Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետդեպի շարքային աշխատակիցները աշխատանքի չեն կանչվում»

Հոկտեմբեր 10,2025 13:30 Share

ԱՄՆ կառավարության աշխատանքների դադարեցման մասին ամերիկացի քաղաքագետի մեկնաբանություններն «Առավոտին»

The U.S. government has shut down. անգլերեն այս նախադասությունը հոկտեմբերի 1-ի ամերիկյան մամուլի գլխավոր նորությունն էր։ Հայերեն այն կարելի է թարգմանել մոտավորապես հետեւյալ կերպ. Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է իր աշխատանքը. նախադասություն, որը շատ այլազգիների համար անըմբռնելի է։

Եթե ԱՄՆ պետական ապարատի աշխատանքները կանգ են առնում, ապա ԱՄՆ հերթական ֆինանսական տարվա ծախսերի նախագիծը չի հաստատվել օրենսդիրի կողմից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ամերիկյան դաշնային ապարատը գումար չունի՝ իր գործառույթներն իրականացնելու համար։

Աշխատանք՝ առանց աշխատավարձի, դաշնային աջակցության առկախում

«Shutdown-ը իսկապես ծանր ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ ռազմական հզորության եւ դիվանագիտության վրա։ Ազգային անվտանգության պահպանումից ելնելով՝ զինծառայողները կանչվում են աշխատանքի առանց աշխատավարձի, բայց Պետդեպարտամենտի շարքային աշխատակիցները աշխատանքի չեն կանչվում», – «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության եւ պետական կառավարման ամբիոնի դասախոս, դոկտոր Բրայեն Էլիսոնը՝ ի պատասխան մեր հարցին՝ պետական ապարատի գործունեության կանգը զուտ ներքի՞ն խնդիր է, թե՞ կարող է ցնցումներ առաջացնել նաեւ ԱՄՆ դիվանագիտության համար։

Ինչ վերաբերում է ամերիկացի քաղաքացիների վրա shutdown-ի հետեւանքներին, Էլիսոնը թվարկեց թոշակառուների համար սոցիալական նպաստների առկախումը, զինծառայողների վճարների դադարեցումը, օդային երթեւեկության կարգավարների պարապուրդը, կրթության համար դաշնային աջակցության կասեցումը՝ հավելելով, որ ցանկը ծավալուն է։

Այս պայմաններում դոմինոյի էֆեկտն անխուսափելի է։ Ամերիկյան ABC լրատվամիջոցն, օրինակ, գրում է, որ օդային երթեւեկության կարգավարների մասնակի պարապուրդը հանգեցնում է չեղարկված եւ ուշացված բազմաթիվ չվերթների։

«Գալիք ուրբաթ ստացվող աշխատավարձը ամբողջական չի լինի». դաշնային ծառայող

Ակնհայտ անբարեհարմար իրավիճակում են հայտնվել դաշնային ծառայողները։ Նրանք փաստացի կորցրել են ապրուստի իրենց վաստակը։

«Յուրաքանչյուր շաբաթ ավելի է բարդանալու»։ Հիվանդությունների կառավարման կենտրոնում առողջապահական հաղորդակցության փորձագետ Յոլանդա Ջեյկոբսը լավատես չէ։

Պարապուրդի մատնված կինը MSNBC-ի հետ զրույցում ասել է. «Դաշնային շատ ծառայողներ հիփոթեքի կամ տան վարձի վճարներն ամսվա սկզբնամասում են մուծում։ Գալիք ուրբաթ ստացվող աշխատավարձը ամբողջական չի լինի։ Կարծում եմ՝ դա արդեն կազդի շատերի վրա՝ մանավանդ նրանց, որոնց համար արդեն իսկ հեշտ չէր»։

Գումար կարող է ծախսվել միայն Կոնգրեսի արտոնմամբ

Իսկ ինչո՞ւ կարող է բյուջեի շուրջ տարաձայնությունը սառեցնել մի ամբողջ դաշնային իշխանության ֆինանսավորումը։ Կարգավորումը սահմանադրական է։

Էլիսոնը բացատրեց. «ԱՄՆ Սահմանադրությունն ասում է, որ Կոնգրեսը ֆինանսների հատկացումն իրականացնում է միայն տարեկան կտրվածքով։ Այսինքն՝ գումար կարող է ծախսվել մեկ տարվա համար։ Ամերիկյան կառավարման համար սա երկու բան է ենթադրում. Ա. որեւէ բան անելու համար՝ Կոնգրեսը պետք է երկու օրենք ընդունի՝ արտոնման օրենք՝ արտոնելով որեւէ բան անել, եւ բյուջեի հաստատման օրենք՝ տրամադրելով գումար՝ որեւէ բան անելու համար։ Բ. Ցանկացած բան՝ ամերիկյան հանրային բոլոր բարիքներն ու ծառայությունները՝ Զինված ուժերից մինչեւ ՆԱՍԱ եւ սոցիալական ապահովություն, պետք է ամեն տարի վերանայվեն, նոր տարեկան բյուջեներ կազմվեն եւ օրենքի ուժ ձեռք բերեն»։

Եթե ավելի ուղիղ՝ «Եթե Կոնգրեսը չի հաջողում տարեկան բյուջեի ընդունման հարցում, ապա պետական ապարատը գումար չունի՝ գործելու համար։ Սա նշանակում է, որ պետական ապարատը պետք է դադարեցնի աշխատանքը»։

Սա ԱՄՆ 10-րդ shutdown-ն է. պատմական ակնարկ

Shutdown-ներ ԱՄՆ պատմության ընթացքում պատահել են։ Վաղ թե ուշ դաշնային գործերը կվերադառնան բնականոն հուն։

Բայց բյուջեի չհաստատման պարագայում պետական ապարատի կանգի իրավական մեկնաբանությունը Սահմանադրությանը տրվել է 1980 թվականին միայն։

1980-ից հետո արդեն 10-րդ անգամ է shutdown-ի ենթարկվում ԱՄՆ-ն։  Հատկանշական է, որ դաշնային ապարատի ամենաերկարատեւ shutdown-ը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում՝ 2018-ի դեկտեմբերից 2019-ի հունվարը՝ ձգվելով 35 օր։ 2018-ի սկզբի shutdown-ը տեւել էր միայն երկու օր։

Նախագահ Օբամայի օրոք մեկ shutdown է պատահել, տեւողությունը՝ 16 օր։

Նախագահ Քլինթոնի կառավարման տարիներին երկու shutdown է պատահել։ Առաջինը ձգվել է հինգ օր, երկրորդը՝ 21 օր։

Նախագահ Բուշ ավագի կառավարման ժամանակահատվածում պատահած միակ shutdown-ը տեւել է երկու օր։

Նախագահ Ռեյգանի օրոք ամերիկացիները չորս shutdown-ի են ականատես եղել՝ երեք, երկու, մեկ եւ մեկ օրով։

Միայն նախագահներ Բուշ կրտսերին եւ Բայդենին է հաջողվել՝ խուսափել shutdown-ից։

Ամերիկացի քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ ներկա կանգը կարող է գերազանցել նախորդի 35-օրյա տեւողությունը։

Էլիսոնի կարծիքով՝ պատասխանատու է իշխանությունը

«Չեմ կարծում, որ դեմոկրատները շահագրգռված են՝ օգնել հանրապետականներին. հանրապետականներն են իշխանության, եւ սա նրանց shutdown-ն է։ Սա գործնական կառավարման եւ օբյեկտիվ հաշվետվողականության հարց է»,-ասաց Էլիսոնը։

Մեր զրուցակցի խոսքով՝ shutdown-ի համատեքստում քաղաքական բնույթի խնդիրն այն է, թե ո՞ւմ է մեղադրելու հանրությունը։

«Օրինակ՝ եթե նրանք մեղադրեն հանրապետականներին, նրանք դեմ կքվեարկեն հանրապետականներին։ Իրական հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք հանրապետականները կկարողանան մոլորեցնելու շնորհիվ խույս տալ մեղադրանքներին»,-ասաց Ամերիկյան համալսարանի դասախոս Բրայեն Էլիսոնը։

Համատեքստ

Հիշեցնենք. Թեեւ նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն Կոնգրեսի թե՛ վերին, թե՛ ստորին պալատներում, բյուջեի ծախսերի հաստատման համար Սենատում անհրաժեշտ է ձայների երկու երրորդը։

Հանրապետականների մեծամասնությունն անբավարար է՝ բոլոր հարցերում միակուսակցական որոշումների ընդունման համար։

Հանրապետականներն ու դեմոկրատները կգնա՞ն փոխզիջումների։ Բանակցությունները եւ, բնականաբար, փոխադարձ մեղադրանքները առայժմ շարունակվում են։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարում՝ Ռաշմոր լեռան ազգային հուշարձանի մուտքը, ցուցանակի վրա՝ «Ազգային պարկը ժամանակավորապես փակ է՝ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված»։

«Առավոտ» օրաթերթ
09.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031