանգի տակ է եղել երկիրը, հայ համայնքն մշտապես կանգնել է իրանցի եղբայրների կողքին: Հատուկ խոնարհումով ցանկանում եմ հիշել նաև այն իրանահայերին, որոնք Իրան–Իրաքյան պատերազմի տարիներին իրենց կյանքն են նվիրել Իրանի ազատությանն ու խաղաղությանը։ Նրանց արիությունը, հավատարմությունն ու նահատակությունը հավերժ կմնան որպես Հայաստան-Իրան եղբայրության ու համերաշխության խորհրդանիշ։

Սիրելի՛ բարեկամներ,

Անշուշտ, այսօր այստեղ հնչած անունները չեն կարող ամբողջությամբ ներկայացնել այն մեծ ու բազմաշերտ ներդրումը, որն իրականացրել են հայերը։ Անթիվ են այն հայ անձինք, որոնք իրենց համեստ, բայց անգնահատելի աշխատանքով հարստացրել են Իրանի մշակութային, կրթական, գիտական, տնտեսական, բժշկական, մարզական և այլ բնագավառները:

Այս միջոցառումը խորհրդանշական հարթակ է՝ հիշելու բոլոր նրանց, ում շնորհիվ հայ համայնքը դարձել է Իրանի հասարակության անբաժանելի ու հարգված մասը։

Մենք հավատում ենք, որ Հայաստան-Իրան բարեկամությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և հոգևոր կապերի վրա, շարունակելու է ամրապնդվել ու ստանալ նոր դրսևորումներ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և տարածաշրջանի խաղաղության։

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել «Իրանագիտություն» հիմնադրամին, այս կարևոր նախաձեռնության հեղինակներին և բոլոր նրանց, որոնք իրենց նվիրումով նպաստում են Հայաստան-Իրան բարեկամության ամրապնդմանը։

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031