Թե որքան ժամանակ եւ ինչպես են սկսվել, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ խոսակցությունները, այն ինչ ընթացք է ստացել եւ ինչ վիճակի է հասել այսօր, կարծում եմ՝ մասնակիորեն հասել է նաեւ հայ հասարակությանը: Չէի ցանկանա այդ համաձայնագրի բովանդակության վերաբերյալ երկար խոսել, քանզի նախ նրա վերջնական տարբերակը դեռ չունենք, այլապես այն արդեն ստորագրված կլիներ, երկրորդ` նրա ոչ բոլոր կետերն են գաղտնազերծված ու դրանք նաեւ համարյա մշտապես փոփոխության են ենթարկվում՝ հատկապես Ադրբեջանի կողմից նոր կետեր են թելադրվում, որոնք շատ արագ եւ ամբողջովին ընդունվում են Հայաստանի իշխանությունների կողմից: Բնական է, որ կփորձենք խոսել այն առանցքային կետերի վերաբերյալ, որոնք հավանաբար փոփոխության չեն ենթարկվի ու մեծ հավանականությամբ կմնան այդ համաձայնագրում, իսկ հետագայում կխոսենք նաեւ ավելացված եւ փոփոխված կետերի մասին: Մի բան միայն կարող եմ հստակ ասել, որ գնալով Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում եւ ինչ կետեր ավելացնում են, Հայաստանը հոժարակամ ընդունում է դրանք: Փորձենք վերլուծել այդ փաստաթղթի այն կետերը, որոնք հայտնի են եւ տեսնենք, թե այդ փաստաթղթի ստորագրման դեպքում, այն ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի համար ու ուր կարող է տանել Հայաստանին:
Եթե կարծում եք, որ հայ-ադրբեջանական պատերազմն ավարտվել է, ապա չարաչար սխալվում եք: Իրականում, այդ պատերազմը ոչ մի վայրկյան չի դադարել, ուղղակի փոխվել է դրա ռազմավարությունն ու մարտավարությունը եւ այն իրականացվում է ոչ թե հարձակողական պատերազմի կանոններով, այլեւ տարաբնույթ «խաղաղ պահանջների» առաջադրմամբ, որոնք կետ առ կետ ընդունվում են Հայաստանի իշխանությունների կողմից: Կարծում եմ, բովանդակային առումով նույնն է, եթե թշնամին ինչ-որ բաներ գրավում եւ իրենն է դարձնում պատերազմական հարձակման միջոցով կամ այդ ամենին հասնում է «խաղաղ առաջարկությամբ», առանց ուժի կիրառման, մի տարբերությամբ, որ այդ ընթացքում մարդկային զոհեր չեն լինում ու նա միեւնույն է՝ հասնում է իր ուզած նպատակին, ինչն ուզում էր, որ իրենը լիներ: Պարզ է, որ արդյունքի տեսակետից դրանք նույնն են, ուղղակի դրանց հասնելու ուղիներն են տարբեր: 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը որդեգրել է այս մարտավարությունը, որին հոժարակամ համաձայնում է Հայաստանը: Փաստորեն, հայ-ադրբեջանական վերջին՝ 44-օրյա պատերազմը մինչ այսօր շարունակվում է, ուղղակի հայ ժողովուրդը տեղյակ չէ դրա մասին եւ գլխի էլ չի ընկնում, որ այն, ինչ կատարվում է 44-օրյա պատերազմից մինչ այսօր, դա այդ նույն պատերազմի շարունակությունն է, ուղղակի Ադրբեջանի կողմից այլ մոտեցումներով՝ առանց հարձակման ու նոր զոհերի, որը մեզ համար կորուստ է, իսկ նրա համար միմիայն նոր ձեռքբերումներ … Ադրբեջանը փորձում է սրանք շարունակել այնքան, մինչեւ տիրանա ամբողջական Հայաստանին ու դրանով ամեն ինչ ավարտի: Գաղտնիք չէ, որ նրա գերնպատակը հենց սա է, որից երբեք չի հրաժարվի, ավելին՝ նա համարում է, որ շատ մոտ է կանգնած իր ուզածին եւ քիչ բան է մնացել այն լիովին ավարտելու համար:
Հայ ժողովուրդ, դու շարունակիր այդպես քնած մնալ, հարգելի ընդդիմություն դու էլ շարունակիր քո անզուգական վերլուծությունները ու հույս պահիր, որ դրանով կկապես իշխանությունների ձեռքերը ու կփրկես Հայաստանի կործանումը:
Անկեղծ ասած, վաղուց արդեն հասկանալի է, որ ինչքան էլ ուզում ես այս մասին՝ թեկուզ հազար անգամ գրել, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվում, այնպես որ, իմաստ չունի այն շարունակելը, մնում է դադարեցնելը, քանզի դրա մասին շարունակելն արդեն դառնում է զզվելի: Մեծագույն աբսուրդ է, երբ երկու երկրները խոսում են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու, խաղաղության մասին եւ դա այն պարագայում, երբ մինչեւ այսօր, սուվերեն Հայաստանի 240 քառ.կմ-ից ավելի տարածք գրավել է Ադրբեջանը ու բացարձակ հույս չկա, որ դրանք երբեւէ խաղաղ ճանապարհով կվերադարձվեն: Ավելին, Ադրբեջանն արդեն բազմիցս հայտարարել է, որ նման օրակարգ չկա եւ դրանք երբեք չեն վերադարձվի, որին արդեն համաձայնել է Հայաստանը:
Կարդացեք նաև
Այժմ առանձին-առանձին վերլուծենք այդ համաձայնագրի այն կետերը, որոնց վերաբերյալ արդեն տեղյակ ենք ու որոնք հավանաբար ենթակա չեն մեծ փոփոխությունների: Հնարավոր է, որ համաձայնագրի կետերի միջեւ կան նաեւ տրամաբանական կապեր, այնուամենայնիվ, դրանք հակիրճ կվերլուծենք ըստ կետերի, համաձայնագրում նշված ոչ հերթական համարակալմամբ:
ա/ Փոխել Հայաստանի գործող սահմանադրությունը, քանզի այն հիմնված է անկախության հռչակագրի վրա: Փաստացի հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանն է որոշում, թե Հայաստանն ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա: Աշխարհում նման բան լսված չէ՝ չի եղել եւ չի էլ լինելու, քանզի ոչ մի երկիր՝ երբեւէ այդ աստիճան չի խառնվել անգամ իր կողմից գաղութացված երկրի ներքին գործերին: Այլ խոսքով, դա ոչ ավելի, ոչ պակաս նշանակում է, որ այսուհետ Հայաստանը ղեկավարվելու է Ադրբեջանի կողմից:
բ/ Էապես կրճատել կամ լիովին վերացնել ՀՀ զինված ուժերը՝ բանակը: Սա պարզորոշ նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանն ինչ ուզենա՝ կանի Հայաստանի հետ եւ դա շատ բնական կհամարվի, քանզի Հայաստանին պետք է պաշտպանի իր պաշպանական ուժը, որն արդեն լուծարված կլինի եւ Հայաստանի որեւէ պաշտպանության միջոց չի ունենա ու Ադրբեջանը կանի այն, ինչ կուզենա:
գ/ Բացել «Սյունիքի միջանցքը»: Հնարավորություն է ստեղծվում, իրար հետ անմիջականորեն կապել Ադրբեջանը, Նախիջեւանը, Թուրքիան եւ ողջ իսլամական աշխարհը, որի հնարավորությունը չկար արդեն տասնամյակներ շարունակ, որը նշանակում է, որ Ադրբեջանը եւ ողջ իսլամական աշխարհը ցանկացած պահի կարող է մտնել ու անցնել Հայաստանի՝ Սյունիքի տարածքով ու ցանկացած պահի էլ, ինչ ուզենա, կանի, իսկ ո՞վ կարող է նրանց դեմն առնել /շատ հակիրճ է ասված/:
դ/ Կետ. Անկլավների հանձնում: Բավական է միայն Տիգրանաշենի հանձնումը, որի արդյունքում նրանց առջեւ ազատորեն՝ առանց խոչընդոտի կբացվի Երեւանը, որն արդեն ամեն ինչի մասին պարզորոշ խոսում է:
ե/. 300 000 ադրբեջանցիների բնակության հաստատումը իրենց նախկին բնակության վայրերում: Կարծում եմ, որ դա տեղի կունենա Ադրբեջանի համապատասխան զինված ուժերի վերահսկողության ներքո, որոնց տեղակայումը կդառնա անժամկետ՝ մշտական: Փաստորեն, բացի Ադրբեջանի կողմից սպասվող մշտական ճնշումներից, այդ խիստ պաշտպանվող՝ ետ բերված ադրբեջանցիների կողմից մշտապես կլինեն պրովոկացիաներ, որի հետեւանքով նաեւ հարձակումներ հարեւանությամբ բնակվող հայերի վրա, որոնք կլարեն իրավիճակը եւ կհրահրեն խառնակչություններ, որոնց վերաբերյալ կլինեն հայտարարություններ, թե իբր հայերն իրենց հանգիստ չեն տալիս եւ մշտապես հարձակվում են իրենց վրա, խաթարելով իրենց խաղաղ անդորրը ու իրենց մղում համարժեք պատասխանների, որպեսզի դարձյալ վերսկսվի ընդհատված պատերազմը: զ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, որպեսզի բոլորին հասկացնեն, որ այդ միջնորդ ուժերն այլեւս հարկավոր չեն եւ բոլոր հարցերը կլուծեն ուղղակիորեն՝ առանց միջնորդների, որպեսզի խախտումների պարագայում, ոչ մի այլ ուժ չխառնվի՝ չմիջնորդի նրանց հարաբերությունների հստակեցմանը եւ իրավիճակի կայունացմանը, որը ոչ այլ ինչ է, քան պետք եղած դեպքում համապատասխան ուժի չմիջատման հնարավորություն, որին այլ ուժեր չեն կարող խառնվել:
Կարելի է խոսել այդ «համաձայնագրի» նաեւ մնացած կետերի վերաբերյալ, սակայն այդ կետերի վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին անհասանելի է եւ դրանց վերաբերյալ կասվի այն պարագայում, երբ դրանք որոշակիորեն հասանելի կլինեն:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2025