Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Փարաքար համայնքի բնակիչները բողոքի խաղաղ ակցիա են անցկացնում Մերձավանում

Հոկտեմբեր 12,2025 13:42

Սեպտեմբերի 23-ի կեսգիշերն անց իր տան մոտ հրազենային կրակոցներից զոհվել էր համայնքապետը եւ նրա ընկերներից մի ոստիկան: Ընդդիմադիր ուժերը կատարվածը համարում են քաղաքական սպանություն, Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որով դատապարտում էր Մերձավանում տեղի ունեցած սպանությունները, իսկ տեղի ունեցածից հետո ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը հայտնել էր, թե համայնքապետի սպանությունը կապված է միջանձնային հարաբերությունների հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Մերձավանում տվյալ պահին ոչ մի լարվածություն չկա: «Ժողովուրդն իր կամքն է ուզում արտահայտել: Հանգիստ ակցիա է, առանց խոչընդոտի, առանց մեկը՝ մյուսին վիրավորելու: Ճանապարհ չենք փակելու, ոչ մեկին չենք վիրավորելու, խաղաղ ակցիա է: Գյուղում առհասարակ հանգիստ վիճակ է, ոչ մեկը ոչ մեկի չի նեղացնում: Սպասում ենք արդար դատավարության»:

Հարցին, թե Վալոդյա Գրիգորյանի տան մոտից գնալո՞ւ են Մհեր Ախտոյանենց տան առջեւ, տղամարդը պատասխանեց. «Ոչ, ոչ մի տեղ չենք գնալու: Գնանք ի՞նչ անենք; Այնտեղ ապրող էլ չկա: Ասում են՝ հեռացել են»:

Մերձավանցիներից մեկ ուրիշն էլ տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներին ասաց. «Հուղարկավորության ժամանակ տեսա՞ք ինչքան հարազատ ունի: Մարդիկ իրար ցավակցում էին: Տենց թաղում ո՞ր մեկդ եք գնացել, որ մարդիկ հարազատներին չցավակցեն՝ իրար ցավակցեն: 52 տարեկան մարդ եմ, տենց հուղարկավորության չեմ մասնակցել»:

«Ինքնաբուխ ակցիա է: Նախապես պլանավորված ոչինչ չկա: Համայնքի բնակիչները, ընկերներն են հավաքվել: Իրենց աջակցությունն են հայտնում պարոն Գրիգորյանին»,-ասաց զոհված համայնքապետի ընկերներից Լեւոն Օհանյանը: Նա զերծ մնաց ողբերգությանը իրավական գնահատականներ տալուց. «Թող իրավապահները գնահատական տան: Ըստ էության, այս պահի դրությամբ մենք խնդիրը բարձրաձայնելու համար ենք այստեղ»: Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ  թեեւ ակցիան խաղաղ է, բայց մարդկանց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ ներքին լարվածություն կա: Ու թերեւս, բնակավայրում ոստիկանների մշտական ներկայությունը  որոշակի ռիսկի ու լարվածության պատճառով է: Նա տեղեկություն չուներ տարածվող այն լուրերի մասին, իբր Գրիգորյանների եւ Ախտոյանների միջեւ ինչ-որ «ռազբորկաներ» դեռ շարունակվում են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031