Վաղը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում՝ Ձիթողցոնց տուն-թանգարանում հանդիսավորությամբ կմեկնարկի «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» չորսօրյա փառատոնը՝ հայկական ջազի կենդանի լեգենդ, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի մասնակցությամբ։
Ջազային փառատոնը Գյումրիում արդեն ավանդույթ է դարձել․ այն անցկացվում է 6-րդ անգամ․ նախատեսված են չորս համերգներ Ձիթողցոնց տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի և Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակերում։
Կազմակերպիչն, ինչպես միշտ, «Մանուկյան ընկերությունն» է, որն այս անգամ փառատոնը իրականություն է դարձնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս անգամ փառատոնի միջոցով շեշտադրված է զբոսաշրջության զարգացումը։
Կարդացեք նաև
Ըստ նրա, էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներգրավվածությամբ ու ցուցաբերած մասնագիտական աջակցությամբ ամեն ինչ արվել է, որ թե՛ Հայաստանի տարբեր տեղանքներից և թե՛ արտերկրից եկած զբոսաշրջիկները փառատոնի բոլոր օրերին լինեն հանրապետության երկրորդ քաղաքում, անվճար երաժշտություն լսեն, ծանոթանան քաղաքին։
Մեր զրուցակիցը վստահ է՝ փառատոնը կնպաստի նաև Գյումրու հանրահռչակմանը։
«Ակնկալում ենք մարդաշատ համերգներ»,-ասաց Լիլիթ Թովմասյանը։
«Մանուկյան ընկերության» հիմնադիր Մկրտիչ Մանուկյանն էլ ասաց․ «Հայաթ ջազը» իրականացնում ենք 2017 թվականից։ Այս տարիների ընթացքում երեք անգամ չենք կարողացել գտնել ֆինանսավորում, որ իրականություն դարձնեինք ջազային փառատոնը։ Գիտենք, որ ջազ երաժշտությունը, ջազային արվեստը շատ հանրամատչելի չէ, այնպես չէ, որ մեծ հանրային լսարան ունի, ինտելեկտուալ արվեստի սիրահարները միշտ ավելի քիչ են, և այնպես է ստացվում, որ հովանավորչական և պետական միջոցներից բարդ է գտնել ֆինանսավորում։
Եվ այդ տարիներին ֆինանսավորման բացակայությամբ պայմանավորված՝ փառատոնը կյանքի կոչել չենք կարողացել, մշտապես գյումրեցիներից ստացել ենք այն արձագանքը, որ մենք սպասում էինք այս նախագծին, ինչո՞ւ իրականություն չի դառնում։
Վստահորեն կարող եմ ասել, որ ջազային փառատոնը շատ սիրված է գյումրեցիների կողմից, մարդիկ սպասում են այս նախաձեռնությանը, որովհետև ոչ միայն փառատոն է, այլ հետաքրքիր համադրում է թանգարանային արվեստի և երաժշտական արվեստի միջև, որովհետև կոնցեպտն հենց այնպիսին է․ մարդիկ, ովքեր գալիս են երաժշտություն լսելու, ծանոթանում են թանգարանային միջավայրին, և մարդիկ, ովքեր գալիս են թանգարանին ծանոթանալու, լսում են նաև ջազ երաժշտություն։
Սա արվեստագետների հերթական սպասված հանդիպումն է գյումրեցիների հետ, որովհետև միշտ չէ, որ հնարավոր է անվճար նման բարձրակարգ երաժշտություն լսել, կամ վստահ եմ՝ շատ գյումրեցիների պարագայում դժվար կլինի հասնել Երևան, հասնելուց հետո անգամ ոչ այնքան մատչելի է ունկնդրել այս երաժշտությունը։
Այնպես որ, հաշվի առնելով ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի ներկայությունը, մասնակցությունն արդեն որերորդ անգամ մեր փառատոնին, կարծում եմ սպասված իրադարձություն է։
Արտիստական կազմում ունենք ինչպես նախորդ տարի մեզ հետ եղած ջազ երաժիշտներ, այնպես էլ նոր անուններ։ Սա խոսում է այն մասին, որ փառատոնը ընդլայնում է իր մասնակցայնությունը և գնալով ավելի շատ երաժիշտների է ընդգրկում։ Եվ այդ երաժիշտներն էլ իրենց հերթին, ենթադրում եմ, որ սիրում են Գյումրին՝ որերորդ անգամ վերադառնալու ցանկություն են հայտնում»։
Համերգային ծրագրում ելույթ կունենան Լևոն Մալխասյան և Մալխասյան ջազ բենդը, Սոնան և ընկերները, Կարեն Մամիկոնյան բենդը, Միքայել Ոսկանյանը և ընկերները․ Սոնա Գյուլխասյան և Ռաֆայել Պետրոսյան տրիոն։
Կազմակերպիչները տարածած մամլո հաղորդագրության մեջ գրել են․
«HAY-AT JAZZ նախագիծը Գյումրիում առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Նախագիծն ի սկզբանե իր առջեւ նպատակ է դրել դառնալ զբոսաշրջային այցեքարտ Գյումրիի համար։ Ջազային համերգներն ավանդաբար անցկացվում են Գյումրու թանգարանների բակերում՝ 4 օր շարունակ մշակութային «հայաթները» վերածելով ջազային համերգների հարթակների․ ջազասերին Գյումրիում ջազ լսելու չկրկնվող միջավայր է առաջարկվում, քանի որ թանգարանների բակերը ե՛ւ գողտրիկ, ե՛ւ մշակութային փնտրված տարածքներ են ջազի նման ինտելեկտուալ արվեստի սիրահարների համար։
Փառատոնը թույլ է տալիս դուրս բերել երաժշտական համերգները համերգային դահլիճներից եւ միավորել մշակութային մի քանի ճյուղեր, այս դեպքում՝ թանգարանային մշակույթը միավորել երաժշտական-ջազային մշակույթին։ Սա նաեւ բացառիկ հնարավորություն է՝ հասանելի դարձնել ջազային համերգները հասարակության լայն շերտերին եւ դա անել այցելուի համար անվճար»։
Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ