«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը մեկ տարի առաջ հեռացվեց մայր բուհից՝ ԵՊՀ-ից, որտեղ դասախոսում էր երկար տարիներ: Պատճառը, բնականաբար, քաղաքական էր` Սողոմոնյանն ընդդիմադիր հայացքներ ունի, անդամակցում է ընդդիմադիր «Հայաքվե» շարժմանը։
Աշխատանքից ապօրինի ազատվելուց հետո նա հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ բուհից բռնագանձել ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իրեն հասանելիք միջին աշխատավարձը։
Մենուա Սողոմոնյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ դատական քննությանը, նշեց․ «Դատավարական ընթացքի մեջ է, որովհետեւ երկարեց պատասխանողի՝ ԵՊՀ-ի, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պատճառով, ձգձգում էին։ Ինձ ինչի՞ համար էին ազատել, որովհետեւ իմ դասընթացները կա՛մ հանել էին, կա՛մ այլ բալանս էին տեղափոխել, կա՛մ ավելի ուշ կիսամյակ էին դրել, որ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ ես ուսումնական բեռնվածություն չունենամ… Գործողությունները, որոնք իրենք արել էին, մեկնաբանել էին, թե «Քաղաքագիտություն» կրթական ծրագրի, օրինակ՝ մոնիտորինգի, հաշվետվության պահանջներից ելնելով է իմ առարկաներից մեկը հանվել, մենք պահանջում էինք այդ մոնիտորինգի հաշվետվության զեկույցը, մոնիտորինգի խմբի կազմը, որպեսզի ուսումնասիրեինք, տեսնեինք՝ այդ ինչ զեկույց է եղել։ Մի խոսքով՝ այսպիսի ձգձգումներ, որոնք արհեստական էին։ Կարծում եմ՝ երեւի մի քանի ամսից հանգուցալուծում կլինի»։
Նշենք, որ, բացի Մենուա Սողոմոնյանից, քաղաքական դրդապատճառներով ԵՊՀ-ից ազատվել են նաեւ դասախոս Աբրահամ Գասպարյանը, Դավիթ Սարգսյանը, շատերը:
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: