Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյանը տեղյակ չէր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի

Հոկտեմբեր 11,2025 13:00

Իսկ Մովսես Հակոբյանի գնահատականը չի փոխվել. հանձնաժողովի ստեղծումից հետո նա հայտարարել էր՝ ինքն այդ «ցիրկին» չի մասնակցելու

2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված, գլխավոր ռազմական տեսուչ նշանակված, հետո այդ պաշտոնից էլ ազատված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականները 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության, ապա նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ, չեն փոխվել։

Օրերս հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չի հանրայնացվի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից որոշում է կայացվել՝ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու մասին, ԱԺ նախագահի խոսնակի պնդմամբ՝ «շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում»։ Հանձնաժողովի զեկույցը, ըստ Ալեն Սիմոնյանի խոսնակի բացատրության, ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում եւ բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ։ Սակայն գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, կարող են ծանոթանալ զեկույցին։ Թե արդյոք հնարավորություն կտրվի զոհվածների, անհետ կորածների հարազատներին ծանոթանալու զեկույցին՝ դեռ հստակ որոշում չկա։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները մի քանի անգամ երկարացվել էին, ինչպես հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր պատճառաբանել՝ աշխատանքների մեծ ծավալի պատճառով։ Զեկույցն արդեն պատրաստ էր եւ այն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու ու քննարկելու հարցի շուրջ բանավեճ էր սկսվել Ալեն Սիմոնյանի եւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։

Հանձնաժողովը, հիշեցնենք, ստեղծվել էր 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ։ Դրա կազմում ընդգրկված էին պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները. 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից էին։

«Առավոտը» Մովսես Հակոբյանից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս կմեկնաբանի զեկույցի շուրջ կատարվածը եւ այն որեւէ ձեւաչափով չհանրայնացնելու իշխանության որոշումը։

«Չորս տարի առաջ ես տվել եմ այդ հանձնաժողովի գնահատականը, ոչինչ չի փոխվել։ Գնահատականներս նույնն են եւ անփոփոխ»,- ասաց պարոն Հակոբյանը։ Ճշտող հարցին էլ պատասխանեց, որ զեկույցի նման ճակատագիրն իր համար անակնկալ չէր։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի ստեղծումից հետո Մովսես Հակոբյանը հայտարարել էր՝ ինքն այդ «ցիրկին» չի մասնակցելու։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովում ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ռազմական ղեկավարությունը նախնական որոշում է կայացրել տարհանել պաշտպանության բանակի 7-րդ պաշտպանական շրջանը՝ հավելելով, որ նման որոշման համար հիմք էր հանդիսացել պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանի վերլուծությունը։ Նրա խոսքով՝ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին ասել է, թե այդ որոշումը հիմնավորված չէ. «Ի պատիվ Լեռնային Ղարաբաղի նախագահի, նա մի խմբով գնաց՝ տեղում իրադրությունը գնահատելու, որովհետեւ այնտեղ գնահատականն այն էր, որ զորքը հայտնվում է շրջափակման մեջ, Մովսես Գրանտիչն ասում է՝ պետք է րոպե առաջ էվակուացնել զորքը»։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր՝ առ այսօր չի պարզել, թե ինչո՞ւ էր նման առաջարկ արվում։ 2021-ի նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը իշխանություններին էր մեղադրել պատերազմում պարտության համար եւ պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն՝ կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, միեւնույն ժամանակ նոր իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար: Այդ օրվա ասուլիսում արված գեներալի հայտարարությունների հիման վրա քրեական գործեր էին հարուցվել, դրանց ճակատագրում դեռ հստակություններ չկան։

Ուշագրավ էր, հանձնաժողովի աշխատանքի արդյունքների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր, 1996-2008 թվականներին ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Գագիկ Մելքոնյանի արձագանքը. նա տեղյակ չէր, որ զեկույցն ուղարկվել է ԱԺ արխիվ եւ չի հրապարակվելու։ Մեր հարցին էլ այսպես պատասխանեց. «Բացահայտվել է ամեն ինչն էլ, զեկույցը կա, համապատասխան կառույցներին կուղարկվի քննարկման, որ իրենց թույլ տված սխալներն իրենք տեղում շտկեն. ես այդպես գիտեմ։ Գործընթացը կատարել ենք, հանձնել ենք ԱԺ համապատասխան մարմիններին, մնացածի համար մեկնաբանություններ չեմ կարող անել»։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն էլ մեզ հետ զրույցում տարակուսեց. «Զեկույցին հասանելիություն կունենան պատգամավորները եւ այն էլ մի պայմանով՝ կարդալ ու մոռանալ։ Իսկ թե ծնողներն իրավունք ունե՞ն ծանոթանալ զեկույցին, թե՝ ոչ, այս մասով, ինչպես հասկացա, որոշում չկա։ Կարծում եմ՝ հօգուտ ծնողների որոշում չեն կայացնի։ Թե ի՞նչ չկիսեցին իրար հետ Ալենն ու Քոչարյան Անդրանիկը, այդպես էլ մութ մնաց»։ Զեկույցի հրապարակման մասով Ալեն Սիմոնյան-Անդրանիկ Քոչարյան հեռակա բանավեճից եւ այն արխիվացնելու որոշումից Աստղիկ Գալեյանը մեկ ենթադրություն է արել. «Զեկույցում կան բաներ, որ ի վնաս իրենց է, ուստի պահում են շատ խորը՝ ծնողների եւ հանրության աչքից։ Ես, որպես նահատակված զինվորի մայր, պահանջատեր եմ լինելու, որ իշխանափոխությունից հետո բացվի «պանդորայի արկղը» ու արդարացի հետաքննություն լինի եւ իհարկե, պատժի ենթարկվեն այն բոլոր դավաճանները, որոնց գործունեության կամ անգործության արդյունքում ունենք հազարավոր զոհեր. կորսված հայրենիք՝ Արցախ, Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստներ, արժեքների ոտնահարում, կրոնի ուրացում»։

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ուսումնասիրող ՔՊ-ական իշխանության ստեղծած հանձնաժողովի զեկույցն էլ արխիվացվեց։ Դրան ծանոթացած ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Տիգրան Աբրահամյանը հայտարարել էին, որ զեկույցում տեղ գտած ձեւակերպումները հիմնավորված չէն եւ զեկույցում քառօրյա պատերազմի արդյունքների մասին ոչինչ ասված չէ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031