Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեծ փափագս է՝ որ այս ամբողջ նախագիծը օր մը կրնամ համերգով ներկայացնել հոս, Կոմիտասի իսկական տան մեջ»

Հոկտեմբեր 13,2025 16:01

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

– Aravot.am -ի ընթերցողները տեղյակ են, որ «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնն ավանդույթին հավատարիմ, եզրափակեց «Կոմիտասը և կոմպոզիտորական արվեստը» միջազգային գիտաժողովը, որն օրերս տեղի ունեցավ: Գիտաժողովը ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ կազմակերպել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Ձեր գլխավորությամբ գործող ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: «Կոմիտասը և կոմպոզիտորական արվեստը» միջազգային գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին վաստակաշատ երաժշտագետներ ու երիտասարդ հետազոտողներ աշխարհի 6 երկրներից` Հայաստանից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Լեհաստանից, Լիբանանից և Ուկրաինայից: Առաջին անգամ հայրենիքում զեկուցումով հանդես եկավ աշխարհահռչակ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը:

 – Այո: Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու նպատակով, մեր հրավերով և մեր անձնական խնդրանքով հեռավոր ԱՄՆ-ից Երևան էր ժամանել աշխարհահռչակ երգչուհի, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանի Երաժշտության ամբիոնի վոկալ բաժնի ղեկավար, պրոֆեսոր Իզաբել Բայրաքդարյանը:

Իզաբել Բայրաքդարյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի լավ բարեկամն է: Ասեմ, որ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ Նարե Ջիլաբոշյանը Լիբանանից, իմ գիտական ղեկավարությամբ, աշխատում է «Իզաբել Բայրաքդարյանի արվեստը» թեմայով թեկնածուական ատենախոսության վրա: Ճիշտն ասած՝ թեման ես եմ ընտրել, քանի որ գտնում եմ, որ աշխարհասփյուռ հայության տաղանդավոր ներկայացուցիչների՝ մասնավորապես արվեստի գործիչների ստեղծագործությունը մենք պետք է ուսումնասիրենք հենց նրանց կյանքի օրոք՝ դրանով իսկ է՛լ ավելի սերտացնելով նրանց կապը Մայր-Հայրենիքի հետ: Չէ՞ որ իրենց թիկունքում ունենալով Հայրենիքի զորակցությունը՝ նրանք բազմապատկված ոգևորությամբ են շարունակում իրենց արդյունաշատ գործունեությունը օտար ափերում:

Երևի թե Ձեր ու մեր ընթերցողներին զարմացնի այս փաստը, քանի որ մենք բոլորս Իզաբել Բայրաքդարյանին ճանաչում ենք որպես հռչակավոր երգչուհու, ով հավասարապես հանդես է գալիս թե՛ որպես օպերային երգչուհի և թե՛ որպես կամերային երգչուհի: Հավատարիմ իր հայկական արմատներին՝ նա նաև հայ երաժշտության նուրբ մեկնաբան է:

Նա նաև հմուտ մանկավարժ է և Սանտա Բարբարայի համալսարանում իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում սկսնակ երգիչ-երգչուհիներին: Երևանյան ունկնդիրը Բայրաքդարյանի կատարողական արվեստին առաջին անգամ ծանոթացավ ավելի քան 20 տարի առաջ՝ 2004 թվականի ապրիլի 20-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տեղի ունեցավ նրա դեբյուտը հայրենիքում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նրա կատարմամբ ու ՀՊՖՀ ընկերակցությամբ հնչեցին Շամիրամի կավատինան Ռոսինիի համանուն օպերայից, Արիան Մոցարտի «Հովիվ թագավորը» օպերայից և Ռոզինայի կավատինան Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից։ Իսկ 2005 թվականի մայիսի 25-ին և 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայացավ Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայի համերգային կատարումը: Մենակատարն էր Իզաբել Բայրաքդարյանը…

Համաշխարհային օպերաների սոպրանոների դերերգերի ու կամերային ստեղծագործությունների կողքին Իզաբել Բայրաքդարյանի երգացանկում կարևոր տեղ է գրավում հայ երաժշտությունը, մասնավորապես՝ հոգևոր երաժշտությունը։ Նա մի կողմից՝ հանրահռչակում է հայ երաժշտությունը, իսկ մյուս կողմից՝ նպաստում հայապահպանության հույժ կարևոր գործին: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավում Կոմիտասի մեներգերը:

Իր հարցազրույցներից մեկում Բայրաքդարյանը նշել է․ «Երբ ես առաջին անգամ ձեռնամուխ եղա Կոմիտասի երաժշտությունը ձայնագրելուն, քչերը գիտեին նրա անունը, կամ նույնիսկ կարող էին այն ճիշտ արտասանել: Սակայն երբ լսեցին երաժշտությունը, նրանք անմիջապես սիրահարվեցին դրան: Այնուհետև ես և Սերոժը Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացրեցինք Ռավելի, Լիստի, Բրամսի և այլ ֆրանսիացի և իսպանացի կոմպոզիտորների երաժշտության հետ համադրությամբ: Սակայն, չնայած այդ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների հարուստ խառնուրդին, հանդիսատեսը առավելապես գրավվեց Կոմիտասի երաժշտությամբ»:

Եվ ահա հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև դոկտոր Բայրաքդարյանի ծավալած հետազոտական գործունեությունը, մենք նրան հրավիրեցինք մեր գիտաժողովին:

Իզաբել Բայրաքդարյանն առաջին անգամ էր հայրենիքում մասնակցում գիտաժողովի աշխատանքների: Իր գիտական գործունեության ընթացքում, հասկանալի է, առաջինն անգամ նա զեկուցեց իր մայրենի լեզվով՝ հայերեն և ներկայացրեց «Մանկական երգեր՝ փոխանցված նախնիներից. Կոմիտաս, Թումաճան, Կանաչյան» բանախոսությունը:

Նրա համոզմամբ՝ մանկական օրորոցայիններն ու երգերը, որ հասել են մեզ մեր նախնիներից, յուրատեսակ կախարդական ուժ ունեն։ Դրանք կենսական կապեր են անցյալի հետ, բացահայտումներ ինքնության մասին և վերականգնման ու մխիթարության աղբյուրներ՝ միաժամանակ կամուրջ հանդիսանալով անցյալի և ապագայի միջև։ Երգերի այս շարքը, որ նա ուսումնասիրել էր և ներկայացրեց, մոռացության մատնված հայկական մանկական երգեր և աղոթքներ, գալիս են պատմական Հայաստանի տարբեր շրջաններից (որտեղից սերում են իր նախնիները), Միջին Արևելքում ձևավորված հայկական սփյուռքից (որտեղ ինքը ծնվել է), ինչպես նաև այսօրվա Հայաստանից։ Նշված երգերը մեզ են հասել Կոմիտաս Վարդապետի և նրա սաներ Միհրան Թումաճանի և Բարսեղ Կանաչյանի շնորհիվ։ Դրանց թվում են Հայոց ցեղասպանությունից վերապրածներից գրի առնված երգեր՝ այն մայրերի ու հայրերի, որոնք ծնվել ու մեծացել էին իրենց հայրենի հողում, դեռ մանուկ հասակում լսել և սովորել այդ երգերը և երգել դրանք իրենց երեխաներին՝ մինչև հայրենազրկվելն ու աշխարհով մեկ տարածվելը։

Այժմ Իզաբել Բայրաքդարյանն աշխատում է ծավալուն նախագծի վրա, որի նպատակն է լսարանին ներկայացնել այս հազվագյուտ երգերը՝ ինչպես երեխաներին, այնպես էլ հոգով դեռ երեխա մնացածներին՝ հոգու արթնացման և բժշկման, ինչպես նաև պատմության, երաժշտության և արվեստի պահպանման համար։ Միևնույն ժամանակ, այս ծրագիրը նպատակ ունի նորից ձայն տալու մեր նախնիներին, որոնց ձայնը վաղաժամ ու բռնի լռեցվեց՝ իրենց ազգության, էթնիկ և կրոնական պատկանելության համար։ Երգերը կներկայացվեն նորովի, հատուկ պատվերով ստեղծված գործիքային մշակումներով՝ Արթուր Ավանեսովի և Ջոն Հոդիանի կողմից՝ գրված ձայնի, տավիղի, ֆլեյտայի և դուդուկի համար։

Ավարտելով իր հետաքրքիր բանախոսությունը՝ Բայրաքդարյանը նշեց. «Իմ մեծ փափագս է՝ որ այս ամբողջ նախագիծը օր մը կրնամ համերգով ներկայացնել հոս, Կոմիտասի իսկական տան մեջ»։

Ուրախությամբ նշենք, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանի հետ, որպեսզի 2026 թվականին Կոմիտաս գիտաժողով-փառատոնի շրջանակներում Իզաբել Բայրաքդարյանը համերգային ծրագրով ներկայացնի իր աշխատանքը, որից մի պատառիկ լսեցինք մենք՝ բանախոսության ընթացքում:

Մեզ մնում է հաջողություն մաղթել մեր տաղանդավոր աշխարհահռչակ հայրենակցուհուն՝ իր բազմակողմանի ու բազմարդյուն գործունեության մեջ և սպասել նրա հետագա ելույթներին Երևանում:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031