Հոկտեմբերի 3-ին Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում նշանակվել էր Անգին Ղուկասյանի հայցն ընդդեմ Բակուր Կարապետյանի գործով հերթական նիստը:
Դատարան էին ներկայացել Ղուկասյանի փաստաբանն ու Բակուր Կարապետյանն առանց փաստաբանի:
Այս գործը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում է 2024 թ. մարտի 20-ից, երբ էլեկտրոնային եղանակով հայցվորը դիմեց դատարան:
Կարդացեք նաև
Հայցը արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ գրքերի հեղինակ Բակուր Կարապետյանի դեմ է՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման մասին: Կարապետյանը «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն էր, բանասիրական գիտությունների պատվավոր դոկտոր, որը շնորհել է ԱՄՆ Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիան: Հայցադիմումը նախ դատավոր Վահագն Թորոսյանի վարույթում ընդունվեց, ապա դատավոր Է.Ամալյանի վարույթ: 2024թ. օգոստոսի 6-ին հայցվոր Ղուկասյանը հայցի առարկան փոխելու վերաբերյալ միջնորդություն էր արել, որը դատարանը դեկտեմբերի 12-ին բավարարում է, արձանագրելով, որ քանի դեռ ապացուցման պարտականությունը չի բաշխվել, մերժելու հիմքեր չկան:
Ըստ հայցվորի, պատասխանողի`« ֆեյսբուքյան էջում հրապարակած նյութում տեղ գտած արտահայտությունների բովանդակությունից երեւում է, որ դրանք իրենցից ներկայացնում են կոնկրետ, հստակ տեղեկություններ հայցվորի անձի վերաբերյալ, այսինքն, պատասխանողը հայցվորին ներկայացնում է գործարար, կոռումպացված անձ, խարդախ, խաբեբա, գումարներ հավաքող»:
Այս գործը մինչ այդ Արաբկիր նստավայրում էր, ապա տեղափոխվեց Էրեբունու նստավայր, դատավորն էլ փոխվեց (երբ դատավոր Է. Ամալյանի լիազորությունները դադարեցվեցին, գործը մակագրվեց դատավոր Մ. Քյուրքչյանին: Այս գործով նշանակվող դատավորը երրորդն էր Վ. Թորոսյանից, Է.Ամալյանից հետո-Ռ.Մ.): Բակուր Կարապետյանը թե այն դատարանում, թե այս հայտնել էր, որ զուգահեռ նախապատրաստվում են նյութեր, քրեական գործ հարուցելու մասին, եւ ինքը ճանաչվել է տուժող, բացատրություն է տվել նախաքննական մարմնին, ուստի հարկավոր է այս գործը կասեցնել, մինչ քրեական գործի ելքով որոշումը:
Դատարանը հայտնել էր, որ այդ գործը կապ չունի քաղաքացիական դատարանում քննվող գործի հետ…
Դատարանը առաջարկել է կողմերին գնալ հաշտության, ինչին համաձայն չէ Բակուր Կարապետյանը:
Հերթական դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2025