Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի ու նրա ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է հենց նրա քաղաքական կարիերայի վերելքին զուգահեռ․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հոկտեմբեր 11,2025 10:40

Սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իր ունեցվածքի մասին խոսակցություններին անդրադառնալով, ասել էր․ «Ինձ հետաքրքիր է՝ չէր կարելի՞ հարցում անել ԿԸՀ և տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հանձնել է հայտարարագիր։ Այն ժամանակ պաշտոնյա չէր Տիգրան Ավինյանը, Լոնդոնից մի քանի տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին․․․»։

Թեման ամփոփելով՝ քաղաքապետը եզրահանգել էր․ «Եթե ձեր ասածը ճշմարտություն լիներ, որ մեր ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է իմ քաղաքական գործունեությանը զուգահեռ, միգուցե ինչ-որ տեղ դեբատի հարց լիներ։ Բայց հետաքննություն իրականացնող լրատվականը նման եզրահանգումների չէր կարող գալ»։

«Փաստերի ստուգման հարթակն» ընդունել է Տիգրան Ավինյանի առաջարկն ու ստուգել է նրա հայտարարագրերը՝ վեր հանելով 2017-ից 2024 թվականներն ընկած ժամանակահատվածում նրա ներկայացրած հայտարարագրերում եկամուտների, դրամական միջոցների, անշարժ ու շարժական գույքի, կրիպտոարժույթների տեղաշարժը։

Պաշտոնավարումից առաջ

Որպես Երևան համայնքի ավագանու անդամի թեկնածու, 2017 թվականի մայիսի 14-ին ներկայացրած հայտարարագրում (այն վերաբերել է 01.04.2016-01.04.2017 թթ․ ժամանակահատվածին) Տիգրան Ավինյանի եկամուտների չափը կազմել է 63․8 հզր ԱՄՆ դոլար և 693․618 դրամ։ Արտարժույթով ստացած եկամտի մեծ մասի (մոտ 57 հզր դոլար) աղբյուրը օտարերկրյա 3 կազմակերպություններ են։ Ընդ որում, որպես եկամտի տեսակ նշված գումարը ներկայացված է «Այլ» ենթատողի տակ, ինչը նշանակում է, որ այն աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ չէ։ Հայտարարագրից պարզ չէ, թե հատկապես ինչ նպատակով ու ինչի դիմաց է Ավինյանն ստացել այդ խոշոր գումարները։

FIP.am-ը փորձել է հանրային բաց հարթակներում տեղեկատվություն գտնել Ավինյանին խոշոր գումարներ վճարած օտարերկրյա կազմակերպությունների մասին։ «Տռայբեկա Ֆայնենշըլզի» դեպքում խոսքն ամենայն հավանականությամբ 2015 թվականից գործող Tribeca Financial  կազմակերպության մասին է, որն զբաղվում է ֆինանսական խորհրդատվությամբ։ Ինչ վերաբերում է  Lawson Conner ընկերությանը, այն զբաղվում է կարգավորիչ ենթակառուցվածքների և հսկողության ծառայությունների մատուցմամբ։ Բաց հարթակներում մեզ չի հաջողվել գտնել «Հաթըն Գրուպի» մասին 2016-2017 թվականներին վերաբերելի որևէ տեղեկություն։

Ըստ հայտարարագրի, այդ ժամանակահատվածում մոտ 7 հզր դոլար էլ Ավինյանը ստացել է որպես նվիրատվություն՝ ոմն Միրաք Միրաքյանից և Մարինե Ավինյանից։  Թե ովքե՞ր են այս անձինք ու ի՞նչ կապ ունեն Տ․ Ավինյանի հետ, մեզ չի հաջողվել պարզել․ ՀՀ ընտրողների ռեգիստրում այս անուն-ազգանունով անձինք հաշվառված չեն։

Չնայած վերջին մեկ տարում որպես եկամուտ հայտարարագրված խոշոր գումարին, դրա միայն մի փոքր մասը՝  693 հզր դրամն է ներկայացված որպես աշխատավարձ, որը ստացվել է  հայաստանյան «ՇՏԸ» ՍՊԸ-ից։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ավագանու անդամի թեկնածուի ունեցած դրամական միջոցների չափը եղել է շատ համեստ՝ 429 դոլար և 300 հզր դրամ։ Վերջինիս անունով որպես անշարժ գույք հայտարարագրված է 1 ավտոտնակ՝ 18․1 քմ մակերեսով։ Որևէ այլ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև արժեթղթեր և այլ ներդրումներ, թանկարժեք գույք, կրիպտոարժույթ և այլն,  առկա չէ։

2023 թվականի տարեկան հայտարարագրով Երևանի քաղաքապետի պաշտոնավարումը  (պաշտոնը ստանձնման ամսաթիվը՝ 10․10․2023թ.) շարունակող Տ․ Ավինյանի

  • դրամական միջոցները տարեվերջին կազմել են 34․4 մլն դրամ,
  • եկամուտները 45․4 մլն դրամ:

Ընդ որում, գրանցված եկամտից 14 մլն դրամը գոյացել է որպես անշարժ գույք հայտարարագրված  ավտոտնակը (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը, ավտոհանգրվանը, ավտոկայանատեղին) օտարելու արդյունքում։ 

2024 թվականի տարեկան հայտարարագրով Երևանի քաղաքապետը նույնությամբ կրկնել է անհատական բնակելի տան ու VOLKSWAGEN ավտոմեքենայի առկայության մասին տվյալները։ Մի փոքր տարբերություն կա, սակայն, նախկինում ու այս հայտարարագրով ներկայացված տրանսպորտային միջոցի ձեռք բերման եղանակի մասով։ Եթե 2022 թվականին այն ներկայացվել էր որպես նվիրատվություն, ապա 2024 թվականին հանրայնացված է որպես գնում։ Ի վերջո այն գնե՞լ, թե՞՝ որպես նվեր է ստացել հայտարարատուն, պարզ չէ։

Ընթացիկ տարվա եկամուտները կազմել են 54․6 մլն դրամ, որից 27․3 մլն դրամը՝ որպես Երևանի քաղաքապետարանից ստացված աշխատավարձ, ևս 2․9 մլդ դրամը՝ նույն կառույցից, այս դեպքում որպես «Այլ» եկամուտ։ Եվս 24 ․3 մլն դրամ կազմել է POOLIN  կրիպտոմայնինգի հարթակից ստացած գումարը, որը ևս ներկայացված է «Այլ» եկամուտ տողում:

Դրամական միջոցները տարեվերջին կազմել են 38․1 մլն դրամ։

2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախս տողով այն կազմել է  4․3 մլն դրամ։

Տիգրան Ավինյանի կրիպտոարժույթների պորտֆելը

2019 թվականից սկսած քաղաքապետն սկսել է նաև կրիպտոարժույթներ հայտարարագրել․

  • 2019թ․-Bitcoin-2.00
  • 2020թ․-Bitcoin-2.00, Ethereum-5
  • 2021թ․-Bitcoin-2.00, Ethereum-0.01
  • 2022թ․-Bitcoin-1.66, Ethereum-5.00, Ada Cardano-1,483
  • 2023թ․-Bitcoin-1․81, Ethereum-5.00, Ada Cardano-1․483
  • 2024թ․-Bitcoin-4․57, Ethereum-5.00, Ada Cardano-1,483։

Հաշվի առնելով 2024 թվականին Տիգրան Ավինյանի հայտարարագրած կրիպտոակտիվները՝ դրանց ընթացիկ շուկայական արժեքը, ըստ 2025 թվականի հոկտեմբերի 5-ի տվյալների, հետևյալն է.

  • 1 Bitcoin ≈$122․760
  • 1 Ethereum ≈$4․541
  • 1 ADA ≈$0.857

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Տիգրան Ավինյանի կրիպտոակտիվների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան $584,000 ԱՄՆ դոլար, մասնավորապես.

  • BTC՝ մոտ $561,001
  • ETH՝ մոտ $22,705
  • ADA՝ մոտ $1,271։

Այսպիսով, չնայած Ավինյանի պնդումներին, թե իր ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավվումը իր քաղաքական գործունեության հետ կապ չունի, այդուհանդերձ, «Փաստերի ստուգման հարթակի» վերլուծությունը  ցույց է տալիս, որ Ավինյանի ու նրա ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է հենց նրա քաղաքական կարիերայի վերելքին զուգահեռ։

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031