«Մեր գրչընկեր Հովիկ Վարդումյանը հասավ 85-ին։ Չես հավատում։ Որովհետև ո՛չ եռանդն է 85 տարեկանի, ո՛չ քայլվածքը, ո՛չ էլ նվիրվածությունը։ Թվում է հենց նոր է վերադարձել Արցախյան պատերազմից՝ հպարտ, պինդ, հաղթած և՝ ընդամենը 50-54 տարեկան։ Եվ զարմանալի ոչինչ, որ հենց նա դարձավ այն օրերի վավերագիրն ու պատերազմական թեմայով գեղարվեստական արձակի ստեղծողներից մեկը․․․»։
Հայաստանի գրողների միության ուղերձից
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցավ գրող-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի 85-ամյա հոբելյանին նվիրված գրական ցերեկույթ։ Ներկա էին գրողներ, արվեստագետներ, Վարդումյանի մտերիմներ, նրա ստեղծագործության երկրպագուներ։
Կարդացեք նաև
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյարին՝ բարձր արժևորելով նրա գրական ստեղծագործությունը։ Նաև ընթերցեց ՀԳՄ-ի ուղերձը Հովիկ Վարդումյանի 85 ամյակի առթիվ․ «Հովիկ Վարդումյանն ապրել ու ապրում է երկրի ցավին ու չարչարանքին ձույլ, ժողովրդի արժեհամակարգին հենված, ժամանակի ամենածանր բեռն ուսելու պատրաստ։ Վկան՝ անցած ճանապարհը, պայքարն ու հաղթահարումը, ստեղծած վավերագրական ու գեղարվեստական գործերը․․․»։
Գրական ցերեկույթը վարեց արձակագիր Ալիս Հովհաննիսյանը՝ հակիրճ ներկայացնելով կենսագրական և ստեղծագործական տվյալներ։ ՀԳՄ անդամ Հովիկ Վարդումյանը ծնվել է 1940թ․ հուլիսի 26-ին ՀԽՍՀ Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։ Ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ավարտելով բուհը՝ ընդունվել է աշխատանքի Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես ճարտարագետ։ Դեռևս դպրոցական տարիներին ստեղծագործել է, այդ մասին նշեց նաև հոբելյարը՝ ասելով․ «Այն ժամանակ կարծում էի անարժեք բաներ եմ գրում, սակայն վերջերս ընթերցեցի, պարզվեց՝ լավ էլ բանաստեղծություններ են»։ Արձակ գործեր սկսել է գրել 1957 թվականից։ Առաջին գիրքը՝ «Այդպիսի պատմություն», տպագրվել է 1983 թվականին։ Երեք տարի անց հրատարակվել է «Երազների հովիտը»։
Գրողն առավել աչքի ընկավ Արցախյան պատերազմի թեմաներով գրված ստեղծագործություններով։ 1988-ին սկսված Արցախյան շարժումը շատերին ոտքի հանեց, ու քիչ չէին նաև կամավորականները, նրանց շարքում նաև 50-ամյա Հովիկը, մասնակից եղան Արցախի ազատագրական ու հաղթական պատերազմին։ 1997-ին հրատարակված «Արծիվներն այդպես են մեռնում», 1999-ին տպագրված «Հարձակողական զինվորների հրամանատարը» և այլ գործեր Արցախյան պատերազմի արձագանքներն են։
Իրենց գրչակից ընկերոջ մասին անդրադարձան ցերեկույթին ներկա գրողները։ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, որը ծնվել ու հասակ է առել Արցախում, խոսելով Հովիկի ստեղծագործության մասին՝ ասաց՝ Արցախյան պատերազմի տարիներին ինքն էլ մշտապես առաջնագծում է եղել։ Ու երբ ընթերցել է Հովիկի պատմվածքներն այդ օրերի մասին, կարծես 5 րոպեի տարբերությամբ են նույն տեղում եղել ու չեն հանդիպել։ Այժմ մտերիմ են:
Գրող, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը հիշողություններ պատմեց գրեթե 55-տարիների ընկերոջ մասին «․․․ Հիշում եմ հեռավոր 70-ականները, երբ երիտասարդ ու սկսնակ բանաստեղծներս հրճվելու չափ ուրախանում էինք «Գարուն» ամսագրում և «Ավանգարդ» թերթում տպագրվող մեր ամեն տողի համար, ու համարյա բոլորս, եթե ոչ անձամբ, ապա ստորագրությամբ, անպայման գիտեինք իրար: Իմ հեռակա այդ ծանոթների թվում էր Հովիկը` «Գարուն»-ում տպագրած բանաստեղծական շարքերով։ Սակայն Հովիկ Վարդումյան անունը տպավորվել էր իմ մեջ, երբ առիթ ունեցանք նաև անձամբ ծանոթանալու «Ավանգարդ» երիտասարդական թերթի խմբագրատանը, որտեղ նոր էի աշխատանքի անցել: Հիմա նաև գործի բերումով էի կարդում Հովիկի բանաստեղծությունները, շփվում, զրուցում դրանց զուսպ, քչախոս հեղինակի հետ։ Իմացա, որ ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես ինժեներ-կոնստրուկտոր, աշխատում է նախագծային ինստիտուտներից մեկում: Բայց որ իր կոչումը գրականության մեջ էր տեսնում ու դրա համար լուրջ հիմքեր ուներ, ակնհայտ էր: Խոստովանեց, որ արդեն նեղվում է գծագրական տախտակի մոտ, երբեմն գրում է հենց աշխատանքի ժամերին, ու ղեկավարությունն արդեն ծուռ աչքով է նայում իրեն… Այդ ամենը հաշվի առնելով՝ մի օր առաջարկեցի թղթակցել թերթին: Սիրով համաձայնեց, ու հենց «Ավանգարդ»-ում էլ տպագրվեցին նրա առաջին ակնարկներն ու հոդվածները` գեղեցիկ, անմիջական խոսքով, լրագրողական հմտությունների ու գաղտնիքների զարմանալի իմացությամբ»։
Գրող-բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի խոսքում նույնպես կարևորվեցին հոբելյարի ստեղծագործություններն ու մարդկային կերպարը՝ արժանապատիվ, համեստ ու ընկերասեր։
Հրապարակախոս, խմբագիր, մատենագետ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանը նշեց՝ Հովիկն իր սկսած գործին հավատում է, և որպես վկայություն, նշեց «Հայկազունններ» համահայկական միաբանություն» հայրենասիրական հասարակական կազմակերպության կայացումը, որի անդամ է, ու «Հայկազուններ» պարբերականի արդեն տպագրված 6-րդ համարի գոյությունը։ Կարևորեց նաև Հովիկի մասնակցությունը որպես դասակի հրամանատար Արցախյան գոյամարտում։
Երգիչ Արսեն Համբարյանը «Բավ է լացենք, ելնենք ոտքի» երգով ներկայացրեց Հովիկին։ Գրող, թարգմանիչ, հրապարակախոս Գոհար Ռշտունին նույնպես հիշողություններ պատմեց Հովիկ Վարդումյանի մասին, երբ ծանոթացել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատելիս։
Ցերեկույթին ներկա էր նաև ֆրանսիացի գրող, հրապարակախոս, հայ ժողովրդի բարեկամ, «Լ’ Հարմաթան» հրատարակչության «Հայ գրարվեստ» մատենաշարի տնօրեն Սերժ Վենտուրինին։ Իր խոսքում ասաց՝ գրեթե 15 տարի է՝ մտերիմ է Հովիկի հետ, որի պատմվածքները մեծ արժեք ունեն և վկայություն են պատերազմի ու խաղաղության մասին։
Իր խոսքում Հովիկ Վարդումյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի գրողների միությանը, որ կազմակերպել էին գրական ցերեկույթը, շնորհակալություն հայտնեց ներկաներին։
2025-ին լույս է տեսել Հովիկ Վարդումյանի «Բաժանարար գիծ» պատմվածքների երկրորդ լրամշակված ժողովածուն, որում հիմնականում Արցախյան պատերազմի մասին վավերագրագեղարվեստական գործեր են։ Հովիկ Վարդումյանի գործերը տպագրվել են նաև ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն և այլ լեզուներով։
Զոհրաբ Ըռքոյան