Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի 45-ամյա թատրոնը, տարատեսակ փորձություններ անցնելով, հույս ունի հոբելյանի առիթով նոր կարգավիճակ ստանալ

Հոկտեմբեր 09,2025 16:49

Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող քաղաքի մշակութային և գիտական հարուստ պատմության կարևոր մաս է կազմում դրամատիկական թատրոնը, որն իր գոյության ողջ ընթացքում ստանձնել է սերունդների կրթումը, հոգևոր բարձր արժեքներին դավանելը։

Դանիել Դանիելյանը (կենտրոնում)՝ դերասանների հետ

Օրերս թատրոնում հոբելյանական միջոցառում էր․ նշվեց մշակութային այս օջախի հիմնադրման 45-ամյակը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի, Աբովյանի համայնքապետարանի, Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաների ու աշխատակիցների և, իհարկե, թատերասեր հանդիսատեսի ներկայությամբ։

Ի դեպ, թատրոնի գործունեությունը, որ սկսվում է 1980 թ., հիմնված է մշակույթի պալատի «Հայելի» ժողովրդական թատրոնի գործունեության վրա։ Արխիվներում գրանցված է, որ աբովյանցիները ժամանակին խանդավառությամբ են ընդունել նորաստեղծ մշակութային օջախի բեմադրությունները։ Իհարկե, այն սիրողական դերասանների ուժերով էր։ Կարճ ժամանակահատվածում թատերախումբը կարողացել է ինքնակրթության միջոցով աստիճանաբար զարգացնել իր հմտությունները և արժանանալ հանդիսատեսի բարձր գնահատանքին։

Ընդ որում, արխիվային նյութերը թերթելիս հանդիպեցինք հետևյալ գրառմանը․ «Մշակույթի կենտրոնում ստեղծվել են բարենպաստ պայմաններ թատերական ինքնագործ խմբի համար (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Ղարախանյան)։ Թատրոնին մեթոդական աջակցություն է ցուցաբերել Երևանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր, Հայկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արտյուշա Հովհաննիսյանը»։

Բայց 1990-ական թթ., հասկանալի պատճառով, թատրոնի գործունեությունը պասիվանում է, և շատերը հեռանում են թատրոնից։ Սակայն վերջինս կարողանում է հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը՝ փոքր դահլիճում տիկնիկային ներկայացումների բեմադրություններով։ Նույնիսկ այստեղ բեմադրություն է իրականացնում Ֆրանսիայում ճանաչում ունեցող ռեժիսոր Պետրոս Մարտիրոսյանը։ Թվում է՝ թատրոնը փրկված է, բայց այն կրկին բախվում է դաժան իրականությանը․ նորանկախ Հայաստանում, մեղմ ասած, դժվարանում է թատրոն պահելը։ Սակայն թատերախմբի մի քանի նվիրյալների շնորհիվ այս օջախն իր գոյությունը չի դադարեցնում։

Գանք 2015 թ․, ինչը իրադարձային է․ Աբովյանի թատրոնը ստանում է պետական կարգավիճակ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)։ Այսպիսով, անձնակազմը վերջապես կարողանում է ձերբազատվել տարատեսակ դեգերումներից ու խնդիրներից և ոգևորությամբ սկսում է ստեղծագործական աշխատանքը նոր պրեմիերաներով։ Բայց, ցավոք, թատրոնի համայնքային կառույց դառնալու ճակատագիրը կարճ է տևում․ 2016 թ․ Թատրոն ՀՈԱԿ-ը լուծարվում է։

Արմեն Սարգսյան

Սա այն ժամանակահատվածն էր, երբ «Առավոտը», անդրադառնալով թատրոնի ճակատագրին, զրուցեց «Էպսիդոն» թատերախմբի ղեկավար, դերասան և ռեժիսոր Արմեն Սարգսյանի հետ, որն ըստ հավաստի լուրերի՝ նշանակվելու էր Աբովյանի թատրոնի տնօրեն։ Այդպես էլ եղավ․ ընդամենը մի քանի ամիս անց՝ 2017 թ․, հիմնադրվում է «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամը, որի աշխատանքներն ու գործունեությունը ղեկավարելու նպատակով հրավիրվում է Արմեն Սարգսյանը։ Նա մինչ օրս զբաղեցնում է «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամի տնօրենի և ռեժիսորի պաշտոնը։

Ժամանակին (2017 թ.) տեղեկացրել էինք, որ, մտահոգվելով Աբովյան քաղաքի թատրոնի ապագայով, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հանդիպում է ունեցել «Էպսիդոն» թատերախմբի (որը գործել է 2012–2017 թթ.) ղեկավար, դերասան, ռեժիսոր Արմեն Սարգսյանի հետ և նրան առաջարկել թատերախմբի գործունեությունը տեղափոխել Աբովյան քաղաք։

Միառժամանակ անց՝ 2018 թ․, հիմնադրամի և համայնքապետարանի միջև կնքվում է հուշագիր, ըստ որի շենքի կառավարումը հանձնվում է հիմնադրամին, որը պետք է իր գործունեությունը ծավալեր այնքան ժամանակ, մինչև վերաբացվի ՀՈԱԿ-ը։

Իսկ ինչու ՀՈԱԿ, այլ ոչ թե ՊՈԱԿ։ Հենց այս հարցով սկսվեց Aravot.am-ի զրույցը Արմեն Սարգսյանի հետ, որը նախ հայտնեց, թե այսօր թատրոնի խաղացանկում կա 15 ներկայացում՝ 0-ից 100 տարեկան հանդիսատեսների համար՝ հավաստիացնելով․ «Աբովյանի համայնքապետ պարոն Էդուարդ Բաբայանը թատրոնի մասով լուրջ, իսկապես սրտացավ աշխատանք է տանում։ Մեծ հաշվով երկու մեծ խնդիր ունենք՝ թատրոնը դառնա ՀՈԱԿ, և մեր շենքը վերանորոգվի, պայմաններն էլ բարելավվեն»։

Դիտարկմանը, թե շենքային որոշ տարածքներ, այնուամենայնիվ, բարելավված են, խնդրանքով, որ ասի՝ ինչ միջոցներով, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այո, որոշ տարածքներ բարելավվել են, գույք ենք ձեռք բերել։ Վերջերս էլ «Վահագն Հովնանյան» հիմնադրամի շնորհիվ ոչ միայն գույք ենք ձեռք բերել, այլ նաև լուսային տեխնիկա»։

Հավելեց նաև, որ աբովյանցին սիրում է թատրոն, նույնիսկ պահանջում է նոր ներկայացումներ, որոնք, ի դեպ, վերջին շրջանում իրականանում են ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված դրամաշնորհի շրջանակում։

 

Առաջին օրից իր գոյության համար պայքարող թատրոնն անցել է ստեղծագործական զարգացման ու հասունացման դժվար ուղի։ Թատրոնում համախոհ և համերաշխ, իրենց ղեկավարի հետ ընտանիք դարձած, աշխատում են տաղանդավոր ու սիրված դերասաններ՝ հույսով և հավատով, որ «թատրոն» գաղափարը Աբովյան քաղաքում էլ ավելի է ծաղկելու, իսկ թատերախմբի առջև ծառացած խնդիրները մոտ ապագայում վերանալու են։

Ի վերջո, Աբովյանի թատրոնի պատմության այս էջերում տասնամյակներ շարունակ գրանցված են հաջողություններ՝ հատկապես վերջին տարիներին՝ ստեղծագործական վերելքներ, մասնագիտական ձեռքբերումներ, համագործակցություններ, հյուրախաղեր։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ ներկայացումներից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031