Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

«Հայերի արտաքսումը դատավճիռ չէ». Ֆրանսիայի 31 խորհրդարանականներ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման երկրորդ տարելիցի կապակցությամբ կոչ են հղել

Հոկտեմբեր 10,2025 17:50

Ֆրանսիացի 31 սենատորներ ու պատգամավորներ, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ, կոչ-հայտարարություն են հրապարակել՝ ընդգծելով այդ էթնիկ զտման իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու, Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների ազատ արձակման և այլ քայլերի անհրաժեշտությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը արդարացում չունեցող հուժկու ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ՝ վերջ դնելով այս հողում հայերի բազմադարյա ներկայությանը։ Հարձակումը տեղի ունեցավ այն պահին, երբ միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որի համանախագահներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հանձն էր առել հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով սեփական ապագան ինքնուրույն որոշելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը ։ Չնայած այդ հանձնառությանը՝ Բաքուն ընտրեց պատերազմի ուղին։

Մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի վերջին 120 000 հայերը՝ երկրի ողջ բնակչությունը, հարկադրված եղան արտագաղթել Հայաստան։ Այս զանգվածային տեղահանմանը նախորդել էր իննամսյա էներգետիկ, սննդի ու բժշկական ապրանքների շրջափակում, որի նպատակը հայ բնակչության կյանքն անհնար դարձնելն էր՝ ստիպելով նրանց վերջնականապես լքել իրենց տները։ Իրականում շրջափակումը էթնիկ զտման քաղաքականության ծրագրավորված մի փուլ էր, որի հետևանքը եղավ հայ բնակչության լիակատար արտաքսումը։

Հարկ է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, տեղաբնակ բնակչության կողմից կազմակերպված ժողովրդավարական հանրաքվեի արդյունքում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի համաձայն։

Ներկայումս, երկու տարի անց, բռնի տեղահանվածների մեծ մասը շարունակում է ապրել անորոշության և աղքատության մեջ՝ վերջնական աքսորի վտանգի առջև։ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման կամ խեղաթյուրման։ Հայ գերիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, շարունակում են պահվել Բաքվի բանտերում ՝ առանց արդար դատավարության երաշխիքների։ Բաքվի ռեժիմը անպատժելիորեն շարունակում է իր քաղաքականությունը՝ տարածաշրջանից ջնջելով հայկական յուրաքանչյուր հետք։

Մենք՝ ֆրանսիացի խորհրդարանականներս, կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը և եվրոպական հաստատություններին չտրվել դիվանագիտական անտարբերությանը։ Մենք վերահաստատում ենք հետևյալ սկզբունքները՝

1․ Լաչինի միջանցքի շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակման և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումների հստակ ու միանշանակ դատապարտում,

2․ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական պատասխանատուների անհապաղ ազատ արձակում,

3․ Միջազգային հարթակի ստեղծում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի, անվտանգության և հիմնարար իրավունքների երաշխավորման պայմանները գնահատելու համար,

4․ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության անօտարելի իրավունքի վերահաստատում՝ ապահով, արժանապատիվ և անխոչընդոտ վերադարձ իրենց տներ՝ համաձայն Միջազգային դատարանի որոշումների, մասնավորապես՝ 2023 թ․ նոյեմբերի 17-ի,

5․ Հասցեական եվրոպական պատժամիջոցներ՝ պատերազմի հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների պատասխանատուների նկատմամբ,

6․ Միջազգային հետաքննությունների աջակցում՝ Լեռնային Ղարաբաղում կատարված խախտումները փաստագրելու և, Հռոմի Ստատուտի 14-րդ հոդվածի համաձայն, Դատական վարույթներ մեկնարկելու համար,

7․ Հայաստանին աջակցելու ջանքերի ուժեղացում՝ հումանիտար, անվտանգության և մշակութային համագործակցության ոլորտներում։

Այս տխուր տարելիցի կապակցությամբ մենք վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը ճակատագիր չէ։ Նրանց վերադարձի իրավունքը պետք է մնա ժողովրդավարական երկրների օրակարգի կենտրոնում։ Եվրոպական միությունը չի կարող իր արժեքները պաշտպանել փոփոխական չափանիշներով․ արդարությունն ու մարդու իրավունքները պետք է լինեն համընդհանուր, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Ստորագրողներ՝

  1. ԱԺ Պատգամավոր Ժոել Ավիրանյե, Սոցիալիստական կուսակցություն
  2. Սենատոր Կատրին Բելրիտի, Հանրապետականներ
  3. Սենատոր Գի Բենարոշ, Էկոլոգներ
  4. Պատգամավոր Վերոնիկ Բեսս, Անկախ
  5. Սենատոր Էթիեն Բլան, Հանրապետականներ
  6. Սենատոր Ֆրանսուա Բոննո Կենտրոնամետ միություն
  7. Սենատոր Վալերի Բուայե Հանրապետականներ
  8. Պատգամավոր Քսավիե Բրետոն Հանրապետականներ
  9. Սենատոր Բերնար Բյուի, Միասին
  10. Սենատոր Գիսլեն Կամբիե, Կենտրոնամետ միություն
  11. Սենատոր Մարի-Առլետ Կառլոտտի, Սոցիալիստական կուսակցություն
  12. Պատգամավոր Պոլ Քրիստոֆլ, Սոցիալիստական կուսակցություն
  13. Պատգամավոր Պիերիկ Կուրբոն, Սոցիալիստական կուսակցություն
  14. Սենատոր Ժիլբերտ-Լյուկ Դվինազ, Սոցիալիստական կուսակցություն
  15. Պատգամավոր Ֆիլիպ Գոսսելեն Հանրապետականներ
  16. Սենատոր Բեատրիս Գոսսելեն Հանրապետականներ
  17. Պատգամավոր Էմանուել Գրեգուար Սոցիալիստական կուսակցություն
  18. Պատգամավոր Միշել Հերբիլիոն Հանրապետականներ
  19. Սենատոր Անիկ Ժակեմե Կենտրոնամետ միություն
  20. Սենատոր Յանիկ Ժադո Էկոլոգներ
  21. Պատգամավոր Լորան Լարդի Սոցիալիստական կուսակցություն
  22. Պատգամավոր Էմանուել Մանդոն Միասին
  23. Պատգամավոր Ալեքսանդրա Մարտին Հանրապետականներ
  24. Սենատոր Տիերի Մենյեն Հանրապետականներ
  25. Պատգամավոր Ժան-Ֆրանսուա Պորտարիե Հորիզոններ
  26. Պատգամավոր Ռիշար Ռամոս Դեմոկրատներ
  27. Պատգամավոր Իզաբել Սանտյագո Սոցիալիստական կուսակցություն
  28. Սենատոր Մարկ Սենե Հանրապետականներ
  29. Սենատոր Անն Սույրիս Էկոլոգներ
  30. Պատգամավոր Օրելյեն Տաշե Անհնազանդ Ֆրանսիա
  31. Սենատոր Ռաշին Տեմալ Սոցիալիստական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031