Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ձեր աչքի մեջ գերանը տեսե՞լ եք․ Գենադի Մնացականյան

Հոկտեմբեր 11,2025 15:50

Մոտ երկու շաբաթ հարգելի պատճառով չէի հետևում լրահոսին։ Այսօր արդեն այդպիսի լիարժեք հնարավորություն ունեցա  և շատ զարմացա, երբ կարդացի հատկապես հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին։ Տպավորություն էր, որ ոչ թե երկու շաբաթով էի տեղեկատվական «ծոմի» մեջ գտնվել՝ այլ երկու տարով։

Իսկապես իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Նոր ամբիցիաներով հին մարդիկ են հայտնվել քաղաքական դաշտում, դա միայն ողջունել կարելի է, որովհետև ընդդիմադիր դաշտում ինչքան շատ մարդիկ ներգրավվեն քաղաքականության մեջ, այնքան  հասարակությունը քաղաքականապես գրագետ կլինի, ինչից ամենաշատը վախենում են ՀՀ ներկայիս իշխանությունները։ Տխրությամբ տեղեկացա նաև, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործող քահանաներից ևս երկու կամ երեք հոգի հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կրոնա-քաղաքական աղանդի ճիրաններում։

«Քաղաքացիական պայմանագիր»  – հայ ժողովուրդ տեղեկատվական պայքարը, ինչպես գիտենք, խորքի մեջ հենց 2018 թվականից է գործնական փուլի մեջ մտել, սակայն 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ և Ադրբեջանի կեղծ խաղաղարար նախագահների կողմից իրականացրած վաշինգտոնյան բլեֆից հետո այդ տեղեկատվական պատերազմը նոր փուլ է թևակոխել։ Յոթ տարվա իշխանության ժամանակահատվածում ոչ մի ռազմական կամ դիվանագիտական հաղթանակ չգրանցած եկեղեցամարտ իշխանությունները հույս ունեն, որ դեռ կարող են վստահություն ներշնչել հայ ժողովրդին  և որքան ցավալի է, որ նույնիսկ օծյալ քահանաներ տրվում են նրանց պառակտիչ ծրագրերին։

Իմ նախորդ հոդվածներում ես անդրադարձել եմ այդպիսի քահանաների անխոհեմ ու հակաեկեղեցական քայլերին և հույս հայտնել, որ կարող են զղջալ և խաղալիք չդառնալ չար ուժերի ձեռքին։ Այժմ նույնպես նույնը կրկնում եմ, քանի որ իրականում շատ բարդ շեղվածության մեջ են հայտնվել Տեր Արամը և մյուսները և դրանից կարելի է ձերբազատվել միայն աղոթքով։ Անհրաժեշտ է հոգևոր եղբայրների ու հոգևոր հայրերի հետ խորհրդակցել և կրկին ճիշտ ուղով ընթանալ։ Ես նախկին քահանա եմ և շատ լավ հասկանում եմ նրանց հոգեկան վիճակը, որը կարող է շատ ավելի վատ լինել, եթե դարձի չգան։

Ուզում եմ վստահեցնել, թերևս անգիտակցաբար մոլորության մեջ հայտնված Տեր հայրերին, որ նման հոգեկան կամ հոգեբանական իրավիճակներից անհնար է ազատվել սատանայի ծառաների որջեր այցելելով, նրա կամակատարների հետ համագործակցելով։ Դուք ձեր աչքի մեջ գերանը տեսե՞լ եք։ Եթե դուք, մեղսավոր ու  կամայական բարեփոխումների ջատագով Տեր Արամ և մյուսներ, այժմ գտնվում եք ապազգային ուժերի ազդեցության տակ, իսկ ես վստահ եմ, որ դա հենց այդպես է, ապա շուտափույթ դարձի եկեք և վստահ եղեք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քինախնդրություն չկա և միշտ այնտեղ թագավորում է հայրական, որդիական ու եղբայրական սերն ու հարգանքը մեկը մյուսի նկատմամբ։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031