Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչ հանձնաժողովի զեկույցի բազում եզրակացություններ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարողի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետեւանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա. Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 09,2025 12:34

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ողջ օրը Ազգային ժողովի գաղտնի բաժնում առիթ ունեցա ծանոթանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին։

Թեեւ հանձնաժողովի նախագահն արդեն հրապարկային, իր հայեցողությամբ բացահայտում է իշխանությունների քիմքին հաճո զեկույցի որոշ դրվագներ, ձեռնպահ կմնամ նույնն անել, քանի որ նաեւ օրենքով սահմանված կարգով արգելք կա նման գործողությունների հարցում։

Բայց առաջին իսկ ծանոթացումից հետո կուզեմ արձանագրել՝
Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով, քանի որ մաս չդարձանք իշխանական շոուին, որի անփառունակ տապալման վկայությունն են օրենքի պահանջների խախտմամբ հանձնաժողովի ժամկետների ակնհայտ խախտումները եւ ԱԺ լիագումար նիստ չբերելը։

Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ անգամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ։

Չեմ կարող բացել փակագծերը, բայց առաջին իսկ ծանոթացումից հետո փաստեմ՝
որքան էլ այս քննիչ հանձնաժողովը ձեւավորվեց 44-օրյա պատերազմի հետ կապված հանրության, քաղաքական ամենալայն շրջանակների կողմից անդադար հնչեցվող հարցերին պատասխաններ տալուց խուսափելու եւ պատերազմի ընթացքում իշխանությունների ու Փաշինյանի գործողությունները սրբագրելու համար, բայց դա անհնար էր ու անզեն աչքով նկատելի է զեկույցին ծանոթանալուց հետո։

Շատ ավելի հարցեր են ծնվում իշխանությանը, անձամբ Փաշինյանին ուղղված՝ կադրային սխալ քաղաքականության, խայտառակ նշանակումների, բանակի հետ կապված ոչ համակողմանի վերլուծության արդյունքում ռազմավարական որոշումների կայացման հարցերով։

Փորձերը, թե «խեղճ հարիֆն» ինչ աներ, խաբել են, որեւէ քննադատության չեն դիմանում եւ զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետեւանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա։

Զեկույցին ծանոթանալուց հետո բազում հարցերս, հարցադրումներս այս օրերին դառնալու են ՀՀ գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին, ՀՀ Ոստիկանությանը, ուղարկվելիք պատգամավորական հարցումներ, որոնց արդյունքների մասին անպայման տեղյակ կպահեմ հանրությանը։

Ահա մի քանի դիտարկում, որ արել եմ առաջին ծանոթացումից հետո։ Դեռ առիթ ունենալու ենք այս հարցերի շուրջ, առանց փակագծեր բացելու խոսել։

Ի դեպ, աշխատանքային ժամի ավարտին, երբ առաջին պատգամավորը լինելով, որ ծանոթացա զեկույցին ու ավարտեցի վերջին՝ 2015-րդ էջը, ակամայից հիշեցի հայտնի խոսքը՝ «հանցագործության բացահայտման արդյունքում ամենակարեւորը ինքդ քո վրա դուրս չգալն է»։ Կարծես նույն վիճակն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031