Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագիրը ազդարարեց «Զանգեզուրյան միջանցքի» ծրագրի մեկնարկը։
Հռչակագրի 4-րդ կետի համաձայն, Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերը, կսահմանեն Հայաստանում իրականացվելիք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի հիմնական պայմանները։
Այսինքն, գոնե այս տեքստի մակարդակով մշուշոտ է, թե ինչ է իրենից ներկայացնում TRIPP ծրագիրը, որոնք են դրա հիմնական չափորոշիչները, ինչը առանց այդ էլ խճճված տարածաշրջանում առաջացնում է լրացուցիչ հարցեր։
Պարզից էլ պարզ է, որքան էլ իշխանությունները փորձեն ներկայացնել, իբրև խաղաղությունը հաստատված է, միջանցք էլ չկա, Վաշինգտոնյան հռչակագրի 3-րդ կետի «անխոչընդոտ անցում» ձևակերպումը բավարար է հասկանալու համար, որ նախատեսվող «ճանապարհը» առնվազն պարզապես ճանապարհ չէ։
Կարդացեք նաև
Այսպես, օրինակ եթե մենք Վրաստանի տարածքով ուզում ենք գնալ Ռուսաստան, մենք գնում ենք մեր նախընտրած ցանկացած անցակետով ու ճանապարհով: Ճանապարհին, ցանկության դեպքում, այցելում ենք մեր նախընտրած բնակավայր՝ Թբիլիսի, Բաթում, Ախալքալաք, և այլն: Իրական խաղաղության պայմաններում հատուկ ենթակառուցվածքների կամ ռեժիմների անհրաժեշտություն չի կարող լինել, մինչդեռ «Զանգեզուրյան միջանցքի» պարագայում վիճակն անորոշ է և սպառնալիքներով լի։
«Զանգեզուրգայն միջանցքի» մեկնարկի դեպքում տարածաշրջանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի դիրքերը զգալիորեն կթուլանան։ Վրաստանը կտրուկ կկորցնի ոչ միայն իր տարանցիկ նշանակությունը, այլ նաև դեպի Մերձավոր Արևելք ցամաքային ճանապարհը հնարավոր կդառնա բացառապես ադրբեջանաթուրքական «քավորությամբ»՝ էլ ավելի մեծ կախվածության մեջ դնելով Վրաստանն Ադրբեջանից և Թուրքիայից:
Ի՞նչ է հնարավոր անել ուժերի նման դասավորվածության դեպքում։
Առաջ քաշել «Սադարակի միջանցքի» գաղափարը:
Քարտեզին նայելով, կտեսնենք, որ Արարատի մարզի Երասխից դեպի Իրան տանող ամենակարճ ուղին անցնում է Նախիջևանի Սադարակի շրջանով՝ ընդամենը 15-20 կմ: Զանգեզուրին սիմետրիկ այդ միջանցքը կհավասարակշռի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում:
Մասնավորապես, կզսպի Ադրբեջանի ախորժակը՝ միջանցքի կամ ճանապարհի ներկայացվող (կարդա պարտադրվող) պահանջներում:
Կմեծանա Հայաստանի մանևրելու հնարավորությունը, իսկ Ռուսաստանը և Վրաստանը կշարունակեն առանց թուրքական առանցքի հետ հատվելու՝ այլընտրանքային ցամաքային կապ ունենալ դեպի Մերձավոր Արևելք, իսկ Իրանը դեպի Սև ծով և Ռուսաստան։
Հատկանշական է, որ Վաշինգտոնյան հռչակագրից հետո Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նշել է, որ եթե հարցը դիտարկենք փոխադարձության սկզբունքով, ապա ինչպես Նախիջևանը կարող է կապվել Ադրբեջանի հետ, այնպես էլ Հայաստանը կարող է Երասխի և Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։
«Սադարակի միջանցքնե, ըստ էության, չի հակասում Վաշինգտոնյան հռչակագրին և գտնվում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման տրամաբանության մեջ:
Այն կարող է լինել ինչպես առանձին նախագիծ, այնպես էլ որպես տրանսպորտային հանգույցի մաս։ Այստեղ առանցքայինը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման դեպքում դրանցից լիարժեք և հավասար պայմաններով օգտվելու հնարավորությունը։
Հ. Գ․ Տարածաշրջանում որևէ «միջանցքի» գոյությունն ինքնին վատ լուծում է: Դրանք չեն նպաստի տարածաշրջանի կայունացմանը, հակառակը, կդառնան տարածաշրջանի կարևոր դերակատարների շահերի բախման մշտական օջախ: Սակայն ուզենք, թե չուզենք, նոյեմբերի 9-ի և օգոստոսի 8-ի փաստաթղթերը իրողություն են:
Ռուբեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ