«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը։
Ներհայկական հանրային դիսկուրսում արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկման դաշտ է բերվել Ղարաբաղյան շարժման թեման, և դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանություններն են, իսկ նպատակը՝ Շարժման դերի ու նշանակության նսեմացումը:
Առաջին հայացքից անհավատալի թվացող, բայց մեր օրերի դիտանկյունից հերթական արժեքային վերանայումը նպատակ ունի ամբողջացնել 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման ու հայաթափման ճակատագրական իրադարձությունների նարատիվները և խորացնել հանրային քննարկումների մեջ այս թեմաների շուրջ շարունակվող պառակտումները: Թեմայի խիստ վտանգավորությունը, պատմությունը կեղծելու միտումները ստիպում են կրկին հենվելով փաստերի վրա ներկայացնել ճշմարտությունը։
Ի՞նչ կլիներ Արցախի հետ, եթե չլիներ համաժողովրդական շարժումը
Կարդացեք նաև
Կփորձենք ուրվագծել այն շրջանակը, որի միջոցով ընթերցողներին կուղղորդենք ինքնուրույն գտնելու հոդվածի վերնագրի համար ընտրված հարցի պատասխանն ու արձանագրման հիմքը:
Վստահ եմ, որ գոնե կարիք չկա բացատրել, որ Ղարաբաղյան շարժումը 1-2 օրում չի սկսվել և, որ 1988թ. առաջ էլ տեղի են ունեցել նման պոռթկումներ: Բայց թերևս արժե հիշեցնել, որ Ղարաբաղի հարցը, որպես հակամարտության նյութ, ձևավորվել է 100 տարի առաջ՝ 1918 թվականից, իսկ 1921թ., երբ երրորդ երկրի կուսակցական մարմնի ի սկզբանե անօրեն որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, այս թեման դարձավ Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության անբաժան բաղադրիչը: Համոզված եմ նաև, որ 1945թ. ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի Ստալինին ուղղված նամակի մասին շատերն են հիշում, որտեղ Հայաստանի ղեկավարը խնդրում էր Հայրենական պատերազմը հաղթած ԽՍՀՄ առաջնորդին Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին, բայց հավանաբար քչերը գիտեն, որ 1935-36թթ. բուն Լեռնային Ղարաբաղում լուրջ բողոքներ են գրանցվել՝ մարզի հայկական գյուղերը Մուղանի տափաստաններ տեղափոխելու Ադրբեջանի ղեկավարների հյուսած ծրագրերի դեմ:
1960-ական թվականների կեսերի իրադարձությունների մասին ավելի շատ հիշողներ կան, բայց թերևս քչերին է հայտնի, որ 1965թ. հունիսին արցախցի 13 մտավորականների ԽՍՀՄ ղեկավարությանն ուղղված նամակին հետևեց 10 հազար արցախցիների ստորագրությամբ պահանջագիրը, իսկ 2 տարի հետո ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան՝ հայ երեխայի դաժան սպանության և այդ եղկելի արարքը շինծու դատավարությամբ արդարացնելու փորձերի արդյունքում: Իհարկե, այս ամենը միայն արձանագրված դեպքերն են, իսկ որ այդպիսի բողոքներ, խնդրագրեր եղել են խորհրդային բոլոր տասնամյակներին՝ մնայուն փաստեր կան:
Այնպես որ 80-ական թվականների կեսերից նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ծավալված իրադարձությունները երկրամասի հայ բնակչության ազգային ինքնությունը պահելու, արժանապատվությունը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ պայքարի դրսևորումներ էին, որի միջոցով Արցախի հայությունը դիմակայում էր Ադրբեջանի՝ հիմա էլ արդեն խորհրդային իշխանությունների խտրական քաղաքականությանը:
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ադրբեջանական առավելապաշտական քաղաքական ուղեգիծն ինչ նպատակ էր հետապնդում և ինչ հետևանքներ կարող էր ունենալ, բավական է դիտարկել Նախիջևանի խորհրդային ժամանակաշրջանի ժողովրդագրական պատկերը: 70 տարվա ընթացքում, խորհրդային Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալու պարագայում, Նախիջևանի հայ բնակչությունը 40 տոկոսից հասավ 0,5 տոկոսի՝ երբեմնի հայաշատ երկրամասից վերափոխվելով Հայաստանի սահմանների անվտանգության համար սպառնալիք դարձած տարածաշրջանի:
Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղը կմնար հայկական Խորհրդային Միության փլուզման արդյունքում, եթե չսկսվեր Ղարաբաղյան շարժումը: Հնարավոր է հարցը հռետորական է հնչում, սակայն նույնիսկ այդ պարագայում, հիմք ընդունելով նախորդ տարիների զարգացումները, առանց երկմտելու կարելի է պատասխանել՝ ոչ մի դեպքում: Ադրբեջանի նպատակադրությունը պարզ էր՝ ժողովրդագրական իրավիճակը փոխելով հասնել հայկական երկրամասի ազգային նկարագրի փոփոխմանը: Ի դեպ, 1988թ. նախօրյակին հիմնական տրիգերներից մեկը Ստեփանակերտում նոր արհեստագործական ուսումնարան բացելու Բաքվի իշխանությունների ցանկությունն է եղել, որը պետք է ամբողջովին ծառայեր հայկական մարզին հարակից ադրբեջանական շրջանների երիտասարդներին կրթելու ծրագրին:
Նույն այդ վտանգը՝ ժողովրդագրական իրավիճակը փոխելով ազդել հետագա քաղաքական զարգացումների վրա, կախված էր նաև Հայաստանի Հանրապետության գլխին ու դրա չեզոքացումը տեղի ունեցավ միայն Ղարաբաղյան շարժման արդյունքում։
Ինչու՞ է Ղարաբաղյան շարժման ստվերը հետապնդում թավշյա հեղափոխականներին
Ղարաբաղյան շարժման հիմնական գաղափարախոսությունը պատմական Արցախից մնացած այդ հատվածը հայկական պահելն էր՝ փոփոխվող իրավիճակի պայմաններում, և ի սկզբանե այդ նպատակի համար ընտրվեց «Միացում» կարգախոսը: Այսինքն, Արցախի հայկական ապագան երաշխավորված է համարվել միմիայն Հայաստանին վերամիավորվելու պարագայում, և մինչև 1991թ. կեսերը իրադարձությունները զարգանում էին հենց այդ սցենարով:
Ակնհայտ է, որ Ղարաբաղյան շարժումը մեկնարկեց որպես Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հայության իրավունքների պաշտպանության համար ժողովրդական շարժում, բայց շատ կարճ ժամանակ հետո այն դարձավ համազգային շարժում՝ Արցախ էպիկենտրոնով, և դրա պատճառը աշխարհով մեկ ցրված հայության երազանքն էր՝ տեր կանգնել գոնե Հայրենիքի մի հատվածին և ամեն ինչով նպաստել պատմական արդարության վերականգնմանը: Բուն Մայր Հայրենիքում՝ Հայաստանում, հենց Ղարաբաղյան շարժումը դարձավ անկախությունը վաստակելու (այլ ոչ թե որպես նվեր ստանալու) և ազգային արժանապատվությունը վերադարձնելու գաղափարական հիմնավորում: Հենց այս մասշտաբայնության ու համատարածության մեջ է Ղարաբաղյան շարժման յուրահատկությունը, ինչն, իհարկե, մյուս կողմից մոբիլիզացրեց հակահայկական ճամբարի բոլոր շահառուներին:
Որքան էլ տարօրինակ հնչի, հայ ժողովրդի ազատագրական շարժումը հակառակորդներ է ձեռք բերել ոչ միայն դրսից. Ղարաբաղյան շարժումն այսօր հանգիստ չի տալիս Հայաստանի գործող իշխանություններին: Դժվար է այս զավեշտին ընկալելի բացատրություն տալ, սակայն հիմնական պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում և չեն ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ Ղարաբաղյան շարժումը միավորեց և երկար տարիներ համախմբված պահեց ազգի բոլոր հատվածներին՝ Մայր Հայրենիքում, Արցախում և Սփյուռքում, իսկ «ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը», չնայած նախնական փուլում գրանցած որոշակի ոգևորությանը, այդպես էլ չարժանացավ սպասված համատարած աջակցությանը: Ավելին, շատ երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի մեր ժողովրդի տարբեր հատվածների մոտ չխորանային կասկածները, թե ինչպե՞ս է հնարավոր պետականություն կառուցել՝ ժխտելով այդ պետության ինքնության և պատմական ինքնագիտակցության ելակետը։
Այս իշխանության խնդիրն այն է, որ Ղարաբաղյան շարժման արժեքները մեկ կողմից և իրենց քաղաքական ինքնությունն ու ընթացիկ օրակարգը՝ մյուս կողմից, կտրականապես հակադրվում են իրար։ Եվ որքան էլ գործող իշխանությունը ձգտում է շարժման պատմական նշանակությունը նսեմացնել՝ այն ներկայացնելով որպես արկածախնդրություն, սխալմունք կամ «խաղաղության խափանում», այնքան ավելի անխուսափելի է դառնում պատմական հակադրությունը. Ղարաբաղյան շարժման նպատակը հայ ժողովրդի արժանապատիվ գոյությունն ու ինքնիշխան ապագան էր ու է, մինչդեռ ներկայիս իշխանությունը փորձում է ներմուծել խաղաղություն՝ հիմնված հնազանդության, մոռացության ու պետական կամքի իսպառ բացակայության վրա։
Իշխանությունը շարժման ժառանգությունը փորձում է ոչնչացնել ոչ միայն խոսքով, այլ գործով: Բայց շարժման մեջ դրված արժեքները չեն ջնջվում պետական քարոզչությամբ կամ քաղաքական մանիպուլյացիայով։ Ազատության, ինքնության և միասնության գաղափարները մնում են որպես անսպառ սնուցող ուժ, որը շարունակում է հետապնդել բոլոր այն իշխանություններին, որոնք դավաճանում են դրանց։ Ահա թե ինչու Ղարաբաղյան շարժումը ոչ միայն պատմություն է, այլև մեզ հետ քայլող մեր ներկան է։ Այդ պատճառով այն ամենաուժեղ հակաքարոզչական ազդակն է մի համակարգի դեմ, որն առաջնորդվում է ապագան հանձնելու և հաղթանակները ժխտելու սկզբունքով։
Մեր օրերում, երբ այդ ժառանգությունը միտումնավոր կերպով նսեմացվում է, երբ փորձ է արվում պատմությունը վերաշարադրել՝ արդարացնելու թուլությունը, պարտությունը և ինքնիշխանության հրաժարումը, Ղարաբաղյան շարժումը վերածվում է ոչ միայն հիշողության, այլ քաղաքական դատաստանի։
Անկախ նրանից, թե քաղաքական դաշտում ով ինչ դիրքորոշում ունի, մեկ բան անվիճելի է՝ Ղարաբաղյան շարժումը ստեղծել է հայկական պետականության նոր գաղափարական հիմքը, որի ժխտումը նշանակում է պետականության ինքնաոչնչացում։ Եվ հենց այս պատճառով է շարժման գաղափարախոսությունն այսօր ավելի արդիական, քան երբևէ։ Այն մարմնավորում էր արժանապատվության հաղթանակը՝ երաշխավորելով խաղաղությունը որպես ուժի, դիմադրության և նպատակադրության արդյունք։
Եթե հայ ժողովուրդը ցանկություն ունի վերականգնվելու, ապա նա կարիք ունի ազգային նոր զարթոնքի, որի նախադեպն արդեն կա, և այն ոչ հեռավոր անցյալում չէ, այլ Ղարաբաղյան շարժման ժառանգության մեջ: Եթե այս իրողությունը չտեսնելուն ենք տալիս, ուրեմն Խաղաղության փոխարեն կստանանք ինքնության քայքայում, տարածքների կորուստ և պետականության արժեզրկում:
Աշոտ Ղուլյան
ԱՀ ԱԺ նախկին նախագահ
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ