4 տարի առաջ՝ 2021թ․ հոկտեմբերի 15-ին, Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում կայացավ խաչքարի բացման, օծման և օրհնանքի արարողություն, որին ներկա եղան նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարբեր բնակավայրերի բնակիչներ։
2020թ․ հուլիսին դեռ մերն էր ամբողջ Արցախը՝ Քաշաթաղի շրջանով հանդերձ։ Իսկ շրջանի կազմավորման առաջին տարիներից գործում էր շրջանային զինկոմիսարիատը, ու Հայոց երկիրը վերահայացնող բանակի ենթակա երիտասարդները զորակոչվում էին բանակ։
2020թ․ հուլիսին բանակ զորակոչվեց նաև Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի բնակիչ, 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, որը 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։
Կարդացեք նաև
Հպարտ էր, որ արդեն զինվոր է և իր քույրերի, ողջ հայ աղջիկների պաշտպան է դառնալու, և ժպիտը դեմքին մնացած զորակոչիկների հետ նստեց դեպի Ստեփանակերտի հավաքակայան մեկնող մեքենան։ Նույն օրն էլ մասնակցեց վիճակահանության և ծառայության անցավ Ջրականի զորամասում։
2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը շատ զինվորների կյանք խլեց, շատերը դարձան հաշմանդամ, եղան անհայտ կորածներ։ Ընդամենը 2 ամիս ծառայած Ժիրայրն էլ մասնակցեց պատերազմին ու թրծվում էր ռազմի դաշտում։
Հոկտեմբերի կեսերից ծնողներն այլևս չկարողացան կապ հաստատել իրենց միակ որդու հետ։ Սակայն հույս ունեին՝ միգուցե տուն կգա։ Ավաղ, 9 ամսվա սպասումները չարդարացրին ծնողների ու քույրերի հույսը։ Բանակ զորակոչվելուց մեկ տարի անց գտնվեց քաջորդու աճյունը։
2021 թ․ հուլիսի 21-ին զինվորական կարգով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի գերեզմանոցում հուղարկավորեցին Անմահ հերոսին։
Ժիրայր Գագիկի Մարգարյանը ծնվել է 2002 թ․ հունվարի 7-ին Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ և Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում, որը շրջանի հյուսիսային թևում է՝ Շալուա գետի ձախակողմյան բարձրադիր հարթության վրա։ Գյուղն ազատագրվել էր 1993 թվականի մարտի 31-ին Սիսական գնդի մի ջոկատի կողմից։
11 քաջորդի, այդ թվում նաև ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանը մարտիրոսվեցին գյուղի ազատագրման համար։ Թշնամու ականանետի արկից պայթած մեքենան, որով ջոկատի տղաները հասել էին Վակունիս, յուրահատուկ հուշարձան էր դարձել՝ ի հիշատակ Անմահ հերոսների։
Վակունիսը վերաբնակեցվեց 1995 թվականին, և շուտով այստեղ բացվեց դպրոց, որն անվանակոչվեց ի պատիվ Վուրգ Ոսկանյանի։ Մեքենայի մոտ նաև խաչքար տեղադրվեց՝ նահատակ տղաների անուններով։
Վակունիսում հասակ առավ Ժիրայրը, այստեղ ծնվեցին քույրերը։ Գյուղի դպրոցում սովորեց ու ավարտեց միջնակարգը։ Աշխատանքի բերումով հաճախ էի այցելում նաև Վակունիս, ներկա լինում դպրոցական հանդեսների։
Վուրգի ու մնացած հերոսների ոգով էին դաստիարակվում դպրոցականները, նրանց հետ էր նաև Ժիրայրը, որը միշտ գլխավոր դերում էր, նաև ծնողների օգնականն էր տնտեսությունում, ձգտում էր հնարավորինս աջակցել հորը, որ բազմազավակ ընտանիքը բարեկեցիկ կյանքով ապրեր։ Քույրերի հպարտությունն էր, պաշտպանը․․․
Բայց 2021թ․հոկտեմբերի 15-ին Վահրամաբերդում հոգևոր հայրը մյուռոնված ջրով ու գինով օծեց ու օրհնեց հուշաքար-խաչքարը՝ նվիրված Ժիրայրի և բոլոր Անմահ հերոսների հիշատակին։ Ներկա էին նահատակ-զինվորի ծնողները, քույրերը, հարազատ-բարեկամներ, զինվորականներ, Վահրամաբերդի գյուղական համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, վահրամաբերդցիներ, այլք։
Հերոսի փոքրիկ քույրերը՝ Ալիսան, Մարիամը, Ալվարդը, եղբոր նկարով շապիկներ հագած, ներկա էին հոգևոր արարողությանը։ Զրուցում եմ նրանց հետ․ «Ժիրայրը մեր պաշտպանն էր, բայց, անիծվի պատերազմը․․․»։
Տերունական աղոթքով ու շարականներով հոգևոր հայրը կատարեց Խաչի օծման ու օրհնանքի արարողությունը՝ օգնականները Ժիրայրի բարեկամ երիտասարդներ էին, ովքեր էլ կտրեցին ժապավենը։ Ավարտելով արարողությունը՝ հայ եկեղեցու ներկայացուցիչը փառք տվեց բոլոր նահատակներին՝ նշելով հանուն հայրենիքի ընկածները հերոսներ են և ընդունելի Աստծո կողմից։ Նշեց՝ Խաչը միշտ է եղել զորավոր, և նոր օծված ու օրհնված հուշաքարն այսուհետ սրբատեղի է։
Քաշաթաղի շրջանը 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում տվեց 78 զոհ, այդ թվում նաև անհայտ կորածներ կան։ Պարզ է՝ մեծ ցավ է յուրաքանչյուր քաջորդու նահատակությունը, սակայն առավել ցավ է ու խռովք կորուսյալ հայրենիք ունենալը։ Հետագա տարիներին էլ, մինչև 2023թ․ սեպտեմբեր, քաշաթաղցի տղաները՝ ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, Արցախի Պաշտպանական բանակում էին, ու դարձյալ շրջանը զոհեր ունեցավ։
2020թ․ 44-օրյա պատերազմում նահատակվեց նաև Վակունիսի դպրոցի զինղեկ, Ժիրայրի ուսուցիչ ու ավագ ընկերը՝ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը։ Հայոց բանակի լեյտենանտը ծնվել է 1990թ․ փետրվարի 6ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է թիվ 5 միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ հաճախել է ըմբշամարտի պարապմունքների, աչքի ընկել, պարգևատրվել։ 2008 թ․ զորակոչվել է ԱՀ Պաշտպանության բանակ։ Ծառայությունն անցել է Արցախի հարավային զորամասերից մեկում՝ Արա Լեռում։ 2007 թ․ ընդունվել է Արցախի պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի ֆակուլտետի ՆԶՊ բաժինը (հեռակա)։ Ուսումն ավարտելուց ու զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, որպես ՆԶՊ ուսուցիչ։ Ամուսնանալուց հետո կնոջ և որդու հետ տեղափոխվել են Քաշաթաղի շրջան։ Աշխատում էին Վակունիսի հիմնական դպրոցում։
Պատերազմի առաջին օրվանից մարտադաշտում էր ու բազում սխրանքներ կատարելուց հետո, հերոսաբար մարտիրոսվել է պատերազմի վերջին օրը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին Մարտունին պաշտպանելիս։ Հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով և «Մարտական խաչ» շքանշանով։
Նույն նոյեմբերի 9-ին Մարտունին պաշտպանելիս հերոսաբար մարտիրոսվեց նաև Բերձորի բնակիչ, Հայոց բանակի փոխգնդապետ Վահագն Վահանի Բաբայանը, իսկ նրա ավագ եղբայրը՝ Վանիկը, նույն օրը նահատակվեց թշնամու կողմից Բերձորը ռմբակոծելու պահին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ