Կայսրությունների հետ գործ ունենալը միշտ վտանգավոր է։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն դրանք աննախադեպ փոփոխություններ են բերում կախյալ ժողովուրդների կյանքում՝ թույլ տալով նրանց դուրս գալ անհույս հետամնացությունից։ Սակայն, որպես կանոն, այս պայմանները պարբերաբար վերածվում են մեծ ողբերգությունների այդ ժողովուրդների համար։ Երբ Ռուսաստանը 2020-23 թվականներին ցույց տվեց իր դաժան կայսերական «ժպիտը» դաշնակից Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս թողնելով Ադրբեջանի ու նրա դաշնակիցների ողորմածությանը, շատերը հասկացան կայսերական վարքագծի տրամաբանությունը։
Սակայն ոչ բոլորը հասկացան այս տրամաբանության համընդհանրությունը։ Երբ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկեց Մեղրիի գոտում հաղորդակցության ենթակառուցվածքները հանձնել իրեն, Հայաստանը ոգեւորությամբ ընդունեց առաջարկը՝ որպես երկրի անվտանգության ամուր երաշխիք եւ ՌԴ-ի ու թուրքերի պահանջներից պաշտպանվելու հնարավորություն։ Տարածաշրջանում ի հայտ եկող պետական իրավիճակի որեւէ այլ կողմ չի դիտարկվել։ Բայց ի՞նչ վիճակ ստեղծվեց օգոստոսի 8-ից հետո:
Այն, որ Փաշինյանն ամեն կերպ պնդում է, թե խաղաղություն է բերել, եւ այն, իբր, արդեն հաստատված է՝ հեռու է իրականությունից: Փաստն այն է, որ ընդամենը ստորագրվել է համաձայնագիր առ այն, որ կողմերը կաշխատեն վերջնական պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Օգոստոսի 8-ին, պարզապես, համաձայնություն է տրվել ամերիկյան կողմին՝ բավական տեւական ժամանակ ներկա լինել ՀՀ-ի այդ հատվածում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նշված հատվածը հանձնվել է ԱՄՆ-ին, ինչն էլ իշխանությանը թույլ է տալիս խոսել խաղաղություն բերելու մասին: Մեղրիի մասով, փաստորեն, եղավ կոնսենսուս եւ, թերեւս, արգելանք դրվեց Ադրբեջանի հարձակման դեմ, որովհետեւ այդ հարձակումն իսկապես սպասվում էր:
Ժամանակին ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը երկու անգամ հայտարարել էր, որ Երեւանը վտանգի տակ է, Ադրբեջանը նոր հարձակում է նախապատրաստում, եւ երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց վաշինգտոնյան փաստաթուղթը, նա նորից ելույթ ունեցավ ու ասաց, որ իրենք կասեցրին հարձակումը: Սա նշանակում է, որ Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերել, այլ հրադադար, այն էլ՝ անորոշ ժամկետով: Վատն այն է, որ Հայաստանը կորցրեց իր ամենահիմնային խաղաքարտը՝ ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրիի հատվածը, որի վերահսկողությունը հանձնեց ԱՄՆ-ին՝ սահմանափակելով իրավիճակի վրա ազդելու իր հնարավորությունները: Հիմա ամեն բան կախված է ԱՄՆ նախագահից, որը հաճախ Հայաստանի անունն էլ է մոռանում:
Կարդացեք նաև
Սա որոշ առումով փոխել է նաեւ մեր անվտանգության՝ առանց այն էլ խախուտ եւ խոցելի ճարտարապետության էությունը. Հայաստանի տարածքում ստեղծվել է մի իրավիճակ, որն իսկական կռվախնձոր է՝ պայմանավորված այդ հատվածում մի քանի պետությունների ունեցած տարբեր շահերով: Ի հայտ է եկել մի նոր երեւույթ՝ պայթյունավտանգությամբ շատ ավելին, քան եղել է Արցախն իր խնդրով: Խաղաղությունն այդպես չի կառուցվում. այն կառուցվում է ուժեղ եւ կայուն հավասարակշռության կառուցվածքի հիման վրա: Ալիեւը՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, լավ գիտի, որ սա ընդամենը հրադադար է, ոչ ավելին:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում