Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ցանկանում ենք լսել ձեզ, սովորել ձեր փորձից. Խանդանյանը՝ ԵԱՀԿ կոնֆերանսին

Հոկտեմբեր 08,2025 23:33

ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի «Մարդկային չափում-2025» կոնֆերանսին։

«Հարգելի գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր այստեղ՝ Վարշավայում, միանալ ձեզ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով քննարկումների Եվրոպայի ամենամեծ հարթակում։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը միավորում է ԵԱՀԿ տարածաշրջանի տարբեր երկրներից ընտրված պատգամավորների, որոնք ներկայացնում են ավելի քան մեկ միլիարդ քաղաքացու՝ նրանց ձայները, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և խթանելու մանդատով։

Այս մանդատի հիմքում ընկած են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները, իսկ ցանկացած ժողովրդավարական համակարգի հիմնասյունը ազատ և արդար ընտրություններն են։

Ընտրությունները շատ ավելին են, քան պարզապես քվեարկությունը։ Դրանք արտացոլում են քաղաքական մրցակցության մակարդակը, լրատվամիջոցների ազատությունը, տեղեկատվության հասանելիությունը, ինստիտուցիոնալ վստահությունը և քաղաքացիական դաշտի բաց լինելը։ Երբ այդ պայմանները չեն ապահովվում, ընտրությունները կորցնում են իրենց ժողովրդավարական իմաստը՝ վնասելով ներկայացվածությանը։

Ահա թե ինչու է ընտրությունների դիտարկումը մեր վեհաժողովի հիմնական առաջնահերթություններից մեկը։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ, որի հետ երկարամյա գործընկերություն ունենք, մենք դիտորդական առաքելություններ ենք իրականացնում ԵԱՀԿ ողջ տարածքում՝ թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում։

Մենք նկատել ենք, որ ընտրական գործընթացների խնդիրները՝ սկսած մեդիայի վրա գործադրվող ճնշումներից մինչև վարչական խոչընդոտներ ու ապատեղեկատվություն, հաճախ վկայում են ժողովրդավարության հետ կապված ավելի խորքային մտահոգությունների մասին։ Մեր Վեհաժողովը լրջորեն է վերաբերվում այս զարգացումներին։

Միևնույն ժամանակ, նոր և զարգացող սպառնալիքները վերաձևում են ընտրական միջավայրը։ Հիբրիդային սպառնալիքները, արտաքին վտանգավոր ազդեցությունները և տեղեկատվական համակարգերի մանիպուլյացիաները ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում հանրային վստահությունը խաթարելու, հասարակությունները բևեռացնելու և ինքնիշխան պետությունների ժողովրդավարական ընտրություններին միջամտելու նպատակով։ Այս մարտավարությունները թիրախավորում են ոչ միայն ընտրությունները, այլև քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ։ Դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն, թափանցիկություն և համագործակցություն պետությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև։

Վերջերս Մոլդովայում իրականացրած մեր դիտորդական առաքելության ժամանակ հիմնական խնդիր էին հանդիսացել արտաքին ազդեցությունն ու առցանց ապատեղեկատվությունը։ Նման միտումներ նկատեցինք նաև Ռումինիայում։ Այժմ պատրաստվում ենք առաքելության Ղրղզստանում, որտեղ սպասում ենք այլ բնույթի մարտահրավերների։

Որպես ընտրված ներկայացուցիչներ՝ մենք գիտենք, որ ժողովրդավարությունը ինքն իրեն չի պաշտպանում։ Այն պահանջում է ակտիվ պաշտպանություն։ Եվ այն չի կարող գործել առանց տեղեկացված, ներգրավված և հզորացված քաղաքացիական հասարակության դերակատարների։

Յուրաքանչյուր առաքելության ընթացքում մենք սերտ համագործակցում ենք իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, մեդիայի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության հետ։ Դուք եք ժողովրդի ձայնը, հատկապես այն դեպքում, երբ ինստիտուտները չեն արդարացնում սպասելիքները։ Ձեր դիտարկումները խորացնում են ընտրական միջավայրի վերաբերյալ մեր ըմբռնումը և ավելի արդյունավետ են դարձնում մեր աշխատանքը։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր կարևորագույն ներդրման, համագործակցության և ժողովրդավարական արժեքներին Ձեր նվիրվածության համար:

Մենք Ձեզ հրավիրում ենք օգտագործելու Վեհաժողովը որպես երկխոսության և փոխանակման հարթակ՝ ԵԱՀԿ ավելի լայն շրջանակներում: Մենք ցանկանում ենք լսել ձեզ, սովորել ձեր փորձից և ապահովել, որ ձեր մտահոգությունները արտացոլվեն մեր աշխատանքում՝ մասնակից պետությունների հետ փոխգործակցության ժամանակ։

Մենք անհամբեր սպասում ենք այս գործընկերության շարունակմանը և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը՝ միասին։

Շնորհակալություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031