Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայքում տեղեկացվում է, որ հոկտեմբերի 6-ին Հաագայում կայացել է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։
Դեսպանության կայքի նախնական տարբերակում միջոցառման մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չկար, սակայն այժմ հավելվել է, որ երեկոյին ներկա են գտնվել Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Հաագայում նստավայր ունեցող միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Նիդերլանդներում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Միաժամանակ, նիդերլանդահայ մի շարք կազմակերպություններից տեղեկանում ենք, որ այս տարի չեն ստացել հրավեր՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալում ավանդաբար մասնակցել են դեսպանության կողմից կազմակերպվող տոնական ընդունելություններին։ Նրանց թվում է նաև մեր լրատվամիջոցը, որը դեռ մեկ տարի առաջ դիմել էր հարգարժան դեսպանին հարցազրույցի խնդրանքով, սակայն այն, չնայած մեր մի քանի հիշեցումներին, մինչ օրս մնացել է անպատասխան։
Մինչդեռ ողջ համայնքի հայ բնակչությանը հետաքրքրում է` Նիդերլանդներ-Հայաստան հարաբերությունների ու հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին լսել հենց դեսպանից գոնե կլոր տարին մեկ անգամ: Երբ ասենք երկրի ղեկավարը այցելում է սփյուռքի գաղթօջախ, նա ներկայացնում է Հայաստանում տիրող իրավիճակը: Իսկ մեր դեսպանը, ով Հայաստանն է ներկայացնում գաղթօջախում, երկու տարի է՝ լուռ է:
Կարդացեք նաև
Անցյալում ձևավորված ավանդույթ էր, որ Անկախության տոնը նշվում էր համայնքի ակտիվ անդամների և դեսպանության համատեղ ջանքերով, իսկ «Նիդերլանդական Օրագիր» պարբերականը պարբերաբար լուսաբանում էր դեսպանության գործունեությունը։ Մենք վստահ ենք, որ նման համագործակցությունը միշտ նպաստել է փոխադարձ վստահության, հաղորդակցության և հայրենանպաստ գործերի իրականացմանը։
Եթե մեծարգո դեսպանը գտնում է, որ ներկայիս ձևաչափն առավել նպատակահարմար է, ապա ընդունում ենք այդ ընտրությունը՝ հարգանքով։ Այնուամենայնիվ, համոզված ենք, որ բաց երկխոսությունն ու համագործակցությունը մնում են ամենաարդյունավետ ուղիները՝ մեր համատեղ նպատակներին հասնելու համար։
Այնուամենայնիվ, մենք կփորձենք պահպանել և զարգացնել համագործակցության հնարավոր ուղիները, քանի որ մեզ բոլորիս համար թանկ է մեր հայրենիքը։ Միայն բաց երկխոսությամբ և միասնականությամբ կարող ենք հասնել հաջողությունների։
Այս տեսակետից օրինակ է ծառայում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը ( Embassy of the Netherlands in Armenia ), որը ակտիվորեն ներգրավված է հայաստանյան հանրային ու մշակութային նախաձեռնություններում։ Դրա գործունեությունը բազմիցս անդրադարձվել է մեր հրապարակումներում։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Շնորհավորում ենք բոլորին Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»