Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը. «Փաստ»

Հոկտեմբեր 11,2025 10:20

Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ, Կազան): Ու, իր կարծիքով, Փաշինյանը ոչ այն է՝ հեգնեց, ոչ այն է՝ մուննաթ եկավ. «Է՜, բա լուծեիք…»:

Կարծում ենք՝ սա այն դեպքն է, երբ չարժե անտեսել Փաշինյանի դրսևորումն ինքնին:

Նախ՝ զուտ բարոյաքաղաքական տեսանկյունից. ով՝ ով, բայց հաստատ Փաշինյանը ո՛չ բարոյական իրավունք ու ոչ էլ տեղ ունի որևէ դիտողություն անելու Հայաստանի նախկին ղեկավարներին՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման, այս կամ այն տարբերակով խնդրի լուծման հնարավորության վերաբերյալ: Եվ չունի այդ իրավունքը, քանի որ անձամբ իր՝ Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացի հետ կապված անպատասխանատու դիրքավորումն են հաջորդած իրադարձությունների հանրագումարում աղետի մատնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առոչինչ դարձրել Արցախի ազգային-ազատագրական պայքարի արդյունքները, համայն հայության՝ տասնամյակների զոհողություններն ու նվիրումը: Փաշինյանի, այլ ոչ թե որևէ այլ ղեկավարի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով է, որ թշնամին բռնազավթել է Արցախը, հազարամյակներով հայկական երկրամասը ամբողջովին հայաթափվել է, շուրջ 150 հազար արցախցի բռնի տեղահանության է ենթարկվել, զրկվել տունուտեղից, բնօրրանից, կենսատարածքից:

Երկրորդ՝ եթե մի կողմ դնենք քաղաքականության ու, մանավանդ, Հայաստանի այսօրվա կառավարիչների համար ծայրահեղորեն խորթ բարոյական մոտեցումները, ապա Փաշինյանն ինքն է զրկել նախկին նախագահներին այս թեմայով որևէ բան ասելու իրավունքից: Եվ զրկել է հենց այն պահից, երբ հայտարարեց, որ Արցախի խնդրով բանակցություններն ինքը սկսելու է իր կետից (նաև ասվել է՝ «զրոյական կետից»):

Դա 2019 թվականի ապրիլին էր: Հետագայում էլի է կրկնվել նման հայտարարություն:

Իսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում:

Չէ, իսկապես, եկեք ՀՀ նախկին ղեկավարներին իսկապես հանգիստ թողնենք: Նրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ու ընկալումներն ունի, բայց դա չէ էականը:

Էականը փաստերն են. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում իր ինքնորոշման իրավունքի իրացման մասին հայտարարած և անկախություն հռչակած Արցախը, Հայաստանի աջակցությամբ, իհարկե, դիմակայել է ադրբեջանական ագրեսիային, ագրեսորից ազատագրել է տարածքներ, հասել 1994 թ. հրադադարին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում (որ անցած 30-35 տարիների մեջ ամենից խաղաղն են եղել, ի դեպ), Արցախը պահպանել է իր դիրքերը, բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդվել են: Նույնը կարելի է ասել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանի մասին, որի ժամանակ միայն պաշտոնավարման վերջին մոտ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիայի (2016 թ. Քառօրյա պատերազմ), բայց էական արդյունքի չի հասել:

Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մայիսի 8-ից ստանձնել է ՀՀ ղեկավարի պաշտոնն ու մինչ օրս ամեն գնով պահպանում է այն: Ընդ որում, եթե ընդունենք, որ նա պաշտոնավարելու է մինչև հերթական ընտրություններ, ստացվում է, որ ավելի շատ է երկրի ղեկավարի պաշտոնում, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, ու ընդամենը երկու տարի քիչ, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Եվ, ի համեմատություն վերը նշվածի, ինչի՞ է նա հասել: Իսկ հասել է նրան, որ իր հաջորդին այևս չի կարող Արցախը փոխանցել, քանի որ այն մատնել է աղետի: Սա է անողոք փաստը և իրականությունը:

Հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը: Ի դեպ, այստեղ ավելորդ չէ հիշել, որ նախքան նրա իշխանության գալը, ինչպես հայտնի է, Ալիևը նեղսրտում էր, որ «փակ դռների ետևում» միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Լավ, «իր կետից» ի՞նչ է բանակցել Փաշինյանը Արցախի վերաբերյալ, օրինակ՝ 2019 թվականից: Փաշինյանն ինքը ԱԺ ամբիոնից «իր ձևերով» հայտարարում էր, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում է»:

Այդ ընթացքում, ինչպես հետո պիտի հայտնի դառնար, 2019-ին, 2020-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի իշխանությանն են ներկայացրել կարգավորման ծրագիր: Փաշինյանը այն ոչ միայն չի ներկայացրել հանրությանը՝ ի հակառակ իր հրա պ ա ր ա կ ա յին խոստ մ ա ն (17.08.2018 թ. ելույթ), այլև ընդհանրապես հերքում էր, գրեթե երդվում, որ նման փաստաթուղթ չկա: Ի վերջո, բանն այնտեղ հասավ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մերկացրեց Փաշինյանի այդ սուտը՝ դեռ 2020-ին հայտարարելով, որ կա բանակցային փաստաթուղթ:

Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանի 2018-2020 թթ. հայտարարությունները և մոտեցումները («զրոյական կետ», «միկրոհեղափոխություններ՝ բանակցային գործընթացում», «վերելակային բանակցություն» և այլն) գործնականում ծառայեցին միայն այն նպատակին, որ բանակցային գործընթացը տորպեդահարվեց: Բայց որպեսզի ընդհանրապես խաչ քաշվի այդ գործընթացի վրա, Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա «գետնի վրա» լեգիտիմացրեց պատերազմական եղանակով խնդիրը լուծելու, ռազմական ագրեսիայի դիմելու՝ թուրք-ադրբեջանական մղումները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031