Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
Մերձավանում իրականացվող ստորագրահավաքի հետ կապված, որով պահանջում են սպանության մեջ մեղադրվողի ընտանիքին վտարել համայնքից, անընդհատ անհանգիստ էի ու եմ:
Ինչպես բացատրել նման մոտեցման անթույլատրելիությունն ու անմարդկային լինելը, ի վերջո հակաքաղաքակրթական լինելը:
Հիշեցի վաղուց իմ տեսած «Լեգենդ Նարայամայի մասին» ճապոնական ֆիլմը:
Կարդացեք նաև
Ցանկացողները կարող են գտնել ռուսերեն թարգմանությունը կա «Легенда о Нараями».
Մի էպիզոդ պատմեմ ֆիլմից:
Մի ընտանիքի հարսը գողություն է անում ամուսնու ընտանիքից, որպես պատիժ աղջկա հայրական ողջ ընտանիքին այդ հարսի հետ ողջ ողջ թաղում են:
Հիմա սա ինչ է, եթե ոչ կոլեկտիվ պատիժ մի ամբողջ ընտանիքի հանդեպ, որի մի անդամը կատարել է ծանրագույն հանցագործություն:
Ամեն մարդ միայն իր կատարած հանցանքի համար պետք է պատասխան ու պատիժ կրի, եթե հանցագործություն է կատարել, ոչ թե այդ հանցանքը չկատարած որևէ մեկ այլ անձ, այդ թվում նրա հարազատներն էլ պետք է պատժվեն:
Միջնադարո՞ւմ ենք:!!!
Պետությունը, իշխանությունը, մարզպետարանը, ոչ միայն իրավապահ մարմինները, պետք է հանդիպեն մարդկանց, բացատրեն նման գործողության անթույլատրելիությունը:
Միայն ոստիկանական ուժով անվտանգությունն ապահովել հնարավոր չէ:
Ի վերջո ոչ ոք երաշխիք չունի, որ իր ընտանիքի որևէ անդամ կամ հարազատ չի կատարի հանցանք:
Հիմա ինչ, ամեն նման դեպքում ողջ ընտանիքին ու հարազատներին հեռացնելո՞ւ եք համայնքից, կամ ինքնադատաստան եք տեսնելո՞ւ:
Ու վերջում քանի ընտանիք է մնալու: !!
Էլ չեմ խոսում տարիներ շարունակ մարդիկ տուն տեղ են դրել, տնտեսություն ստեղծել: Այդ ինչպե՞ս եք պատկերացնում:
Դատաստան տեսնելը ո՞րն է:
19-րդ դարի «վայրի արևմուտքի» բարքերը տեղ չեն կարող ունենալ 21-րդ դարում:
Պետական ինստիտուտները պետք է գործեն, ոչ թե միայն հետևեն ու վերջում արձագանքեն:
Անգամ ծանրագույն հանցագործություն կատարած անձին ազատազրկման վայրում պետք է երաշխավորել մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը, ուր մնաց նրա հարազատներն էլ ենթարկվեն պատասխանատվության չարած հանցանքի համար:
Երբ արդարադատությունն ուշանում է նման ծանր դեպքերում, հետևանքները ծանր են լինում, բայց չի նշանակում, թե համայնքը պետք է կորցնի մարդկային կերպարը:
Ուշքի եկեք: