Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի դեպքում թափանցիկությունը նրա ժողովրդավարական արժեքների կարևոր մասն է. ԵԽ Կապի գրասենյակների տնօրինության տնօրեն

Հոկտեմբեր 13,2025 09:30

Եվրոպական խորհրդարանի Կապի գրասենյակների տնօրինության տնօրեն Սթիվեն Քլարկը պատասխանատու է խորհրդարանի ներկայացուցչությունների աշխատանքի համակարգման և ԵՄ կառույցների հաղորդակցության քաղաքականության տարածման համար։ Նա պատրաստակամորեն պատասխանեց այս թեմայով «Առավոտի» մի քանի գրավոր հարցերի: Նշենք, որ Սթիվեն Քլարկի կինը «Կապան ֆեստ» մշակութային փառատոնի կազմակերպիչներից է, եւ պրն Քլարկը Բրյուսել այցելած հայ լրագրողների հետ գնահատանքով էր խոսում Հայաստանի մասին: 

Սթիվեն Քլարկը Բրյուսել այցելած հայ լրագրողների հետ

 

-Ի՞նչ նախաձեռնություններ ունի ձեր կազմակերպությունը՝ ԵՄ-ի մասին հուսալի և փաստերի վրա հիմնված տեղեկատվություն արտադրելու համար։ Ի՞նչ չափանիշներ կամ մեթոդներ եք կիրառում՝ ապահովելու համար, որ ԵՄ-ին վերաբերող ձեր բովանդակությունը լինի վստահելի: 

-Մենք համոզված ենք, որ մեր կարգավիճակը՝ որպես եվրոպական հաստատություն, նշանակում է, որ մենք հատկապես լավ դիրքում ենք հանրությանը ԵՄ հարցերի վերաբերյալ վստահելի տեղեկատվություն տրամադրելու համար մեր տարբեր հաղորդակցման ալիքների միջոցով։ Այս նպատակով մենք օգտագործում ենք մեր ինտերնետային կայքը, սոցիալական մեդիայի տարբեր հարթակներ և փաստաթղթերի լայն տեսականի, որը տարածվում է թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական միջոցներով։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, մենք ունենք բազմաթիվ մամուլի աշխատակիցներ թե՛ կենտրոնական գրասենյակում, թե՛ անդամ պետություններում, ովքեր կարող են անհատական և կոլեկտիվ ընթացքում լրագրողներին տեղեկացնել ԵՄ հարցերի մասին։

ԵՄ-ին վերաբերող մեր բովանդակությունը, կարծում ենք, ինքնաբերաբար վստահելի է, քանի որ դրանք անմիջապես արտադրվում են ԵՄ-ի հաստատության կողմից։ Մենք ունենք ներքին մեխանիզմներ՝ ապահովելու համար, որ մեր բովանդակությունը հիմնված է փաստերի վրա և հուսալի է։ Ակնհայտ է, որ մենք ուշադիր ենք մեր կազմակերպությունում աշխատող անձանց մասնագիտական հատկություններին նկատմամբ:

-Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք ձևավորում են հանրության վստահությունը ԵՄ-ի նկատմամբ, և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ գործոնները ամրապնդելու համար։ Իրականացնո՞ւմ եք հատուկ ծրագրեր, որոնք ուղղված են ԵՄ-ի նկատմամբ վստահության խորացմանը։

-Ինչպես ցանկացած պետական ​​հաստատություն, ԵՄ-ն մեծապես կգնահատվի իր արարքներով, ուստի մեզ համար կարևոր է հստակ բացատրել եվրոպական հաստատությունների կողմից ձեռնարկված գործողություններն ու որոշումները։ Եվրոպական խորհրդարանի դեպքում թափանցիկությունը նրա ժողովրդավարական արժեքների կարևոր մասն է, ինչը նշանակում է, որ մենք ապահովում ենք, որ հաստատության աշխատանքը բաց լինի ընդհանուր առմամբ հանրության համար՝ բոլոր հնարավոր ալիքների միջոցով, և որ քաղաքացիները տեղյակ լինեն խորհրդարանի անդամների հետ կապ հաստատելու իրենց հնարավորությանը։

Խորհրդարանի և ԵՄ հաստատությունների առջև ծառացած ամենախնդրահարույց հարցը ապատեղեկատվությունն է Եվրոպական միությանը թշնամաբար վերաբերվողների կողմից։ Այդպիսի ապատեղեկատվությունը հաճախ շահարկում է սխալ պատկերացումները, անգիտությունը և կանխակալ վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ։ Այն հիմնվում է զգացմունքային, ոչ ռացիոնալ հաղորդակցության վրա։ Հետևաբար մեզ համար կարևոր է նաև կարողանալ ներգրավել լսարանները՝ ավելի զգացմունքային ուժեղ հաղորդագրությամբ, մեծապես կենտրոնացած մեր ընդհանուր արժեքների շուրջը՝ որպես եվրոպացիներ, ինչպես նաև հակահարված հասցնել ապատեղեկատվությանը բոլոր հնարավոր միջոցներով։

Մենք խորհրդարանի հաղորդակցման ջանքերը տեսնում ենք սերտորեն շաղկապված ժողովրդավարական հաշվետվողականության սկզբունքին։ Քաղաքացիներն ունեն իրավունք իմանալ, թե ինչ է արվում իրենց ընտրված ներկայացուցիչների կողմից և ինչպիսի ազդեցություն ունեն նրանց որոշումները իրենց կյանքի վրա։ Սա քաղաքացիների և խորհրդարանի միջև վստահության հիմնական հիմքն է։ Այնուամենայնիվ, հատկապես հաղորդակցման լայն սահմանման սահմաններում՝ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով խորհրդարանն ուզում է շփվել կոնկրետ լսարանների հետ, օրինակ՝ դպրոցների և երիտասարդների համար նախատեսված ծրագիր, որը ներառում է Եվրոպական միության տարածքի դպրոցները։

-Ինչպե՞ս եք ստեղծում և տարածում ԵՄ-ի մասին դրական պատումներ և պատմություններ։ Որո՞նք են այն հարթակները կամ մեդիա գործիքները, որոնք ամենաարդյունավետ կերպով օգտագործում եք այդ պատմություններով լսարաններին հասնելու համար։ Կարո՞ղ եք կիսվել այն նախագծերի օրինակներով, որոնք հաջողությամբ նպաստել են ԵՄ-ի ավելի դրական ընկալմանը։

-Անպայման մեր գործը չէ ստեղծել «դրական» պատումներ, եթե սա ենթադրում է, որ ԵՄ-ի բոլոր գործողություններն ու որոշումները անպայման ողջունվում են բոլորի կողմից միշտ։ Պլյուրալիստական հաստատությունում ինստիտուցիոնալ հաղորդակցման ծառայությունը ձգտում է հասնել առավելագույն թափանցիկության՝ ինչ վերաբերում է գործընթացին, և խթանել ԵՄ ժողովրդավարական հաստատությունների հետ ներգրավվածությունը։ Հետևաբար` սա ավելի շուտ ԵՄ գործողությունների բացատրման, քան արդարացման հարց է, և խորհրդարանի որոշումների ազդեցության ցուցադրում մարդկանց կյանքի վրա։ Այնուամենայնիվ, խորհրդարանի հաղորդակցման բաժինը ակտիվորեն կտարածի դրական հաղորդագրություն, երբ խոսքը վերաբերում է եվրոպական հիմնարար արժեքներին՝ ժողովրդավարություն, ազատություն, հանդուրժողականություն և այլն։

Խորհրդարանը ձգտում է լինել այնտեղ, որտեղ լսարանն է, և հետևաբար նպատակ ունի ներկա լինել լրատվամիջոցների և հաղորդակցության այլ ալիքների բոլոր ձևերում, որտեղ հնարավոր է հասնել իր լսարաններին։ Ավանդական լրատվամիջոցները, ինչպես նաև նոր թվային մեդիան, հետևաբար, չափազանց կարևոր ալիք են, ինչպես նաև մեր սոցիալական մեդիայի հարթակները, որոնց միջոցով շատ քաղաքացիներ ստանում են իրենց նորություններն ու տեղեկատվությունը։ Պարբերաբար խորհրդարանը իրականացնում է տեղեկատվական արշավներ, օրինակ՝ եվրոպական ընտրություններին մասնակցությունը խրախուսելու համար, և դրանք միշտ բազմազան բազմալիքային արշավներ են՝ ներառելով լրատվամիջոցներ, սոցիալական մեդիա, միջոցառումներ, արտաքին գովազդ և այլն։

Եվրոպական խորհրդարանի կապի գրասենյակներում մենք հատկապես հպարտ ենք մեր Եվրոպական խորհրդարանի դեսպան դպրոցների ծրագրով, որին ներկայումս մասնակցում են մոտ 2500 դպրոց ԵՄ-ի տարածքում։ Այդ դպրոցների ուսուցիչների օգնությամբ մենք ձգտում ենք ներգրավել երիտասարդներին՝ մտածելու Եվրոպական միության մասին և թե ինչպես է այն ազդում իրենց կյանքի վրա, և իսկապես՝ ինչպես ապագայում նրանք կարող են ներգրավվել ժողովրդավարական գործընթացում։ Այս ծրագիրը նաև մեզ թույլ է տվել միավորել հազարավոր երիտասարդների թե՛ Բրյուսելում, թե՛ Ստրասբուրգում և Եվրոպայի այլ վայրերում՝ թույլ տալով նրանց հանդիպել իրենց հասակակիցներին այլ եվրոպական երկրներից և սովորել Եվրոպական միության կողմից իրենց նման երիտասարդներին առաջարկվող հնարավորությունների մասին։

-Ունի՞ ձեր կազմակերպությունը ռազմավարություն՝ հետևողականորեն ներկայացնելու ԵՄ-ի հուսալի և դրական կերպարը։ Ինչպիսի՞ նորարարական մոտեցումներ կամ մեդիա ձևաչափեր եք օգտագործել՝ ավելի երիտասարդ լսարաններին կամ սոցիալական մեդիայի օգտատերերին ներգրավելու համար։

-Եվրոպական խորհրդարանի հաղորդակցման ռազմավարությունը ղեկավարվում է նրա քաղաքական իշխանությունների կողմից՝ հաղորդակցության բաժնի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա։ Սա էականորեն հիմնված է հաղորդակցության չորս մակարդակների վրա։

Նախ, կենսական նշանակություն ունի քաղաքացիների համար ապահովել մուտք դեպի Եվրոպական խորհրդարանի գործառնությունը։ Սա իրականացվում է, օրինակ, չափազանց հարուստ կայքի միջոցով, որը պարունակում է բոլոր հնարավոր փաստաթղթերը և իսկապես բոլոր հանձնաժողովների և ամբողջական նիստերի ուղիղ հեռարձակումը։ Սա նաև ներառում է քաղաքացիների համար հնարավորություն՝ այցելելու խորհրդարան և տեսնելու այն գործողության մեջ՝ իրենց սեփական աչքերով։

Երկրորդ, կարևոր է քաղաքացիներին բացատրել խորհրդարանի գործունեությունը, որը շատ առումներով անսովոր մարմին է, դեռևս ինտեգրված չէ ազգային կյանքում և, հետևաբար, քաղաքացիներին ծանոթ չէ ավտոմատ կերպով։ Հետևաբար մենք զգալի ջանքեր ենք գործադրում՝ ցույց տալու և բացատրելու, թե ինչ է կատարվում Եվրոպական խորհրդարանում՝ դա անելով ԵՄ-ի բոլոր պաշտոնական լեզուներով, ինչպես նաև, օրինակ, պահպանելով սերտ հարաբերություններ լրագրողների և լրատվամիջոցների հետ, հեշտացնելով նրանց մուտքը դեպի խորհրդարան, անդամներին և խորհրդարանի հարմարություններին։

Երրորդ, հաղորդակցման ծառայություններին պարբերաբար հանձնարարվում է հաստատության անունից հղել տարբեր հաղորդագրություններ, որի հիմնական օրինակը եվրոպական ընտրություններից առաջ իրականացվող արշավն է՝ քաղաքացիներին փոխանցելու ընտրություններում քվեարկելու կարևորությունը։

Վերջապես, ԵԽ հաղորդակցման ծառայությունները ավելի ու ավելի են ձգտում խթանել քաղաքացիների ներգրավվածությունը իրենց խորհրդարանի հետ՝ նրանց կապելով հաստատության անդամների հետ և նրանց հնարավորություններ տալով արտահայտելու իրենց տեսակետները եվրոպական հարցերի վերաբերյալ։

Խորհրդարանը 2008 թվականին առաջին եվրոպական հաստատությունն էր, որը ակտիվորեն ներգրավվեց սոցիալական մեդիայի հարթակներում։ Դրանից հետո այն հետևողականորեն ձգտել է նորարարություն իրականացնել հաղորդակցության ոլորտում՝ հետևելով հաղորդակցության ավելի լայն աշխարհի միտումներին։

Ներկայումս մեծ ջանքեր են գործադրվում ազդեցություն ունեցող գործիչների և այլ գործընկերների ակտիվացման համար, ովքեր կարող են օգնել ապահովել, որ խորհրդարանի հաղորդագրությունները հասնեն ավելի լայն լսարանների, ովքեր անպայման չեն ներգրավվի հաստատության հաղորդակցման ալիքներում։ Օրինակ, մենք աշխատում ենք բազմաթիվ ոլորտներում ակտիվ բովանդակություն ստեղծողների հետ՝ նրանց խրախուսելու համար ինքնուրույն հաղորդակցվել եվրոպական հարցերի վերաբերյալ։

-Շատ բան է ասվել ապատեղեկատվության և բացահայտման մասին։ Ինչպե՞ս եք տեսնում ապատեղեկատվությանը հակադրվելու և ԵՄ-ի դրական ու հուսալի կերպարի պրոակտիվ կերպով կառուցման միջև հավասարակշռությունը։ Ձեռնարկու՞մ եք կանխարգելիչ գործողություններ՝ վստահելի և դրական բովանդակություն տարածելու համար ապատեղեկատվության տարածումից առաջ։

-Ինչպես շատ հանրային հաստատություններ, որոնք փորձում են պայքարել ապատեղեկատվության դեմ, մենք գիտակցում ենք, որ ամեն հնարավոր ապատեղեկատվությունը հերքելու կամ անտեսելու փորձը հավանաբար անհեռանկարային և նույնիսկ երբեմն նպատակին հակառակ գործողություն է։ Իհարկե, մենք ձգտում ենք բացահայտել և կանխել շփոթեցնող պատումները, որտեղ հնարավոր է, բայց ի վերջո ապատեղեկատվության «ճակատարգրից» գլխավորապես ազատվելու լավագույն ճանապարհը, նախ՝ օգնել ստեղծել մեդիագրագիտության մշակույթ, որով քաղաքացիները կարող են ինքնուրույն «պատվաստվել» ապատեղեկատվության դեմ, և երկրորդ՝ զարգացնել հզոր, հուսալի, ճշմարիտ և ներգրավող պատում, որը ի վերջո ավելի ուժեղ կապացուցվի, քան ապատեղեկատվություն տարածողների պատումը։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Հոդվածը պատրաստվել է «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» ծրագրի շրջանակում։

Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (Փոխակերպման խթանման ծրագիր) ֆինանսական աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031