«ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ կառչած մնալու իրենց աթոռից։ Մեզ հետ հանդիպումներ չեն լինում, ինչ ստանձնել եմ պետնախարարի պարտականությունը, զանգերիս եւս չեն պատասխանում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա դիմեց լրագրողներին․ «Եթե առիթ ունենաք, կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեք ուղղակի, ասեք՝ 1, 2 եւ 3 անդամներից բաղկացած ընտանիքները ձեր բնակարանային ծրագրով որտեղի՞ց կարող են տուն ձեռք բերել։ Տեսեք՝ պատասխան ունե՞ն։ Հնարավո՞ր է արդյոք, Երեւանում չեմ ասում, հարակից քաղաքներում 12, 9 կամ 3 մլն դրամով բնակարան ձեռք բերել։ Կա՞ այսօր այդպիսի բնակարան, ես համենայնդեպս չեմ հանդիպել»։
Հարցին, թե ինչո՞ւ արցախցիները չեն ցանկանում սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ ձեռք բերել, որտեղ գումարի չափը մեկ անձի հաշվով 5 մլն դրամ է, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Արցախցիները տեսել են բլոկադա, տեսել են պատերազմ, եւ բարոյակա՞ն է արդյոք հայտնվելով այստեղ՝ եւս մեկ անգամ ուղղակի այդ մարդկանց տանել սահմանամերձ գոտիներ։ Սա մի կողմ դնենք, մենք գիտենք, որ աշխատաշուկան բաշխված է Երեւանում եւ հարակից արբանյակ քաղաքներում։ Այսօր տեսնում ենք, թե սահմանամերձ համայնքներում ինչպիսի արտագաղթ է տեղի ունենում։ Ի՞նչ եք կարծում՝ երբ արցախցիները տուն են ձեռք բերում սահմանամերձ պայմանական մի գյուղում, եւ այդ գյուղի բնակիչը արտագաղթում է, որեւէ հավելյալ արժեք մենք ստեղծում ենք, թե՞ ոչ։ Իհարկե, ոչ։ Եթե ռազմավարական տեսանկյունից նայենք, որեւէ հավելյալ արժեք մենք չենք ստեղծում»։
Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ իրենք առաջարկել են այլ լուծումներ, որոնք կառավարության անդամները խելացի դեմքերով ընդունել են ու ասել՝ կքննարկենք, բայց չեն քննարկել։ Նա նշեց, որ առաջիկայում նամակով դիմելու են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին՝ տեսնելու, թե ինչ արձագանք կստանան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով հարցին, թե Արցախ վերադարձի ինչ հնարավորություն են տեսնում, նա ասաց․ «Արցախցիներն ամեն օր ապրում են այն հույսով, որ լինելու է հավաքական վերադարձ։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն, մեր խնդիրը հենց դա է՝ օրակարգում ունենալը։ Իսկ որպեսզի հարցը օրակարգում ունենանք, առաջին քայլը Հայաստանում արցախցիներ պահելն է, որը կապված է սոցիալական խնդիրների հետ։ Եթե մենք կարողանանք Հայաստանում ունենալ 100-120 հազար արցախցիներ, միանշանակ միջազգային հարթակներում առաջ է գալու Արցախ վերադարձի հարցը։ Այսօրվա իշխանությունները հարատեւ չեն, վստահ եմ, կգան պետականամետ ուժեր, եւ օրակարգում կունենանք հավաքական վերադարձը»,- ասաց նա։
Հարցին, թե քանի՞ արցախցի է արտագաղթել, նա պատասխանեց․ «Վերջին տվյալներով՝ 20 հազար շեմը հատել է»։
«Հայաստանի իշխանություններն անում են այն, որ Հայաստանում արցախցի չմնա, բնակարանային ծրագիրը, այլ ծրագրերը չեն նպաստելու, որ արցախցներն ապրեն Հայաստանում»,- ասաց Իսկանդարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ