«Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր, ոսկու շրջանառություն էր տեղի ունենում, որը հիմա չկա. դրանից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ դառնա, մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ զրո է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, էլի դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա մոտ զրո է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այդ պրոդուկտը գալիս էր Հայաստան, հետո գնում էր մեկ այլ երկիր, ինքը ֆորմալ, վիճակագրական առումով թիվ է։ Ռուսաստանի համար դա էական արդյունք է, որովհետև ինքը բան է արտահանում, Արաբական Միացյալ Էմիրաթների համար արդյունք է, որովհետև ինքը ստանում է, իսկ մեզ համար ինքը ընդամենը վիճակագրական թիվ է։ Ասենք, 1-2 հոգի մաքսային հայտարարագիր էին լրացնում, մեկ էլ Զվարթնոցից բերում էին այնտեղ Փարաքարում մի հատ տեղ կար, գողություն տեղի ունեցավ․․․մեկ էլ որոշ տեղափոխողներ կարող է իրենց եկամուտներ են ստացել, որոնք տնտեսության վրա ունեցել են զրոյին մոտ ազդեցություն։ Իրենց անձնական կյանքի վրա որոշակի ազդեցություն ունեցել են, բայց իրենք այդ մեծ շրջանառության մեջ այնքան փոքր բաներ են, որոնք որ ընդհանուր հանրային բարիքի վրա սահմանափակ ազդեցություն են ունեցել։ Կարող է մեկը դրա հետևանքով ռեստորան է բացել»,-իր պարզաբանումները ամբողջացրեց Գեւորգ Պապոյանը։
Պատճառն այն էր, որ Գեւորգ Պապոյանը փորձում էր լրագրողներին բացատրել, թե ինչո՞ւ ԱՊՀ գագաթաժողովում ՌԴ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնության չէին գալիս երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության թվի շուրջ։ ՌԴ նախագահն ասել էր՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ավելի քան 12 միլիարդ դոլարի։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ՀՀ վիճպետկոմի տվյալները, որոնք մոտ երեք միլիարդով նվազ շրջանառություն են արձանագրել:
Կարդացեք նաև
«Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է թվեր ընդունված մեթոդաբանությամբ արդեն 30 քանի տարի։ Հիմա թե որտեղ ինչպես են հաշվում, ես չեմ կարող ասել կամ որտեղ ինչ թվեր կան։ Մենք այլ բան չենք էլ կարող հրապարակել, եթե վիճակագրական ծառայությունը ասի՝ մի միլիարդ է, պիտի ասենք՝ մի միլիարդ է, ասի 11 է՝ կասենք 11 է»,-ասաց Գեւորգ Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեմայի վերաբերյալ լրագրողներին տեսակետ հայտնեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«2024-ին դեպի ՌԴ եղել է 3 միլիարդից մի փոքր ավելի, ներմուծումը՝ մոտ 9,5 միլիարդ դոլար։ Այսինքն, արտաքին առեւտրաշրջանառությունը կազմում է 12,5 միլիարդ դոլարից մի քիչ ավելի․ 9 միլիարդ որտեղի՞ց ասեց՝ չգիտեմ»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ թվերը վերցրել է ՊԵԿ արտաքին առեւտրի շրջանառության բաժնի հրապարակած պաշտոնական տեղեկանքից։
2025-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստան ներմուծումներն անցյալ տարվա համեմատ մոտ 50 տոկոսով են պակասել, արտահանումները՝ մոտ 35 եւ եթե համամասնությամբ փոխառենք այս տվյալները, Արթուր Խաչատրյանը գտնում է, որ 4 միլիարդ դոլարից ավելի կլինի։
Ինչ վերաբերվում է Գեւորգ Պապոյանի դիտարկումներին, որ ոսկու շրջանառությունը զրոյական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա, Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ դեռ 2022-ին, երբ ՀՀ իշխանությունը խոսում էր Հայաստանի տնտեսության «էպոխալ» աճի մասին, դա ՀՀ իշխանության հետ կապ չուներ, դա արդյունք էր ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների․ «2023 թվականին ասում էին՝ ոսկերչական արտադրանքը Հայաստանում 26 անգամ ավելացել է․ դա սուտ է եղել։ Այդ ստերով են տնտեսական աճ ցույց տվել։ Այսօր էլ ասում են՝ հա սուտ էր ու մոռանում են ասել, որ խաբում էին ժողովրդին։ Մյուս կողմից էլ, ասում են՝ լավ է, որ վերարտահանումները չկան, տեղական արտադրության արտահանումները շուրջ 10 տոկոսով են մեծացել։ Գիտե՞ք ինչի հաշվին․ ծխախոտի եւ վերամշակված սննդամթերքի։ Այսինքն, խոսում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, կանաչ տնտեսություն, բայց հույսը մնացել է էլի ծխախոտի ու տոմատի վրա»։
Հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը հակադարձում էր, թե ռուսական բիզնեսմենները եկել էին Հայաստան, քանի որ Հայաստանը ժողովրդավար, կոռուպցիայից զերծ երկիր էր։ Փոխառելով այդ տրամաբանությունը Արթուր Խաչատրյանն ասում է․ «Այդ մարդիկ հեռացել են, որովհետեւ Հայաստանը ժողովրդավարական չէ եւ կա կոռուպցիա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ