Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» փառատոնի փակման երեկոյի ընթացքում կայացել է Անդրեա Բատիստոնիի «Հաճույքների պարտեզ» կոնցերտի հայաստանյան պրեմիերան

Հոկտեմբեր 08,2025 18:06

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի փակման համերգի ընթացքում կայացավ իտալացի ժամանակակից կոմպոզիտոր Անդրեա Բատիստոնիի՝ ֆլեյտայի և լարային նվագախմբի համար գրված «Հաճույքների պարտեզ» կոնցերտի հայաստանյան պրեմիերան։ Այն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Մանուել Նավրիի ղեկավարմամբ կատարեց իտալացի ֆլեյտահար Տոմազո Բենչոլինին։ Նշենք, որ այս ստեղծագործությունը ոգեշնչված է հոլանդացի նկարիչ Հիերոնոմուս Բոսխի «Երկրային հաճույքների պարտեզը» հայտնի եռանկարից։ Իսկ այն ստեղծելու գաղափարը ֆլեյտահար Տոմազո Բենչոլինիինն է։ Ստեղծագործության չորս մասերը ներշնչված են նկարչի կտավի բովանդակությունից։

Ուշագրավ է, որ կոնցերտը ներկայացնելուց հետո ֆլեյտահար Տոմազո Բենչոլինին երաժշտասերներին ողջունեց հայերեն և նրանց նվիրեց Կոմիտասի «Շողեր ջան»-ի կատարումը։
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլանի» նախերգանքը և հանճարեղ 5-րդ սիմֆոնիան։

Լյուդվիգ վան Բեթհովենն իր 5-րդ սիմֆոնիան գրել է չորս տարում՝ վատթարացող լսողությամբ։ Դասական երաժշտության այս գլուխգործոցն աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն նաև հայտնի դարձավ որպես Հաղթանակի սիմֆոնիա, քանի որ վերջինիս հայտնի առաջին նոտաները համապատասխանում են Մորզեի այբուբենի Վի տառին, որն էլ օգտագործվում էր որպես հաղթանակի խորհրդանիշ։

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնն իրականացվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի համերգներին հյուրընկալվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնք մասը դարձան դասական երաժշտության այս տոնին և հնարավորություն ունեցան վայելելու միջազգային ճանաչում ունեցող մենակատարներին հենց հայաստանյան բեմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031