Հոկտեմբերի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ստեփան Լիսիցյան-160» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված անվանի ազգագրագետի հոբելյանին։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր բացման խոսքում ընդգծեց Ստեփան Լիսիցյանի անգնահատելի ներդրումը ոչ միայն թանգարանագիտության, այլև հայագիտության, ազգագրության և մանկավարժության զարգացման գործում՝ շեշտելով նրա բազմաշերտ ժառանգության նշանակությունը։
Գիտնականի թոռնուհին՝ ազգագրագետ Լիլյա Վարդանյանը, իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է նորովի բացահայտելու Լիսիցյանի գործունեությունը և ներկայացնելու նրա անձնվեր գիտական աշխատանքի արդյունքը։
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը և Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյանը, ովքեր կարևորեցին Լիսիցյանի գործունեության նշանակությունը և թողած ժառանգությունը թե՛ գիտության, թե՛ կրթության զարգացման գործում։
Հաջորդիվ Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը ներկայացրեց մեծանուն ազգագրագետի կյանքի և գիտական գործունեության հիմնական դրվագները՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը հայ ազգագրության զարգացման գործում։
Միջոցառման շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում պահվող Ս․ Լիսիցյանի արխիվային հավաքածուն համալրվեց մի քանի նմուշներով, որոնք նվիրաբերեց Լիլյա Վարդանյանը։
«Ստեփան Լիսիցյան-160» ցուցահանդեսում ներկայացված են ձեռագրեր, արխիվային լուսանկարներ, դաշտային հետազոտություններից ձեռք բերված նյութեր և անձնական իրեր։
Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։
Հայաստանի պատմության թանգարան