«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում անհայտ կորած անձանց հարազատներին պետական մարմինները անասելի շատ են տանջել ու շարունակում են տանջել։ Հարազատների ճակատագիրը պարզելուն ուղղված ընտանիքների վերապրած ապրումների մասին պատմությունները լսելիս սարսափում ես։ Սարսափում ես հենց ՀՀ մարմինների գործողությունների ու անգործության պատճառով։
Միջազգային դատական ատյանները հաստատել են, որ անհայտ կորած անձի ընտանիքի անդամները նույնպես խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի զոհ են՝ հաշվի առնելով հոգեհուզական տառապանքը։
Մեր դեպքում ոչ միայն Ադրբեջանն է պատճառել ու պատճառում այդ տառապանքը, այ հենց ՀՀ պատկան մարմինները՝ և՛ վերաբերմունքի, և՛ ճակատագիրը պարզելուն ուղղված գործողությունները ոչ ջանասիրաբար կատարելու, և՛ հենց մարդու կյանքը չարժևորելու պատճառով։
Ու հենց այդ վերաբերմունքն է, որ դրդում է ընտանիքի անդամներին կազմակերպել բողոքի ակցիաներ և պահանջել հանդիպումներ իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։
Ու հենց այդ վերաբերմունքի պատճառով նրանցից երկուսը բերման էին ենթարկվել, իսկ մեկը՝ կալանավորվել։ Կալանավորվել է, չնայած այն հանգամանքի, որ ունի առողջական խնդիրներ, որ կալանքը պետք է լինի ԲԱՑԱՌԻԿ միջոց, երբ որևէ այլ միջոցով հնարավոր չէ ապահովել օրենքով նախատեսված նպատակը։
Կալանքը ՀՀ-ում ըստ նպատակահարմարության է կիրառվում, հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կամ իշխանություններին քննադատող անձանց դեմ։ Իսկ քաղաքացիների նկատմամբ բռնություն ոստիկանները մնում են անպատիժ։
Կարդացեք նաև
Հ․Գ․ Մինչ ՀՀ իշխանությունները միայն ձևական են խոսում անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու անհրաժեշտության մասին ու տանջում են ընտանիքի անդամներին, Ադրբեջանը տարատեսակ միջազգային միջոցառումներ է կազմակերպում՝ հարցի մասին բարձրաձայնելու նպատակով։ Օգոստոսի վերջ Ժնևում հրապարակային միջոցառում էին կազմակերպել ՄԱԿ-ի շենքի դեմ, իսկ այսօր Բաքվում՝ անհայտ կորածների հարցով միջազգային կոնֆերանս: