«2025թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության օրենսդրության փոփոխություններից մի կետ շատ ուղիղ անդրադառնալու է Հայաստանից ուղեւորա եւ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վրա: Դա ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ֆեդերալ օրենքի փոփոխությունն է, որն արդեն ուժի մեջ է մտել:
Հունվարի 1-ից ոչ վիզային երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նախկին տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր ՌԴ-ում գտնվելու փոխարեն այլեւս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն, 2 անգամ ժամկետը կրճատվել է »,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ խոսելով ՌԴ միգրացիոն քաղաքականության ազդեցության մասին ։
«Այս փոփոխությունը, ցավոք սրտի, վերաբերվում է նաեւ ուղեւորա- եւ բեռնափոխադրում իրականացնողներին, եւ որեւէ բացառություն արված չէ: Միանգամից ասեմ, որ սա բոլոր կատեգորիաներին է վերաբերվում, որի մեջ մտնում են, օրինակ, օդաչուները, բորտուղեկցորդները, ինքնաթիռների սպասարկող անձնակազմը, գնացքավարները եւ այլն: Բայց քանի որ մեր խնդիրը հիմա բեռնափոխադրողների հետ է կապված, դրա համար ես հիմական ուշադրությունը հրավիրում եմ հենց նրանց վրա:
Մյուս կողմից, փետրվարի 5-ին ուժի մեջ մտան Վերահսկվող անձանց ռեեստրը եւ արտաքսման ռեժիմի մասին օրենքը, համաձայն որի վարչական խախտում իրականացնողները, որոնք սահմանված ժամկետից ավել կմնան ՌԴ-ում կամ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի, ու կշարունակեն մնալ ՌԴ տարածքում, ժամկետի մեջ բուժզննում չեն անցնի, այսպիսի վարչական խախտումներ իրականացնողների համար ստեղծվել է վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ հայտնված մարդկանց բանկային հաշիվներն անմիջապես սառեցվում էին, եւ որեւէ գործարք նրանք իրականացնել չէին կարող»,-նշեց տիկին Բեժանյանը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 10-ը մարդկանց տրվում էր հնարավորություն՝ որեւէ խախտման դեպքում վերացնել այն եւ շարունակել ՌԴ-ում գտնվել օրինական հիմքերով, սակայն դրանից հետո ոստիկանությունը խստորեն ստուգում է բոլորի անձնագրերը, հաշվում, թե քանի օր են ավելի մնացել՝ իրենց օրինական թույլատրված 90 օրից: Եվ եթե անձը իր օրինական գտնվելու ժամկետից 90-180 օր ավելի է մնում, նրան սպառնում է մուտքի արգելք՝ 3 տարի ժամկետով, 180-270 օր ավել գտնվելու պարագայում՝ մուտքի արգելք 5 տարի ժամկետով:
Տեսանյութը՝ քիչ անց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ