«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում կազմակերպել էինք նաեւ հավելյալ միջոցառում` Ալիեւ-Պուտին-Լուկաշենկո դիկտատորների` տարածաշրջանին սպառնացող վտանգների մասին։
Ալիեւի հանցանքները միջազգային հանրության համար ընկալելի են դառնում, երբ ցույց ես տալիս թե որքան նույնական ու համագործակցված է գործում պուտինյան ռեժիմի հետ։
Կարդացեք նաև
Դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա եւ այսպես կոչված պատմական հայրենիքի վերադարձի (արեւմտյան Ադրբեջան մառազմը) խոսույթներով ու ռազմավարությամբ ուղղակիորեն կրկնօրինակում է Պուտինի` Ուկրաինայում կիրառող գործողությունները, եւ սա հենց ներկայացնելու խնդիր էինք դրել։
Մեծ պատիվ էր ելույթ ունենալ ռուս ընդդիմադիր, քաղաքական գործիչ, նախորդ տարի միայն պուտինյան գերությունից ազատված Իլյա Յաշինի եւ Տիխանովսկայայի գրասենյակի ընտրական հարցերով պատասխանատու Ալեքսանդր Շլիկի հետ։
Իհարկե, ադրբեջանական դեսանտը իջեցվել էր մեր միջոցառմանը, բայց կարծում եմ բավական հիմնավոր պատասխաններ ստացան իրենց սադրիչ հարցերին»։
Մեկ այլ գրառմամբ Գայանե Աբրահամյանը նշել է.
«Երեկ ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սանձարձակությունը գերազանցեց յուր դիկտատորին ու արդեն Մեղրին էլ հայտարարեցին ադրբեջանական։
Իհարկե, համարձակությունը հերիքել էր սա ասել միայն իրենց փոքր հավելյալ միջոցառմանը, բայց այսօր արդեն լիագումար նիստին ստացավ պատասխանը։
Այսօրվա թեման խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի խնդիրներն էին եւ բնականաբար անդրադարձել եմ կրկին հայ գերիների հարցին, բայց նաեւ Ալիեւի շարունակաբար կրկնվող զավթողական խոսույթներին` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ, այսպես կոչված, արեւմտյան Ադրբեջանի մառազմին։
Իհարկե 3 րոպեի ընթացքում բարդ է ամեն ինչ ասել, այն էլ այնպես, որ բոլորին հասկանալի ու պարզ դառնա ասելիքդ, բայց փորձել եմ»։