Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, մենք հավակնում ենք իշխանություն ձեւավորելու»․ Արման Թաթոյան

Հոկտեմբեր 09,2025 17:29

«Մենք հավակնում ենք իշխանություն ձեւավորելու, ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Մենք՝ որպես ինքնուրույն քաղաքական ուժ, այդ օրակարգով ենք շարժվելու»,- «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկից հետո հրավիրած ասուլիսում ասաց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա ասաց, որ հասարակության միասնության ու համերաշխության օրակարգով են շարժվելու առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացրած հայցերը ՀՀ իշխանության կողմից հետ քաշելու նախաձեռնության հարցին, ասաց, որ դա չափազանց վտանգավոր է, դա Հայաստանի ապագայի համար կործանարար է։ «Հայցերի հետ քաշելը ձեռնտու է միայն Ադրբեջանին, Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ այդ հայցերի արդյունքում դատական ակտերի կայացման դեպքում մեծագույն խնդիրներ է ունենալու Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում։ Հետեւաբար, սրանք մեզ համար կենսական նշանակության հայցեր են՝ մեր շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը խոսում հայցերը հետ քաշելու մասին՝ հստակ իմանալով, որ դա մարդկանց իրավունքների պաշտպանության համար է։ Ինչպե՞ս է ինքը նայելու այն մեր քաղաքացիների աչքերի մեջ, ովքեր զոհված ազգականներ ունեն։ Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակումների ժամանակ մեր կին հայրենակիցները դաժանաբար խոշտանգվել էին՝ երկու ոտքերը, երկու թեւերը կտրել էին, աչքերն էին հանել, քար էին դրել աչքերի մեջ, մարմինը մերկացրել էին, վրան գրել էին «յաշմա» բառը, որ հատուկ վախ սփռեին մեր հասարակության վրա։ Սա անհատական օրինակ չէ, համատարած է եղել, ու ես գնամ հրաժարվեմ այդ հայցերի՞ց»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանն անդրադարձավ նաեւ սահմանազատման գործընթացին։ Նա ասաց, որ սահմանների հետ կապված ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտմամբ։ «Հենց հիմա էլ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն ՀՀ տարածքում են, այլ սեփականության իրավունքով մեր քաղաքացիներին պատկանող հողերի ու տների մեջ են։ Կադաստրային փաստաթղթերով այդ հողերն ու տները պատկանում են մեր քաղաքացիներին, բայց Ադրբեջանի զինված ուժերը հերիք չէ մեր հողերի մեջ նստած են, նաեւ շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ Սահմանազատման եւ սահմանանշման գործընթացի շրջանակներում փաստերի ուսումնասիրությամբ մենք նաեւ հստակ արձանագրել ենք, որ իրականում մենք ունենք հարուստ փաստաթղթային բազա, որը պետք է ծառայեցվի մեր շահերի օգտին։ Եվ քննարկումների, միջազգային բանակցությունների ժամանակ առաջ ենք քաշելու։ Օրինակ՝ գործող իշխանությունն անընդհատ հայտարարել է,որ ՌԴ գլխավոր շտաբի քարտեզներով է անում՝ 1971 թվականի եւ այլն։ Մինչդեռ, գոյություն ունի 1984-1987 թվականների սահմանազատման գործընթաց, որով իրականացվել է Հայաստանի տարածքի 975 կմ տարածքով սահմանազատում։ Դա հիմնված է եղել Խորհրդային միության գերագույն խորհրդի որոշման վրա։ 1987 թվականից հետո գոյություն ունեն մեր սահմանների նկարագրություններ, կազմվել է 182 արձանագրություն։ Սահմանազատման արդյունքում կազմվել են քարտեզներ, որոնք երեքական օրինակ տրվել են Հայաստանին, Ադրբեջանին եւ Մոսկվային։ Այսինքն՝ սա նշանակում է, որ մենք այս հարցերով հստակ ունենք Հայաստանի օգտին փաստաթղթեր։ Գլխավոր շտաբի քարտեզներն ինձ համար անընդունելի են, որովհետեւ դրանք ռազմական քարտեզներ են, ռազմական նշանակություն ունեն, իսկ 1984-1987 թվականների սահմանազատման պրոցեսում խոսքը վերաբերում է քարտեզի տեղանքները որոշելուն»,- նշեց Թաթոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031