Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն արդեն կարեւոր գործընկեր է ԵՄ-ի համար

Հոկտեմբեր 09,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Իմ այցը Ադրբեջան հանդիսացավ առաջին քայլը՝ ԵՄ-ի ավելի լայն ռազմավարության շրջանակում, որը միավորում է ԵՄ-ն Հարավային Կովկասի հետ», վստահեցրել է ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը

Անցյալ շաբաթ Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարեւոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։

Այլ աղբյուրների տեղեկատվության համաձայն` Էմանուել Մակրոնը շնորհավորելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հռչակագրի ստորագրումը նշանակալի նվաճում է։ «Մեր ուշադրությունը կենտրոնացած է Հարավային Կովկասում եւ Արեւմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա», ընդգծել է Մակրոնը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւս շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ձեռք բերված խաղաղության կապակցությամբ։ Կոշտան այդ մասին ասել է Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի նիստում։ «Ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին: Ես կարծում եմ, որ ձեր կողմից ձեռք բերված խաղաղությունը կարեւոր պահ է Եվրոպայի համար: Այն ցույց է տալիս, որ խաղաղություն կարելի է կառուցել, եւ մենք պետք է շարունակենք աշխատել դրա համար»,- նշել է Կոշտան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կոպենհագենում հանդիպել է ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, որից հետո վերջինս X-ի իր միկրոբլոգում գրել էր. «Այսօր մենք շատ կառուցողական քննարկում ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Մենք շնորհավորել ենք Ադրբեջանին Վաշինգտոնում Հայաստանի հետ ձեռք բերված վերջին պատմական առաջընթացի կապակցությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ»։ Նա նշել է, որ դա տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու ուղղությամբ մեծ քայլ է։ «Մենք գնահատում ենք Ադրբեջանին որպես կարեւոր գործընկերոջ եւ հանձնառու ենք մեր կապերն ամրապնդելուն։ Մենք կշարունակենք ներդրումներ կատարել տարածաշրջանային կապի մեջ՝ տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում՝ մեր «Գլոբալ դարպաս» ռազմավարության միջոցով»,-շեշտել է Կոշտան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես X-ի իր միկրոբլոգում նույնաբովանդակ հայտարարություն է հրապարակել։

ԵՄ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ նկատել է ուշադրության էական փոփոխություն: Ադրբեջանի դերակատարությունն ակնհայտորեն էլ ավելի է ամրապնդվում:

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Ադրբեջան կատարած իր այցից հետո, նախօրեին, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Առանձնացնենք դրանցից մի քանիսը. «Ադրբեջանը կարող է հույս դնել ԵՄ-ի աջակցության վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը հետագա առաջմղման գործում»։ ԵՄ պաշտոնյայի մյուս հայտարարությունը. «Ադրբեջանը հանդիսանում է հիմնական գործընկեր Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի ուղղությամբ։ ԵՄ-ն պատրաստվում է հրավիրել մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին՝ ուսումնասիրելու ներդրումների հնարավորությունները Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքում»։

ԵՄ պաշտոնյան նաեւ վստահեցրել է. «ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ՝ վերականգնելու, արդիականացնելու եւ վերազինելու այն ճանապարհները, որոնք ավելի են մոտեցնում Եվրոպան տարածաշրջանին»։ Հանձնակատար Մարթա Կոսն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում նաեւ ընդգծել է. «Իմ այցը Ադրբեջան հանդիսացավ առաջին քայլը՝ ԵՄ-ի ավելի լայն ռազմավարության շրջանակում, որը միավորում է Եվրոպական միությունը Հարավային Կովկասի հետ եւ հետագայում՝ Ասիայի հետ Սեւծովյան տարածաշրջանի միջոցով։ Մենք ցանկանում ենք խորացնել կապերը Ադրբեջանի հետ՝ զարգացնելով տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի հեռանկարները։ ԵՄ-ն դրական ծրագրեր ունի Ադրբեջանի համար՝ ուղղված տնտեսական զարգացման եւ կայուն աճի խթանմանը կոնկրետ առաջարկներով»։

Այսպիսով, ԵՄ-ն շնորհավորում է Հայաստանին եւ Ադրբեջանին Վաշինգտոնում Հայաստանի հետ ձեռք բերված վերջին պատմական առաջընթացի կապակցությամբ եւ իր աջակցությունը հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին: Հստակ տեղեկացված լինելով Ադրբեջանում ժողովրդավարական վիճակի մասին` ԵՄ պաշտոնյաներն ընդգծում են Ադրբեջանի դերակատարությունը որպես գործընկերոջ: Ուշագրավ է, որ ԵՄ-ից Ադրբեջանին աջակցելու հայտարարություններն էլ ավելի ինտենսիվացան Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին Ռուսաստանի հետ հարաբերություններում արձանագրված լարվածության ֆոնին:

Իսկ թե որքանով է Ադրբեջանը պատրաստ խաղաղության Հայաստանի հետ` ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, այդ երկիրը շարունակում է զինվել եւ այդ հանգամանքը, կարծես, չի անհանգստացնում ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանի արեւմտյան գործընկերներին:

2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ամրապնդել է կապերը Իսրայելի հետ, մի երկրի, որն, ըստ տարբեր հաղորդագրությունների` «Բաքվում ունի ավիաբազա»: 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանն ուղղակիորեն մեղադրել է Բաքվին Իսրայելին օդային տարածք եւ ռազմական լոգիստիկ մուտքի թույլտվության մեջ, այս մասին վերջերս նշվել էր ռազմական հարցերում մասնագիտացված Defense Arabia-ի անդրադարձում։ Ըստ լրատվամիջոցի, Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային ազդեցիկ խաղացող եւ «զինվում է մինչեւ ատամները»։ Վերջերս երկիրը հայտարարել է 48 Nora-B52 NG հրետանային համակարգի գնման մասին, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 400 ինքնագնաց համակարգ։ Նշվում է, որ ադրբեջանական բանակն ունի առնվազն 600 MLRS (Բազմակի հրթիռային արձակման համակարգ), այդ թվում՝ 100 կառավարվող հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը շատ ավելի մեծ է, քան HIMARS-ինը։

Elbit-ն էլ արդիականացնում է ավելի քան 1300 տանկ, հիմնականում՝ Aslan T72-ներ, չեխական եւ ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ, որոնցում ներառված են Kontakt 5-ը եւ էլեկտրոնիկայի համապարփակ հավաքածու։ Զրահապատ մեքենաները հագեցվում են 4 SPIKE NLOS հրթիռներից բաղկացած հավաքածուներով։ Հակաօդային պաշտպանության համակարգերում կատարվել են հսկայական ներդրումներ, որոնք հասնում են միլիարդավոր դոլարների։ Նշվում է, որ երկրում շահագործվում է մոտ 10 Pantsir-S1 մարտկոց, 2 S-300PMU2 մարտկոց եւ խորհրդային ծագում ունեցող մի շարք համակարգեր, ինչպիսիք են Իսրայելի կողմից արդիականացված 9K33 OSA-ն, ինչպես նաեւ` «Երկաթե գմբեթ» մարտկոցները, եւ վերջին իսրայելական համակարգերը, ինչպիսիք են BARAK MX/BARAK 8-ը՝ հարյուրավոր հրթիռներով։

Այս զինանոցին ավելացվել է նաեւ այն, որ Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է առնվազն 100 LORA կիսաբալիստիկ հրթիռ, նաեւ Ադրբեջանը բանակցություններ է վարել Թուրքիայի հետ SOM SAHIN թեւավոր հրթիռների տեղակայման վերաբերյալ։ Այս հրթիռները կտեղակայվեն 50-60 պակիստանյան JF-17 Thunder/C կործանիչների վրա՝ ավելի քան 6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրերով։

Վերոնշյալ լրատվամիջոցն ընդգծել էր, որ Ադրբեջանի զինանոցը հսկայական է` 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար, որին աջակցում են Թուրքիան եւ Իսրայելը՝ երկու երկրներ, որոնք ունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն, ինչը վկայում է համալրման մեծ ներուժի մասին։

Օրերս նաեւ հայտնի դարձավ, որ Թուրքական Baykar Makina ընկերության տեղական դուստր ձեռնարկություն Bayraktar Teknoloji Azerbaycan ՍՊԸ-ն սկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ` գործարանը գտնվում է Սումգայիթի արդյունաբերական պարկի տարածքում, որը գրանցման կարգավիճակ է ստացել այս տարվա մայիսին: Նշվում է, որ ներկայումս արտադրանքն արտադրվում է ներքին շուկայի համար: Հիշեցնենք, որ անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar-ը եւ Ադրբեջանը 2023թ. մայիսին արձանագրություն էին ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031