Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացավ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգման խորհրդի անդամների կողմից հաշվետու ժողովի մասնակիցներին և հանրությանը ներկայացվեց շարժման մեկնարկից հետո իրականացման աշխատանքների արդյունքները, քննարկվեցին և նախանշվեցին շարժման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու անելիքները։
Միջոցառման մեկնարկում ներկաները դիտեցին վերջին մեկուկես ամիսների ընթացքում շարժման կողմից կատարված աշխատանքների մասին պատմող հակիրճ տեսանյութը, որից հետո խոսքը փոխանցվեց շարժման համակարգող խորհրդի զեկուցողներին։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց առաջին 1,5 ամսում շարժման կողմից կատարված աշխատանքների մասին ընդհանուր ամփոփիչ հաշվետվությամբ՝ ընդգծելով, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժմանն արդեն միացել է 5000 կամավոր։ Նարեկ Կարապետյանը նշեց, որ շարժման հարյուրավոր համախոհներ օր օրի միանում են շարժմանը՝ վստահություն հայտնելով, որ այսպիսի դինամիկայով առաջիկա ամիսների ընթացքում շարժման անդամների թիվը կհասնի մի քանի տասնյակ հազարի։
Մինչև խոսքը շարժման համակարգող խորհրդի մյուս անդամներին փոխանցելը, հատուկ ելույթով հանդես եկավ բարերար, գործարար, «Մեր ձևով» ժողովրդական շարժման հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, որն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի մասնակիցներին։
Կարդացեք նաև
Հաշվետու ժողովի ընթացքում շարժման շրջանակներում գործող 5 աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին աշխատանքային խմբերի իրականացված աշխատանքները, այնուհետև շարժմանը միացած մի շարք մասնակիցներ հանդես եկան շարժման անելիքների մասին իրենց տեսլականներով։
Շարժման առաջին հաշվետու ժողովին որպես փորձագետ և հատուկ բանախոս տեսաուղերձով հանդես է եկել նաև հայազգի տնտեսագետ, 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Աշխարհում երրորդ ամենաշատ մեջբերվող տնտեսագետ, բեստսելլեր դարձած «Ինչու են ազգերը ձախողվում» և «Իշխանություն և առաջընթաց» գրքերի համահեղինակ պարոն Դարոն Աճեմօղլուն։ Պարոն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ իր մասնակցությունն է ունենալու շարժման կողմից կազմվող՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։
Շարժման առաջին հաշվետու ժողովի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում շարժման համակարգող խորհրդի անդամները պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
***
Սամվել Կարապետյանի ուղերձը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի մասնակիցներին, 11-ը հոկտեմբերի, 2025թ․։
Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համախոհներ,
Ողջունում եմ «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը։ Այսօր կարևոր գործ եք նախաձեռնել ու կարևոր կարգ եք ձևավորում՝ ժամանակը մեկ ամփոփել աշխատանքի արդյունքները և զեկույցով հանդես գալ ժողովրդի առաջ։
«Մեր ձևով» շարժման սկզբնավորման պահից ի վեր մենք ձեզ հետ մեկ գլխավոր նպատակ ենք ունեցել՝ թույլ չտալ, որպեսզի մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ։ Որ լավ ապրուստ փնտրելով՝ չլքի մեր հայրենիքը՝ թողնելով այն թշնամու ու դրա սպասավորների քմահաճույքին։ Եվ մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս։
Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխությունների է բերել երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա Հայ ժողովրդի ձեռքբերումը։
Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ։ Գիտեմ նաև, որ ընդլայնման ու իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չկասկածի՝ չենք նահանջելու, կանգ չենք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը։
Անելու ենք՝ մեր ձևով։
***
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքը շարժման առաջին հաշվետու ժողովին
Շատ ուրախ եմ բոլորին այստեղ տեսնել։ Կուզեմ Ձեզ ներկայացնել մեր շարան առաջին 1 ամսվա մասին տվյալներ։ 1,5 ամիս առաջ մեկնարկել է մեր շարժումը։ Այս ժամանակահատվածը, իհարկե, շատ փոքր է, բայց Փա՛ռք Աստծո, արդեն ունենք կատարած աշխատանք․ կա համալրված թիմ ու կան արդյունքներ, որոնցով ուզում ենք Ձեզ հետ կիսվել։
Առաջինը, որ կուզենայի շեշտել՝ դա մեր թիմն է։ Այսօր ես հայտարարում եմ, որ «Մեր ձևով» շարժմանն արդեն միացել է 5000 կամավոր։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում և միանում են մեզ՝ առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, որոնց կարիքը իրենք են տեսնում և որոնց անհրաժեշտությունը մենք բոլորս ենք տեսնում։
Մենք ուրախ ենք, որ բոլորս միասին ենք, ձեր մասնակցությունը պատիվ է մեզ համար: Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, մենք վստահ ենք, որ մոտակա ամիսների ընթացքում մենք արդեն կունենք տասնյակ հազարավոր կամավորներ, և դա արդեն մեծ մերան կլինի մեր հասարակության մեջ՝ անշրջելի փոփոխություններ կատարելու։ Թիմը երիտասարդ է, այդ պատճառով երբեմն մեզ հարցնում են՝ ինչն է պատճառը, որ մարդիկ միանում «Մեր Ձեւով» շարժմանը։ Ես կարող եմ ասել, որ պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը, այն վստահությունը, որ մենք բոլորս ունենք, որ նա հետևողական է լինելու, շարունակելու է չգցել հայ ազգի անունը, պահպանել մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած լումային (մենք վստահ ենք, չէ՞, հայրենակիցներ ջան, որ դա այդպես է) և իր գաղափարներով, իր ծրագրերով մենք Հայաստանը դարձնելու ենք օրինակելի երկիր գոնե մեր տարածաշրջանում։ Մեզ նաև շատ են քննադատում, ասում են՝ ուր գնում եք, իսկ մենք շատ շրջաններ ու մարզեր ենք գնում, ասեմ ինձ համար ամենահաճելի մասն է դա, որովհետև այն դրական էներգիան, որ մենք մարզերից ու գյուղերից ստանում ենք, աննկարագրելի է։ Այս ամբողջ պրոցեսում, այս հորձանուտում, որի մեջ մենք հայտնվել ենք, ինձ համար ամենաուրախ օրերը ես տեսել եմ գյուղերում՝ այցելելով գյուղեր։ Շատերը խոսում են, որ գյուղերում մարդիկ ունեն իշխանամետ հայացքներ և իրենց ձեռք է տալիս այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Ես վստահեցնում եմ՝ դա առասպել էր․ գյուղերում մենք տեսանք մեծ հակազդեցություն և գաղափարներ։ Մեզ առաջարկում էին այնպիսի գաղափարներ՝ անգամ տնտեսագիտական, որոնց մեր տնտեսագիտական թիմը դեռևս չէր հանգել։ Եվ այդ մարդկանց գաղափարները շարք են դառնալու մեր գաղափարներում, և մենք դրանցից լավագույները ներդնելու ենք մեր ծրագրերի մեջ։
Շատ են քննադատում, ասում են՝ քաղաքական ուժը ինչպես կարող է միայն տնտեսությունից խոսել։ Ձեզ մոտ ստացվում է տնտեսությունը, դրանից էլ խոսում եք։ Ասում են՝ զբաղվեք քաղաքականությամբ։ 30 տարի զբաղվել են քաղաքականությամբ, ինչպե՞ս են զբաղվել։ Լա՞վ են զբաղվել։ Մենք պետք է զբաղվենք տնտեսությամբ։ Մեր երկրի ղեկավարները իրենց ժամանակի 80 տոկոսը պետք է ծախսեն տնտեսության վրա։ Երբ մենք նայում ենք օտարերկրյա պետությունների նախընտրական քարոզարշավները, բոլորը տնտեսության մասին են։ Նայում ենք Հայաստանինը՝ բոլորը իրար մասին է։ Մարդիկ իրար մասին են միայն խոսում։ Ասում են՝ ինչ կապ ունի՝ Թալինում ինչ ես կառուցելու։ Երկրում դու պետք է քաղաքական ինչ-որ միտք տաս։ Իսկ Թալինում կառուցած գործարանից, Արմավիրում կառուցած մթերման կայանից է մեր երկրի տնտեսությունը ստեղծվում, մրցակցություն ստեղծվում։ Եթե մենք մեր շրջանները չկարողանանք տնտեսապես կայացնենք, Երևանում նստած՝ իրար հետ բանավիճելով չէ։ Եվ մենք շարունակելու ենք տնտեսության մասին խոսել։ Եթե մենք կարողանում ենք գործազրկության հարցը լուծել երկրում, մենք կարողանալու ենք լուծել նաև կրթության հարցը, որովհետև մարդիկ հնարավորություն են ունենալու ստանալ բարձր աշխատավարձեր՝ դասախոսները, ուսուցիչները, քանի որ պետական բյուջե ավել գումար է գնալու, պետությունը հնարավորություն է ունենալու վճարել, ստեղծել նեղ մասնագիտացված դպրոցներ, կրթահամալիրներ, որ մենք 21-րդ դարում մրցակցային լինենք, որովհետև բոլոր տեղերում նեղ մասնագիտացած դպրոցներ են, համալսարաններ են։ Հայաստանում մենք դեռ հին իներցիայով մենք շարունակում ենք, չենք կարողանում բյուջե ավելացնենք։ Տնտեսություն է պետք, որ բյուջե ավելացնենք, տնտեսություն է պետք, որ բյուջե ավելացնենք առողջապահության մեջ։ Մարդիկ վախենում են գնալ հիվանդանոց։ Երբ գյուղերում խոսում ենք, կանայք ասում են՝ տղա ջան, չի ցավում, չեմ գնում, գնամ ծախս եմ անելու, չգիտեմ՝ ինչի հետևանք է դա լինելու։ Շատ կարևոր է, որ երկրում լինի ապահովագրություն, բայց ճիշտ մշակված։ Եվ շատ կարևոր է, որ մարդիկ, ունենալով աշխատանք, հնարավորություն ունենան չնայեն իրենց գրպանին, գնան և ուղղակի հետևեն իրենց առողջությանը՝ առանց վախի։ Եվ դա էլ է տնտեսություն։ Միայն գործազրկությունը հաղթելով՝ մենք դրան կգանք։
Երրորդ բանը, որ կուզեի ասել․ երբ որ ասում են՝ մեր անվտանգությունից ինչու չեք խոսում։ Սամվել Կարապետյանն իր մի ելույթի ժամանակ ասել է․ մեր քառասունչորսօրյա պատերազմի անհաջողությունը մի շարք բաներից էր, որից ամենակարևորներից մեկը հետևյալն է․ դա հարուստի և աղքատի պատերազմ էր։ Հայ ժողովուրդը երկու օրվա ընթացքում ռազմաճակատ է ուղարկել 5000 կամավոր։ Ոչ ոք իրավունք չունի ասել, որ հայ ժողովուրդը փախչել է պատերազմից։ Երբ մենք դիտում ենք ադրբեջանական կադրերը՝ երեք ավտոբուսով՝ 20 հոգի կամավոր։ Մեզ մոտ, չե՞ք հիշում, հարյուրավոր, հազարավոր մարդիկ․․․ Բայց, երբ դու աղքատ երկիր ես, զենք չես տալիս այդ մարդուն, ասում ես՝ տանից զրահաբաճկոնը հագի՛ր, գնա՛, չես պլանավորում՝ այդ մարդը ոնց պետք է պայքարի։ Որքան էլ քաջ է հայ զինվորը, որը մեր մեծերի ասելով էլ, մասնագետների ասելով էլ՝ ավելի պատրաստված է, ավելի մոտիվացված է, չես կարող պայքարել։ Մեզ պետք է լավ տնտեսություն, որ կարողանանք լավ սարքավորումներով զինենք մեր բանակը։ Մենք որևիցե նկրտում չունենք որևէ երկրի հետ ինչ-որ խնդրով հակամարտություն սկսելու։ Մենք ուղղակի խաղաղություն ենք ուզում։ Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է, և իր խաղաղությունը պետք է լինի ապահոված, իսկ մեր անվտանգային համակարգը պետք է լինի մեր ամրագոտին։ Երբ մենք լինենք հարուստ երկիր՝ տարածաշրջանում ամենահարուստ երկրներից մեկը, մեզ տարածաշրջանում ոչ մեկ չի համարձակվի նայել այս աչքով։ Մեզ մեր դաշնակիցներն էլ ուրիշ աչքով կնայեն, կտեսնեն, որ տնտեսական ուժ կա այս երկրի հետևում։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեր հիմնական քայլը, յուրաքանչյուր քաղաքական ուժը քայլը, որը պետք է հարց լուծի Հայաստանում, պետք է լինի այն, որ այն պետք է խոսի միայն տնտեսությունից, լուծի տնտեսական հարցերը և լուծի Հայաստանի հարցերի մեծ մասը։
Մի քանի բան էլ կուզեի ավելացնել, եթե թույլ կտաք։
Առաջինը՝ մենք երբեմն խոսում, ներկայացնում ենք վերջին հարյուր տարվա մեր պատմության տարբեր դրվագներ, և ես մի բան եմ նկատել․ ամեն անգամ, երբ մի դրվագի մասին եմ խոսում, մեր իշխող ուժը թերահավատորեն է մոտենում, ասում է՝ այդ դրվագից ինչու ես խոսում, դա պետք է մոռանանք մենք։ Պատմեմ՝ ինչու մասին եմ խոսում։ Առաջինը, երբ քսաներորդ դարը սկսեց, ինչպես գիտեք, տխուր դեպքերով՝ Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերով։ Երբ մենք խոսում ենք ջարդերից, Ցեղասպանությունից, ասում են՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կվատանան։ Եվ չնայած դրան՝ Թուրքիայի հետ սահմանի բացման պահանջ չի հանդիսացել Հայոց Ցեղասպանության հարցը օրակարգից հանելը։ Թուրքիայի միակ պահանջը եղել է Քարվաճառի պահանջը, դուք գիտեք այն։ Բայց ասում են՝ մի խոսա, թուրքերի հետ կվատանանք։ Եվ դրանից հետո՝ 1920 թվականին, տեղի է ունեցել երկրի խորհրդայնացումը։ Մեկ անգամ ես խոսքի մեջ ասացի, որ ԽՍՀՄ ժամանակ մեր պապերը՝ տարիքով շատ մարդիկ, որոնք այստեղ են, 1000 հատ գործարան են սարքել 1000 տարում։ Դրանից հետո այդ մարդիկ ասացին, որ ես քարոզ եմ անում Խորհրդային Միության։
Հարգելինե՛րս, Խորհրդային Միությունը գնացել է, և ԽՍՀՄ կազմաքանդման հիմնական կատալիզատորը եղել է Արցախյան շարժումը։ Խորհրդային միությունը չի՛ վերադառնալու։
21-րդ դարը դինամիկ, ազգային պետությունների դար է, որը մենք պետք է լինենք։
Երրորդը, անցնում ենք Խորհրդային Միությանը, և գալիս ենք անկախ Հայաստանին։ Անկախ Հայաստանն ունեցել է մեծ խնդիրներ՝ տնտեսական խնդիրներ, բայց նաև ունեցել է ձեռքբերումներ՝ երկու մեծ ձեռքբերում։ Առաջին անգամ հարյուրամյակի մեջ մենք՝ մեր ուժերով, առանց լուրջ օգնության, հաղթել ենք մեր հարյուրամյա հակառակորդին՝ լավ կազմակերպվածության արդյունքում, և մեր երկրի 30%-ը ազատագրել ենք։
Երկրորդ բանը, որ ձեռք ենք բերել․ Սովետական միությունը միշտ սահմանափակում էր մեր ազգային ինքնագիտակցությունը։ Մենք ձեռք ենք բերել դպրոցներում, կրթության մեջ ազգային ինքնագիտակցության ավելի բարձր աստիճան։ Մենք՝ հիմա ու մենք՝ 10 տարի առաջ, լրիվ ուրիշ ենք։ Ես կարծում եմ, որ ինքնագիտակցությունը մեզ մոտ աճում է, և այսօր երկուսն էլ վտանգի տակ են։ Եվ այսօր էլ վտանգի տակ են։ Այսինքն՝ մեկը՝ մեր Արցախյան հաղթանակը, մենք արդեն կորցրել ենք, իսկ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, որովհետև այսօր բոլոր տեղերից ենթարկվում է պասիվ հարձակումների։ Որ պաշտոնապես չեն ասում, բայց մենք տեսնում ենք, որ մեր տարբեր կետերից վերանում են մեր ազգային խորհրդանիշները։ Մենք գիտենք, թե ինչպես են նրանք ասում, մեկից չեն ասում, որ մեծ բողոք չառաջացնեն, բայց քիչ-քիչ դրան են բերում։ Երկրորդն էլ, մեր երեսուն տարվա մեջ մենք ունենք այդ հաղթանակը, և մենք է պետք պահենք այդ հաղթանակը։
Մենք ունեցել ենք նաև այս 30 տարվա մեջ մեկ կարևոր դաս․ 44-օրյա պատերազմի մասին ես պետք է խոսեմ։ 44-օրյա պատերազմը մեր հաղթանակից հետո մի կարևոր դաս է, որ մենք պետք է սերտենք, որ հետագայում այդ նույն խնդրին չանդրադառնանք։ Մի վատ հատկություն ունենք, որը մեր վատ հատկություններից է, գրական բառը չեմ գտել, դրա համար խոսակցականն եմ ասում՝ արխային ենք ընկնում։ Հաղթում ենք՝ քաջաբար, դժվար, Ստեփանակերտի ապաստարաններում և նկուղներում, տարիներով պաշտպանվում ենք, կռվում ենք, հաղթում ենք և արխային ենք ընկնում։ 30 տարվա արխային ընկնելու արդյունքում մեր հակառակորդը, ավելի երկարաժամկետ թշնամություն ունենալով, նայելով ավելի հեռուն, ուժեղանում էր, իսկ մենք հանգստացել էինք։
Մեր յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հավակնում է լինել երկրի ղեկավար, հարց լուծել երկրում, պետք է մի բան անի։ Իշխանությունը վերցնելուց հետո այդ փառքի մեջ արխային չընկնի։ Պետք է արխային չընկնի։ Պետք է ամեն օր մեկ ոտք ավելի առաջ լինել հարևաններից։
Հայ մարդուն շատ բան պետք չէ։ Եթե մենք նայում ենք, պետք է ընտանիքում բոլորը առողջ լինեն, բնակարան լինի, լավ կրթություն երեխաներին, մեծերը անհոգ ծերություն ունենան։ Եվ այսքան տաղանդ ունեցող ազգը չի կարող դրան չհասնել, ուղղակի լավ ուղղորդում է պետք։
Այսօր «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը շարունակում է գտնվել ապօրինի կալանքի տակ, ինչպես հայտնի է, մեկ պատճառով։ Փոքրիկ խմբակին դուր չի եկել, որ նա պաշտպանել է իր եկեղեցուն, և նա պաշտպանել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ որպես իմ ասած ազգային ինքնագիտակցության խրամատներից մեկը, բայց մի բան կարող եմ ասել իր խոսքերից։ Նա հայտարարել է, որ անգամ բանտախցում նա ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացված փոքրիկ խմբակը։
«ՄԵՐ ՁԵՎՈՎ» ՇԱՐԺՈՒՄ