«Բայց ո՞վ է ասել, որ այդպես չի։ Քոչարյանը որտեղի՞ց է վերցրել, որ այդպես չի։ Մի մեծ քարտեզ էլ դուք դրեք ձեր դիմացն ու տեսեք, որ այդպես չի։ Երասխից մինչեւ Նախիջեւան երկաթուղու կտորը մեկ կիլոմետրանոց փոքր հատված է․ դա անպայման գործարկվելու է։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է էն քառասուն քանի կիլոմետրը սարքենք, էդ մեկ կիլոմետրը՝ չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ այդպես էլ հստակ չասելով թե «Թրամփի ուղու» լայնությունն ինչքա՞ն է լինելու եւ այդ մասով լրագրողների հարցերը հեգնեց։ Նա պնդեց՝ այդ ճանապարհը ՀՀ ինքնիշխան տարածքն է։
Գեւորգ Պապոյանը վստահեցրեց՝ «Թրամփի ուղու» մասով մեր պայմանավորվածությունները միայն ԱՄՆ-ի հետ են․ «Ճանապարհի հետ որեւէ երկիր գործ չունի։ Ճանապարհի հետ գործ ունեն միայն Հայաստանը եւ ԱՄՆ-ը։ Այլ բան հնարավոր չի, չի էլ լինելու»։
Լրագրողները Գեւորգ Պապոյանին հարցեր էին ուղղել այդ ճանապարհի հետ կապված՝ մեջբերելով նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները, որ ճանապարհն ավելի երկար պիտի լինի՝ հասնելով Երասխ, Ադրբեջան, ՌԴ, որպեսզի Հայաստանի համար արդյունավետ լինեի, ոչ թե ստացվի այնպես, որ միայն ադրբեջանցիներն են օգտվում։
Գեւորգ Պապոյանն ասաց, որ «Թրամփի ուղու» նախագիծ կա, թե ոչ՝ չգիտի, ինքը ծանոթ չէ։ Նա տեղեկություն չունի նաեւ ճանապարհի շինարարության համար հայ-ամերիկյան ընկերությունը ձեւավորվե՞լ է, թե՞ ոչ։ Ընդհանուր առմամբ, ասաց՝ տեխնիկական մանրամասների չի տիրապետում։
Կարդացեք նաև
Գեւորգ Պապոյանը հայտարարեց՝ հայ-ամերիկյան համագործակցությունը միայն «Թրամփի ուղու» մասին չէ, այն շատ ավելի լայն է։ Հիշեցրեց՝ օրեր առաջ մոտ 130 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր ստորագրվեց․ հայաստանյան տեղական բանկն իրեն կարողանում է թույլ տալ ամերիկյան վերազգային կորպորացիային վարկ տրամադրել։ Ինքը դա նույնպես օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունք է համարում։ Ճիշտ է՝ ասում է՝ գործընթացը մի քիչ ավելի շուտ էր սկսել, բայց օգոստոսի 8-ի համաձայնությունները ավելի վստահություն են ներշնչել։
Վստահեցրեց՝ ապագայում ամերիկյան ապրանքանիշերի եւ ընկերությունների ավելի մեծ ներկայություն ենք ունենալու։
Լրագրողների դիտարկմանը՝ մտահոգություններ կան, որ ամերիկյան ընկերությունների անվան տակ Հայաստանում թուրքական եւ ադրբեջանական ընկերություններն են գործունեություն ծավալելու, Գեւորգ Պապոյանը հակադարձեց, որ Հայաստանում դեռ 2012 թվականից են թուրքական ընկերություններ գործում․ օրինակ, հագուստի մանրածախ ապրանքանիշերի ցանցում, նույնիսկ ուղղակի, ոչ թե միջնորդավորված։
«Ես ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն հարեւանների միջեւ, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով․․․ Եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանների բացումից հետո շատ նորմալ է համարում, որ Հայաստան գան թուրքական ներդրումներ, հայկական ընկերություններն էլ Թուրքիայում ներդրումներ անեն, քանի որ հակառակ պարագայում՝ կենսունակ պետություն չենք կարող ունենալ ու դրա վկայությունը մեր պետության նախորդ 30 տարվա պատմությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ