Զանգեզուրի միջանցքը դարձել է սկլերոտիկ տատիկների առավոտյան սուրճը հայտնի անեկդոտից: Տատիկներն այն խմել են, ու երկուսն էլ մոռացել, թե ինչ են խմել։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են 42 կիլոմետրանոց ուղու շուրջ, բայց չգիտեն, թե որտեղ է այն: Ալիեւը խոսում է Նախիջեւանն Ադրբեջանի մյուս տարածքի հետ կապող Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ միջանցքն անցնում է Զանգելանով եւ Հորադիզով: «Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- հայտարարում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ ՔՊ-ականները հորդորում են փակել քննարկումներն այդ արտահայտության շուրջ, քանի որ այն չկա օգոստոսի 8-ի փաստաթղթում։ Այս տարօրինակ բանավեճի շուրջ զրուցեցինք դիվանագետ, ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ։
– Դուք տարբեր երկրներում ներկայացրել եք Հայաստանը՝ Լիտվայում, Գերմանիայում, Հնդկաստանում, նաեւ ՄԱԿ-ում եք ներկայացուցիչ եղել, ԱԳ նախարարի տեղակալ։ Կարո՞ղ եք նման տարընկալման օրինակ բերել, երբ կողմերը կարող են լուծել հակասությունները քարտեզին նայելով, բայց չեն լուծում։
– Եթե մտածեմ, կարող եմ մտաբերել, բայց չեմ կարծում, որ դա է կարեւորը։ Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ ամեն կողմը հետապնդում է իր նպատակները, ունի իր պատկերացումները տվյալ նախագծի վերաբերյալ՝ առավել եւս, որ բացակայում կամ թաքցվում են նախագծի իրավաֆինանսական եւ տեխնիկական պայմանները։ Սա բարենպաստ հող է ստեղծում ամեն կարգի մեկնաբանությունների համար։ Ես չգիտեմ՝ Վաշինգտոնում ստորագրելուց առաջ կամ հետո այդ երթուղու իրավաֆինանսական եւ տեխնիկական մանրամասները հստակեցնելու նպատակով աշխատանք տարվե՞լ է, թե՞ ոչ։ Քանի դեռ դա հայտնի չէ, իրարամերժ եւ խառնաշփոթ մեկնաբանություններ եւ անգամ մեղադրանքներ հնարավոր են։
– Տարրական իրավիճակ է, երբ այդ 42 կիլոմետրի անգամ տեղը չեն կարողանում որոշել։ Նա ասում է՝ Զանգեզուրի միջանցք, Փաշինյանն ասում է՝ չկա նման բան, խոսքը Զանգելանի ու Հորադիզով անցնող ուղու մասին է։ Փաշինյանն ասում է՝ Ալիեւին ասել եմ, որ ցույց տա քարտեզի վրա, Ալիեւը ցույց չի տալիս, ինչպես ժամանակին Փաշինյանն ասում էր, որ Ալիեւը ցույց տա քարտեզի վրա, թե որն է Հայաստանը, ու մինչ օրս նա ցույց չի տվել։ Սա աբսո՞ւրդ չէ։
Կարդացեք նաև
– Ցանկացած աբսուրդ սկսվում է նրանից, որ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը, եւ թե ինչ է ենթադրվում այս կամ այն ձեւակերպմամբ։
– Թրամփի ներկայությամբ այդ ամենը չեն քննարկե՞լ։
– Փաստաթուղթը ստորագրող անձինք հետապնդել են նաեւ իրենց նեղ անձնական նպատակները։ Թրամփին այն նախեւառաջ անհրաժեշտ էր Խաղաղության նոբելյան մրցանակի իր հայտը «հարստացնելու» համար։ Հայաստանի բանակցողներին դա պետք էր, այսպես կոչված, խաղաղության օրակարգն ընտրություններից առաջ հիմնավորելու եւ հանրությանը հրամցնելու նպատակով։ Ամենից քիչ այդ փաստաթղթի կարիքն ուներ Ալիեւը, եւ այդ պատճառով էլ նա համաձայնեց ընդամենը փաստաթղթի նախաստորագրմանը։ Միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ որոշակի դիտարկումներ կատարվել են, բայց թե երբ կհրապարակվեն դրանք՝ պայմանավորված է ընթացող քաղաքական խաղի սցենարով։ Դա կարվի «ճիշտ» պահին։ Եթե գործընթացը չընթանա ըստ մեր կառավարիչների պատկերացման, այն կհրապարակվի ընտրություններից հետո։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է այս նախագիծն անդրադառնում Հայաստանի ինքնիշխանության վրա։ Ակնհայտ է, որ քաղաքական քարտեզներին նախագծի տակ ընկնող հողատարածքը չի պատկերվելու որեւէ այլ երկրի կազմում։ Բայց կա առնվազն երեք կողմ՝ Հայաստան, Ադրբեջան եւ ԱՄՆ։ Չմոռանանք նաեւ Թուրքիան։ Հետեւապես, կարելի է ենթադրել, որ մեր երկրի ինքնիշխանության որոշ տարրեր ճանապարհի կառավարման գործում հանդիսանում են սակարկության առարկա եւ կարող են սահմանափակվել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում